«Լևոն Սեդրակի Տոնապետյանը ծնված է 1918թ.:

Գվարդիայի լետենանտ, 53-րդ գվարդիական տանկային բրիգադի մոտոհրաձգային գնդացրային գումարտակի հետախուզական դասակի հրամանատար, Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի շքանշանով պարգևատրվում է վեցերորդ գվարդիական տանկային կորպուսի հրամանատարի 1943թ. հոկտեմբերի 23-ի հրամանով: Շքանշանը համարվում է չհանձնված: Հաշվառման քարտի վրա գրված է զոհված»:

Սա քաղվածք է ՍՍՀՄ պաշտպանության միասնության կադրերի գլխավոր վարչության այն պատասխանից, որ ուղարկվել է հանրապետության զինվորական կոմիսարիատի հարցման առթիվ: Եվ ահա օրերս՝ ավելի քան 30 տարի անց, Լևոն Սեդրակովիչին հանձնեցին պարգևը:

1943թ. հոկտեմբերն էր: Խորհրդային զորքերը գետանցում էին Դնեպրը: Այստեղ Ուկրանիայի հենց սրտում լուծվում էր հետագա հարձակման բախտը: Այդ մարտական բարդ գործողությանը մասնակցում էր նաև 53-րդ գվարդիական տանկային բրիգադը, որի կազմում կռվում էր լետենանտ Լևոն Տոնապետյանը:

Հետախուզելով հակառակորդի ուժերը և նրա դասավորությունը Կիևի մարզի Թամանի շրջանի Պոլոգի և Յաչենկի գյուղերում՝ Տոնապետյանն իր դասակով կտրում է ֆաշիստների նահանջի ճանապարհը՝ այդ մասին հաղորդելով շտաբին: Հետախուզների համարձակության և օպերատիվության շնորհիվ գումարտակը երկու գյուղերը գրավում է ընդամենը 40 րոպեում: Ինքը՝ լեյտենանտը, մարտում ոչնչացնում է հակառակորդի մի քանի զինվոր ու ապա գրավում ռադիոմեքենան:

Նրա այդ սխրանքն էլ նշվել է բարձր պարգևով, որը, սակայն, իր տեղը գտավ ավելի քան 30 տարի հետո:

Մի քանի օր անց Տոնապետյանին առաջարկվեց հետախուզության ջոկի հետ անցնել Դնեպրը և գետի աջ ափին դիրք գրավել Կանև քաղաքի շրջանում: Մարտում նա ծանր վիրավորվեց և չվերադարձավ զորամաս, որտեղ մյուս հետախույզ հերոսների հետ միասին նրան զոհված էին համարել:

Ճակատային հոսպիտալներից մեկում ապաքինվելուց հետո Տոնապետյանը վերադառնում է շարք: Պատերազմի տագնապալի ճանապարհները նրան տանում են հյուսիս՝ մերձբալթյան երրորդ ռազմաճակատ:

Այնտեղ նա գրանցվում է 56-րդ հրաձգային դիվիզիայի 184-րդ հրաձգային գնդի կազմում և կրկին գլխավորում հետախուզության դասակը:

1944թ. հոկտեմբերին Ռիգայի մոտակայքում մարտական առաջադրանքը կատարելուց լետենանտ Տոնապետյանը լուրջ վերք է ստանում: Բժիշկները ստիպված են լինում անդամահատել ոտքը: Ցուցաբերած արիության համար 1944թ. հոկտեմբերի 31-ին նա հրամանատարության հրամանով պարգևատրվում է կարմիր դրոշի շքանշանով:

Այդ սխրանքով եզրափակվում է հերոսի ռազմաճակատային կենսագրությունը, որն սկսվել էր 1939թ. ֆիննական ճակատից: Լևոն Տոնապետյանը վերադառնում է տուն՝ Թալինի շրջանի Վերին Սասնաշեն գյուղ: Այժմ նա կենսաթոշակառու է։

Պատմում է Շուշիկ Տոնապետյանը

Զրուցեց Դիանա Մանուկյանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել