1439793953_6ԱՄՆ-ում ընտրվել է գիտնականների միջազգային թիմ` Մարս թռչելու պայմանների նմանակման նոր փորձին մասնակցելու համար:

Ինչպես հայտնել է ՆԱՍԱ-ն, 6 կամավորներ (մինչև 30 տարեկան 3 կին և 3 տղամարդ) 365 օր կապրեն Հավայան կղզիներում քնած հրաբուխ Մաուն-Լոաի լանջին` արտաքին աշխարհից լրիվ մեկուսացած, ինչը հեռակա կերպով հիշեցնում է Կարմիր մոլորակի բնապատկերը:

Կազմակերպիչները հույս ունեն, որ փորձը կօգնի նախապատրաստել առաջին մարդու թռիչքը Մարս, ինչը ԱՄՆ տիեզերական գործակալությունը նախատեսում է իրականացնել 2030-ական թթ.: Մասնավորապես, կուսումնասիրվեն բժշկական և հոգեբանական խնդիրները, ինչին կարող է բախվել Մարս ուղևորվող տիեզերանավի անձնակազմը:

Այդ նպատակով փորձի մասնակիցները պետք է իրականացնեն գիտահետազոտական չափազանց բարդ ծրագիր՝ այդ ընթացքում անընդհատ լինելով մասնագետների հսկողության տակ: Գիտնականները նրանց կհետևեն համալիրի ներսում տեղադրված հեռուստախցիկների միջոցով, ինչպես նաև տարբեր տվիչների, որոնք կամրացվեն մասնակիցների մարմիններին: Վերջիններս կարող են համալիրից դուրս գալ միայն տիեզերագնացների կոստյումներով:

Անձնակազմի ղեկավարը ամերիկուհի Քարմել Ջոնսոնն է, ում հետ փորձին կմասնակցեն ԱՄՆ-ից և Եվրոպայից երիտասարդ գիտնականներ, այդ թվում՝ ֆիզիկոս, ինժեներ, կենսաբան, բժիշկ և ճարտարապետ, ովքեր երազում են Մարսի վրա նախագծել մշտական գիտահետազոտական և բնակելի համալիրներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել