Ցանկացած քաղաքական ուժ պիտի ունենա հետևյալ 4 հարցերի կոնկրետ, հստակ ու հասարակ մարդուն հասանելի պատասխանները:
1. Ինչպիսի՞ երկիր ենք ուզում կառուցել և ի՞նչ նպատակով:
2. Ինչպե՞ս պիտի այն կառուցենք:
3. Կոնկրետ որ անելիքը ո՞վ/ովքե՞ր պիտի անեն:
4. Ի՞նչ պատասխանատվություն են կրելու այդ մարդիկ ձախողելու դեպքում:
Առաջին հարցը կարծես 2 հարց լինի, բայց մեկի պատասխանն առանց մյուսի լիարիժեք չի լինի, դրա համար միացրել եմ իրար:
Երկրորդ հարցի վերաբերյալ պիտի սահմանվեն կոնկրետ անելիքներ, ոչ թե վերացական բառեր, և հիմնավորվեն, թե կոնկրետ տվյալ անելիքն ինչին կնպաստի:
Երրորդ հարցի պատասխանը պիտի ներառի կոնկրետ մարդկանց անուններ, կոնկրետ թիմ, և ով ինչի համար է պատասխանատու: Նաև պիտի սահմանվեն չափորոշիչներ, թե կոնկրետ տվյալ մարդն ինչ ունակություններ ու փորձ ունի, որոնց հիման վրա պիտի իրականացնի տվայլ գործը:
Չորրորդ հարցը թե՛ օրենսդրական է, թե՛ բարոյական: Պիտի սահմանվի, թե կոնկրետ պաշտոնյան իր պարտականություններն այս կամ այն չափ ձախողելու կամ անձնական շահի համար օգտագործելու համար ինչպիսի՞ պատիժ պիտի կրի:
Եվ սա դեռ քիչ է: Այս ամենը պիտի այնպես ներկայացնել, այնպիսի մեխանիզմների մեջ տեղավորել, որ ժողովուրդը վստահի ու գնա տվյալ քաղաքական ուժի հետևից:
Հայաստանում երբեք նման քաղաքական ուժ չի եղել, ոչ դիմադիր, ոչ էլ ընդդիմադիր դաշտում: Դրանով իսկ նրանք իրար շատ նման են: Հիմա մեր ընդդիմադիր քաղաքական ուժերը, այս ամենը չունենալով հանդերձ, ի՞նչ են ակնկալում: Գան իշխանության, որ ի՞նչ անեն. որ իրենք դառնան նույն պատուհասը, ինչ որ ներկաներն ե՞ն: Շնորհակալ ենք, ձեզ պահեք ձեր արջի ծառայությունները:
Եթե որևէ ուժ կասի, թե ունի այս հարցերի պատասխանները, թող կոխի աչքս, ես միայն շնորհակալ կլինեմ: Մենակ թե վերացական լոլոներ չլինեն:
Էսօր նույնիսկ քաղաքացիական շարժումներն են սկսել խորհել այս 4 հարցերի շուրջ, իսկ քաղաքական ուժերը դեռ էշի ականջում քնած են: Վերջը մանկապարտեզը պիտի կարողանա՞ք ավարտել, թե՞ էլի լիկվիդ եք մնալու:
Մի հատ թափ տվեք ձեզ: Եթե հասկացաք՝ ինչի մասին էր խոսքը, ուրեմն անցնենք գործի, եթե չէ, ուրեմն գնացեք ձեր տներով:
Իշխանություն քֆրտելով՝ ես էլ կարամ մի երկու օր ժողովրդին փողոցում պահել, բայց դա չի կոչվում ընդդիմություն:
Լրջացեք վերջապես:
Հ.Գ. Կամաց-կամաց նշմարվում են մի երկու, երեք քաղաքական ուժ, որոնք սկսում են այս հարցերի պատասխանները ձևավորել: Բայց դեռ չեմ ուզում շտապել գնահատականներում...