Tert.am-ը գրում է.

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած  աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը  պատասխանատու բոլոր կառույցներին հանձնարարել է կարճ ժամկետում ավարտել բոլոր աշխատանքներն ու հավուր պատշաճի նախապատրաստվել նոր ուսումնական տարվան, տեղեկացնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Ըստ այդմ, հանձնարարվել է կրթօջախների հարակից տարածքների մաքրման և բարեկարգման նպատակով կազմակերպել շաբաթօրյակներ, ինչպես նաև գույքագրել ու ճանապարհային ոստիկանության հետ համատեղ դպրոցների հարակից տարածքներում կատարել համապատասխան գծանշումներ:

Հանրակրթության վարչության պետին էլ հանձնարարվել է ձեռնարկել համապատասխան քայլեր՝ քաղաքապետարանի ենթակայության դպրոցների տարրական դասարանների բոլոր աշակերտներին անվճար դասագրքերով ապահովելու ուղղությամբ:

Հաշվի առնելով սեպտեմբերի հատկապես առաջին օրերին տրանսպորտի գերբեռնված աշխատանքը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է համապատասխան քայլեր ձեռնարկել հասարակական տրանսպորտի կանոնավոր աշխատանքի ապահովման ու քաղաքացիների պատշաճ ուղևորափոխադրում իրականացնելու ուղղությամբ:

Նոր ուսումնական տարին բարձր մակարդակով դիմավորելու և երեխաների անվտանգությունն ապահովելու նպատակով սեպտեմբերի 1-ից 30-ը ճանապարհային ոստիկանության հետ համատեղ կհայտարարվի անվտանգ երթևեկության միամսյակ և կրթօջախների հարակից տարածքներում ուժեղացված հսկողություն կսահմանվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել