Երկրի համաչափ զարգացման համար մարզային ենթակառուցվածքները, մասնավորապես ճանապարհները շատ մեծ նշանակություն ունեն, քանի որ դրանք կապում են մարզային համայնքները մի կողմից մայրաքաղաքի, իսկ մյուս կողմից՝ միմյանց հետ:
Սա շատ կարևոր է, քանզի այդ ճանապարհների առկայությունը թույլ է տալիս ներդրումներ ներգրավել մարզային համայնքներում, իսկ առանց ճանապարհային ենթակառուցվածքների շատ բարդ է դառնում այդ պրոցեսը՝ մի կողմից գործունեության ռիսկայնությամբ պայմանավորված, մյուս կողմից էլ նախագծերի անարդյունավետությամբ, քանի որ ճանապարհների բացակայության կամ անմխիթար վիճակում լինելով պայմանավորված՝ ձեռնարկությունների մեքենասարքավորումների մաշվածությունը փաստացի գերազանցում է ամորտիզացիոն հատկացումները, ինչը մեծացնում է նրանց ծախսերը:
Այս և մի շարք այլ խնդիրները տեղում գնահատելու համար նախորդ շաբաթվա վերջին վարչապետը մի շարք աշխատանքային այցեր է կատարել ՀՀ մարզեր: Այցի ընացքում նա մեծ ուշադրություն դարձրեց հենց մարզերի ենթակառուցվածքային ճանապարհաշինարարական աշխատանքներին և նշեց, որ միայն այս տարի ՀԲ-ի հետ համագործակցությամբ 30 մլն. դոլարի ճանապարհաշինարարական աշխատանքներ են իրականացվում մարզերում:
Վերոնշվածով ևս մեկ անգամ կարևորվում է մարզերի ենթակառուցվածքային ճանապարհաշինարարական աշխատանքների իրականացումը, որը, սակայն, պետք է լրջորեն վերահսկվի, որպեսզի անորակ աշխատանքների պատճառով նորից նույն խնդրի առաջ չկագնենք: