Այս դարում, երբ կեանքի դժուարութիւնները ստիպում են մարդկանց շատ աշխատել, յաճախ նաեւ ստեղծում են դաժան հեռավորութիւն իրենց բարեկամների ու հարազատների միջեւ, ու արդիւնքում հետզհետէ կարծէս թէ թուլանում են բարեկամական կապերը:
Բայց տարուայ մէջ գոյութիւն ունեն մի քանի օրեր, երբ գրեթէ բոլորը հաւաքւում են իրենց ծննդավայրերում, հայրենի օջախներում, ու նշում Նոր Տարին: Այցելում են իրենց բարեկամներին, կարոտներն առնում, քեֆ-ուրախութիւններ կազմակերպում, ու դրական լիցքերով մտնում նոր տարի:
Այս տարի ձմեռը շուտ էր սկսել Զանգեզուրում, դեռեւս աշնան վերջերին առատ ձիւն էր դրել: Սակայն դեկտեմբերի 31-ին գարնանային եղանակ էր:
Եւ ի ուրախութիւն շատերի, հունվարի 3-ին սկսեց ձիւն տեղալ, ու մի քանի ժամուայ մէջ Գորիս քաղաքն ամբողջովին ճերմակեց:
Իսկ դա արդէն նշան էր մի արկածախնդրութեան, որ միաժամանակ անցնում է շատ գորիսեցիների մտքով․ «-Տեսնաս ուրուգունը ամալ ա՞ կեալու «սանկա» քիշենք:»
Հէնց այս գաղափարի հնարավորութիւններն էինք քննարկում մորաքրոջս տղայի հետ, երբ քեռուս տղան Վերիշենից զանգեց․
- Ապի, էսօր քիշերը աչքիս տուս ենք կեալու, հը՞, հի՞նչ կասես:
- Բայց կը փռնի՞: Կը հսցնի՞ էդքան նստի ծունը:
- Ա բա հինչ կանի, սանկան հանալ ենք, մհեկ սանկավ ենք օզում քշանանք:
- Չէ լո՞ւրջ:
- Հա, հա․․․․
Պայմանավորուեցինք: Էդ օրը բարեկամներով հաւաքուել էինք մեր տանը:
Դեռեւս 10-15 տարի առաջ, երբ քաղաքում սահնակ քշելու համար պիտանի ձիւն էր տեղում, գրեթէ ողջ բնակչութիւնը դուրս էր գալիս, ու սահնակ քշում քաղաքի գլխավոր փողոցներով, կազմակերպւում էր տարբեր մրցութիւններ, նոյնիսկ մրցանականեր էին սահմանւում․․․․ քաղաքում բաւականին շատ էին ձնեմարդները, կային յատուկ փողոցներ, որոնք լաւ «դիքի» համբաւ ունեին, յաճախ այն պատճառով ուշ էր այնտեղ հալում ձիւնը: Երբէմն այդտեղ էին հաւաքում ամէմահեռավոր թաղամասերից:
Մեքենաների շատացման, ու երեւի համացանցի զարգացման հետ զուգընթաց, մարեց այդ սովորոյթը, ու այսօր հատուկենտ մարդիկ են լինում, երբ դուրս են գալիս սահնակ քշելու:
Մենք ապահովութեան համար պայմանավորուեցինք ուշ դուրս գալ:
Ունեինք երեք դարագոն, մէկը լրացուցիչ տախտակով 4 տեղանի դարձրինք, միւսը 3 հոգու համար, իսկ երրորդը 2.5 տեղանի: Դժուար էր, որովհետեւ մենք 10 հոգի էինք: Ու հէնց այդ 2.5 անոց սահնակը, որի վրայ նաեւ ես էի տեղավորուել, նեղուածութեան պատճառով մի քանի անգամ վթարի ենթարկուեց:
4- տեղանի «Դարագոն», արտադրուած է Գորիսում, 1989թ: Քաղաքային, թաղային առաջնութիւների բազմաթիւ մրցանակների դափնեկիր:
Գրեթէ իւրաքանչիւր գորիսեցու տան նկուղում կան նման սահնակներ, հանդիպում են մինչեւ իսկ 10 տեղանի սահնակներ: Հէնց այստեղից էլ ծագել է դարագոն բառը, ռուսերէն դրակոն բառից:
Լաւ անցնենք մեր ճամփորդութեանը:
Պայմանավորուել էինք բարձրանալ Վերիշեն ու առաջին սահքը մէկնարկել այնտեղից: Տնից դուրս եկանք: Շուրջ 3կմ ճանապարհ էր մեր տնից Վերիշեն հեռավորութիւնը:
Մոտ 12.30-ի կողմերն արդէն դուրս եկանք:
Կամաց-կամաց բարձրանում ենք:
Ըստ պայմանավորուածութեան, ընթացքից մեզ միացան բոլորը․
Գիւղ հասնելուն պէս իջեւանեցինք քեռուս տանը:
Թեյ խմեցինք, տաքացանք ու արդէն 2-ի կողմերն էր, դուրս եկանք:
Սպասւում է շուրջ 5կմ երկարութեամբ սահք: Ճանապարհում կայ մէկ կտրուկ շրջադարձ, հէնց այդ շրջադարձից յետոյ կտրուկ իջուածք է, որտեղ սահնակի արագութիւնը հասնում եւ անցնում է 80կմ/ժ-ը, կախուած սահնակից, նրա ծանրութիւնից:
Ծանր ու արագընթաց սահնակի դէպքում անչափ դժուար է կտրել այդ շրջադարձը, ու սովորաբար հէնց այդտեղ տեղի են ունենում «վթարները», որոնք յետոյ քննարկւում են ամբողջ վերելքի ճանապարհին, երբ բարձրանում ենք յաջորդ սահքի համար:
Ճանապարհի վրայ, ինչպէս բոլոր քաղաքներում, աւազ է շաղ տուած մեքենաների անցանելիութիւնն ապահովելու համար: Սակայն անըդհատ տեղացող առատ ձիւնն ընդհանուր ծածկում է այդ աւազը: Միւս կողմից, ընթացքի ժամանակ երբ սահնակի տակ են ընկնում աւազի հատիկները, կայծեր են առաջանում: Արդիւնքում ստացւում կայծակներով ու բարձր արագութեամբ սլացք:
Առաջին սահքից առաջ:
5կմ ճանապարհն անցնելը տեւեց 5-8 րոպէ: Կարճ ժամանակ անց բոլորս քաղաքի կենտրոնում էինք․
Ի ուրախութիւն մեզ, երբ բարձրանում էինք երկրորդ սահքի համար, թոնրի լաւաշի փուռը բաց էր: Ի դէպ մինչ հիմա ես դեռ Երևանում չեմ կերել մի լաւաշ, որն ունենանար այն անզուգական համը, որ պատրաստւում է Գորիսում, մասնավորապէս այստեղ:
Տաք-տաք լաւաշը ձմռան ցրտին բարձ տրամադրութիւնը բազմապակտում էր:
Երկրորդ ու երրորդ սահքերի ճանապարհները աւելի կարճ վերցրեցինք: Ժամն արդէն 4-ի մոտն էր, երբ հասանք տուն:
***
Հնարավոր է, որ վերադառնան հին օրերը, ու ձմռանը նորից Գորիսի բնակչութիւնը դուրս գայ փողոցներով սահնակ քշելու, Գորիսին յատուկ դարագոններով: Դրա համար հարկավոր է պարզապէս փակել մի քանի փողոցներ, անվտանգութեան երաշխիքն ապահովուելու համար:
Հետաքրքիրն այն է, որ այս երեւոյթը ինքնատիպ է հէնց Գորիսի համար՝ քաղաքի համաչափութեան ու թեքուածութեան պատճառով, ու սա նշանակում է, որ քաղաքն այս յատուկ սովորոյթով իրեն կարող է հրաուիրել շատերին, նոյնիսկ աշխարհի ծայրերից, ձմեռային հանգիստն ինքնատիպ մթնոլորտում անց կացնելու համար: