Tert.am-ը գրում է.
Տևականության առումով այս տարի Հայաստանում շոգերն աննախադեպ են. օդերևութաբանական պատմության մեջ Հայաստանում վերջին 170 տարիների ընթացքում նման տևական շոգեր չեն եղել, Tert.am–ի հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Ըստ նրա՝ օգոստոսի 12-16-ին Արարատյան դաշտում և Երևանում օդի ջերմաստիճանը կայուն տատանվել է +40...+41 աստիճանի սահմաններում, իսկ օգոստոսի 15-ին Երևան Արաբկիր օդերևութաբանական կայանում գրանցվել է +41,4, իսկ օգոստոսի 16-ին Արարատում +41,8 աստիճան տաքություն: Օդի օրական միջին ջերմաստիճանը վերջին 5 օրերին նորմայից բարձր է 5-7 աստիճանով:
«Ինչպես կանխատեսվել էր այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կնվազի 1-2 աստիճանով, Երևանում տատանվելով +37...+39 աստիճանի սահմաններում, օգոստոսի 19-20-ին այն նույնքանով կբարձրանա սպասվում է մինչև +40 աստիճան տաքություն: Սակայն Օգոստոսի 21-22-ին հյուսիս-արևմուտքից հանրապետության տարածք կներթափանցեն ցուրտ օդային զանգվածներ ինչի արդյունքում ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով և ամսի 22-ին մայրաքաղաքում չի գերազանցի +33...+34 աստիճանը»,– ասաց նա:



