Այս հոդվածը առիթ հանդիսացավ, որպեսզի մի քանի մտքեր գրեմ, որոնց մասին ահագին ժամանակ է՝ մտածում եմ։
Ժամանակակից աշխարհը գիտության, տեխնիկայի ու առաջավոր տեխնոլոգիաների վրա հիմնված աշխարհ է։ Երկիրը հզոր է, եթե այս նշածս բաղադիչներն այդ երկրում զարգացած են և գտնվում են միջազգային միջին մակարդակների վրա ու ավելի բարձր։ ԱՄՆ, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ճապոնիա, Ֆրանսիա և մի շարք համեմատաբար փոքր երկրներ իրոք դարձել են գիտության ու տեխնոլոգիաների արտադրության հզոր կենտրոններ։ Ահա այդ երկրներն էլ իրենց այդ բարձր մակարդակի ցուցանիշները պահելու և առավել զարգացնելու համար ողջ աշխարհից հավաքում են խելոք ու բանիմաց երիտասարդ մասնագետներին։
Նման մասնագետների գրավմամբ առաջին տեղում ԱՄՆ-ն է։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հիմնարար գիտությունների զարգացման գլխավոր կենտրոնը Գերմանիայից տեղափոխվեց ԱՄՆ, և ԱՄՆ-ն այսօր ինտենսիվորեն հավաքում է ողջ երկրագնդի ուղեղային սերուցքը։ Որևէ այլ երկիր իր գիտա-տեխնիկական մակարդակով չի կարողանա տեսանելի ապագայում մրցել ԱՄՆ-ի հետ, որովհետև նրա այդ ճյուղերը համալրվում են աշխարհի ողջ բնակչության ամենալավ մասնագետներով։ ԱՄՆ համապատասխան օղակները գրավում ու տանում են երկրագնդի, կարելի է ասել, ողջ ուղեղային ռեսուրսները։ Ուղեղների արտահոսքը կործանարար է անդրադառնում հատկապես տարածապես փոքր և թույլ զարգացած տնտեսություն ունեցող երկրների համար։ Եթե Չինաստանը, Հնդկաստանը կամ Ռուսաստանն իր տնտեսության գիտատար ճյուղերի համար ընտրություն է կատարում հիմնականում իր երկրի բնակչությունից, ապա ԱՄՆ-ն այդ ընտրությունը կատարում է երկրագնդի ողջ մարդկությունից։ Ակնհայտ է, որ նրա առավելությունն այս ասպարեզում պիտի որ մնացածին գերազանցի համարյա այնքան անգամ, որքան անգամ երկրագնդի բնակչությունը գերազանցում է առանձին վերցրած որևէ երկրի բնակչությանը։
Տարածքային ինտերվենցիաները երկրների համար այլևս հզորության երաշխիքներ ու հայտանիշներ չեն։ Նրանք իրենց տեղը զիջել են ուղեղային ինտերվենցիաներին, երբ պայքարը գնում է լավագույն մասնագետին գրավելու ու գրավող երկրի կարիքների համար աշխատեցնելու համար։
Հզորները կարողացել են աշխարհում այնպիսի մի աշխարհակարգ սահմանել, որն իրենց թույլ է տալիս հանքա-հումքային բնական ռեսուրսներին համահավասար ուղեղային ռեսուրսները ևս թալանել ու տանել։
Սա նշանակում է, որ հարուստն ավելի կհարաստանա, իսկ աղքատն էլ էլ ավելի կաղքատանա։ Պրոցես, որի ականատեսն ու մասնակիցն ենք մենք՝ այսօր ապրող սերունդներս։