Image result for շրջանառության հարկ«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը ՓՄՁ ներկայացուցիչներին տալիս է ընտրելու հնարավորություն: Եթե նրանք ցանկանում են աշխատել առանց փաստաթղթաշրջանառության, ապա վճարում են 5 տոկոս դրույքաչափ: Եթե գործունեությունն իրականացվում է փաստաթղթաշրջանառությամբ, ապա վճարումը կատարվում է շրջանառության 1 տոկոսի չափով:

Որոշման ընդունումից (որը, ի դեպ, համաձայնեցված է եղել ՓՄՁ ներկայացուցիչների հետ) անցել է բավականին երկար ժամանակ, սակայն «Չեմ վճարելու» շարժման անդամ Արսեն Արզանյանը հայտարարում է, որ ներկայիս դրույքաչափը պետք է փոխվի, քանի որ դրա դրա հետևանքով բազմաթիվ ՓՄՁ-ներ կարող են չդիմանալ հարկային բեռի ճնշմանը և փակվել: Շարժումը առաջարկում է հարկման դրույքաչափը իջեցնել՝ 5 տոկոսից դարձնելով 3,5 տոկոս:

Հիշեցնեմ, որ օրենքին դեմ տնտեսվարողների պնդմամբ՝ որոշ մատակարարներ փաստաթղթաշրջանառությամբ չեն աշխատում, և հետևաբար իրենք նույնպես չեն կարող տրամադրել համապատասխան թղթաբանություն:

Ընդունենք, որ նման մատակարարներ կան, բայց այստեղ կա այլընտրանք: Եթե տնտեսվարողը չի ցանկանում այդքան հարկ վճարել, իսկ իր մատակարարներից ոմանք չեն տրամադրում փաստաթուղթ, ապա նա կարող է ցույց տալ փաստաթղթաշրջանառության 50 %- ը և վճարել ընդամենը 2,5 % շրջհարկ:

Այլընտրանքն առկա է, մնում է չզբաղվել ինքնախաբեությամբ: Իսկ եթե գլոբալ նայենք, ապա օրենքին դեմ են այն մարդիկ, ովքեր ընդհանրապես չեն ցանկանում ցույց տալ շրջանառություն, որպեսզի գործունեություն ծավալեն ստվերում: 
Շարժման մասնակիցների ներկայացրած խնդիրներն իրականում չեն տեղավորվում որևէ տրամաբանության մեջ: Ո՞ւր էին նրանք ամիսներ առաջ, երբ հանրային քննարկման թիվ մեկ թեման հանդիսանում էր «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը: Քաղաքական հանդարտությո՞ւնն է ստիպել երիտասարդներին նորից «քրքրել արխիվները», թե՞ նոր են հասկացել, որ օրենքը նախկինում պարունակում էր խնդրահարույց կետեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել