Հայ կինը… Տարիներ առաջ էր, – այն լեռնային գյուղում էինք, որտեղից է մայրս – ալաշկերտյան նախնիներիս սերունդներն են: Առողջագետին ու ինձ կանչեցին մի հիվանդի մոտ. «Խարս լավ չէ՜…»: Գնացինք – հատակին, կարպետի վրա նստած էր «խարսը» – գունատ, անխնամ երիտասարդ մի կին… Շուրջը նայում էր վախվորած – այդպես կենդանիներն են նայում, երբ անակնկալ հարվածի են սպասում: Ամուսինը – սև կաշվե կիսավերարկու հագած, լիքը երեսը` սև խոզան, աչքերը` կարմրած ու նեղ, փնչում է` որձ գոմեշի նման – նոր է խոպանից եկել: Խեղճ երիտասարդ կնոջ վզին են եղել երեք երեխա, սկեսուրն ու սկեսրայրը, անասունները, հողը, ջուրը… Բոլորը պահանջել են, բոլորը հրամայել են ու նվաստացրել: Եվ ահա` նյարդերը հյուծված, ջնջխված – նստած է հատակին ու հիվանդ երինջի նման` շուրջն է նայում:
Հայ կինը… Այո՜, նա իր արի նախնիներից շատ բան է պահպանել, նա տղամարդու հետ հավասար ու ավելի վեր կանգնելու արժանիք ունի, կին ու մայր լինելու ուժ ունի իր մեջ… Անահտական մեհյանների երբեմնի քրմուհին դարերի մեջ չի կորցրել իր գաղտնիքն ու հմայքը: Բայց վերջին տասնամյակներին հայ կանացի սկիզբը նահանջում է… Պատճառները շատ են…
Սրտիս մեջ, թե բանականության – վերջին տարիներին միշտ մի հարց է հնչել` ինչպե՞ս հայ կանացիությունը կրթել, բարձրացնել … Եվ մի երազ ասեմ, մի իղձ ասեմ – միշտ կա աչքիս առջև. մանուկ հասակից ու դպրոցում հայ աղջկան հագցնել ոսկեկար հագուստներ, նախ հանձնել մեր պարին ու երգին, լեզվին ու բանաստեղծությանը, սովորեցնել մեր օրորոցայինները, ապա նրան հասցնել մարդկության մշակույթը – դպրոցի 12 տարում կրթել նրան, սիրտը մշակել, հոգին բարձրացնել – և ստանալ հայ կանացի սկզբի մի նոր սերունդ… Ահա այդ սերունդը կգար ու տիրություն կաներ մեզ, մեր ընտանիքներին, մեր պետությանը…
Իսկ դուք կարծում եք, թե կա՞ մի այլ ճանապարհ - առողջ ազգ ու պետություն դառնալու համար: Աղջիկներին ու կանանց խնամեք - կուսակցախաղերին և ընտրախաղերին մասնակցելու փոխարեն...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/levon.drnoyan/posts/3493367433419
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել