Այս պրոյեկտը հիմնված է գույների տեսողական միախառնման երևույթի վրա, որն ամենավառ կերպով դրսևորվում է գեղանկարչության մեջ պուանտիլիզմի (pointillism - ֆրանսերեն.՝ կետայնացում) ոճում։ Այսինքն՝ երբ իրար շատ մոտ դրված տարբեր գույնի կետերը միասին ստեղծում են մեկ այլ գույնի տեսողական խաբկանք։ 

Հանձնարարության նպատակը գույների տեսողական միախառնման յուրացումն է։ Հանձնարարված էր ընտրել որևէ նկար՝ լուսանկար կամ գեղանկար, և արտանկարել այն պուանտիլիստական ոճով, այսինքն՝ միայն կետերով, ոչ մի գիծ։ Նկարելիս չէինք կարող օգտագործել սև գույնը, ինչպես նաև երրորդական գույները, այսինքն՝ միայն հիմնական (կարմիր, կապույտ, դեղին) և երկրորդական (կանաչ, նարնջագույն, մանուշակագույն)։ Մնացած գույներն ու երանգները պետք է ստանայինք տեսողական միախառնման միջոցով։ Բայց ես բացի հիմնական գույներից, մեկ էլ կանաչ եմ օգտագործել։ Մնացածը փորձել եմ ստանալ նշածս մեթոդով։ 

Ճիշտն ասած՝ էս պրոյեկտին սպասում էի դեռ մի տարի առաջվանից, երբ նույն դասախոսի մոտ երկչափ դիզայն էի անցնում։ Մի օր մոտը պատահաբար տեսել էի գույների տեսության իր խմբի հանձնարարությունները. հենց պուանտիլիզմի պրոյեկտն էր։ Էնքան հավես թվաց, որ էդ օրվանից անհամբեր սպասում էի, թե երբ եմ գույների տեսություն անցնելու։ Ու հիմա, երբ նյութն անցանք, էնպիսի ոգևորությամբ լծվեցի գործի, որ մտածում էի՝ երկու օրինակ կանեմ։ Հավեսն, իհարկե, հավես էր, բայց միանգամից հասկացա, որ երկու օրինակ անելը հեչ ռեալ չի։ Դու մի ասա՝ էդ պուճուրիկ, անմեղիկ կետիկներն, էդքան պարզ լինելով հանդերձ, էնքան ժամանակատար են, որ էլ դու սուս։ Դե, ես էլ, բնավորությանս համաձայն, ամենայն մանրակրկտությամբ, փոքրիկ–փոքրիկ ու կանոնավոր կետիկներ դնելով, կրիայի քայլերով էի առաջ գնում։ Հետո զգացի, որ էդ մանրակրկտությունն էնքան էլ տեղին չի, սկսեցի ավելի համարձակ «կետադրել» :))) Ու համոզվեցի, որ առնվազն տվյալ դեպքում դրանից աշխատանքը հեչ էլ չի տուժում։ Սկզբում նույնիսկ թվում էր, թե չեմ հասցնի, բայց քանի որ հավեսս տեղն էր, ու վերջին մի շաբաթվա ընթացքում լրիվ էս պրոյեկտով էի տարված, ամեն օր մի երկու ժամ դրան նվիրելով՝ էսօր վերջապես պրծա՝ մինչև հանձնելս դեռ մի շաբաթից ավել ժամանակ ունենալով։ :)

Արտանկարել եմ ինձ դուր եկած մի լուսանկարից։ Ճիշտն ասած՝ չէր պահանջվում, ու ես ինքս էլ նպատակ չէի դրել ամենայն ճշգրտությամբ վերարտադրելու տվյալ նկարը. կարևորը՝ գույներն էին ու ռեալիստական պատկեր ստանալը, թեև նկարածս բավական մոտ է ստացվել բնօրինակին։ Եվ այսպես, կարելի է ասել, ակամա նկարեցի իմ առաջին գեղանկարը։ :))) Ի դեպ, նկարելիս մտածում էի, թե դիմանկարի համեմատ ինչքան հեշտ է բնանկար նկարելը։ Լավ է, որ ես, փաստորեն, ամենադժվարից էի սկսել։ :))) Իհարկե, պարզ է, որ բնանկարը, գեղանկարն էլ իր հերթին, առանձին դժվարություններ ունի։ Հուսով եմ՝ սրանից հետո վերջապես կսկսեմ գեղանկարներ էլ անել։ Ես էլ չեմ հասկանում, թե ինչու մինչև հիմա չեմ արել, թեև միշտ ցանկացել եմ։

Լավ, շատ խոսեցի, էս էլ պուանտիլիստական գեղանկարս:
Հ. Գ. Ի դեպ, նկարելիս համոզվեցի նաև, որ պուանտիլիզմն ամեն դեպքում իրեն չարդարացնող գեղանկարչական ուղղություն է։ Էդքան ջանք ու ժամանակ, որ ծախսվում է մի պուանտիլիստական գեղանկարի վրա, կարելի է օգտագործել ավանդական ոճով նկարելու վրա ու բազմաթիվ նկարներ անել։ Ճիշտ է, էդ ոճով ստեղծված գեղանկարն իր ուրույն գրավչությունն ունի, բայց այն, ըստ իս, էնքան չկա, որ վրան էդքան ժամանակ ծախսես։ Չեմ կարող համոզված ասել, բայց ես դժվար թե նորից էս ոճով նկարեմ, թեև չեմ բացառում, որ մեկ–մեկ հավեսս տա։ Ինչևէ, կապրենք, կտեսնենք։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել