Հերթական նավթի գնի անկումը բացասական ազդեցություն կունենա ՌԴ-ի տնտեսության վրա, որտեղ անմասն չենք մնա նաև մենք:
Այն, ինչ այժմ կատարվում է նավթային շուկայում, ահռելի վնասներ է պատճառելու ոչ միայն նավթ արտահանող երկրներին, այլ նաև նրանց հետ փոխկապակցված երկրներին: Տնտեսական ակտիվությունը նվազելու է, ներդրումները մի քանի անգամ պակասելու են, գործազրկության աճ է գրանցվելու, և մենք ականատես ենք դառնալու նոր տնտեսական ճգնաժամի. տնտեսական ճգնաժամ, որն ավելի մեծ հետևանքներ է թողնելու տնտեսության վրա, քան 2008թ-ի ճգնաժամը: Այսօր ՀԲ-ն (Համաշխարհային բանկ) կանխատեսում է արել, որ 2016թ-ին brent նավթի արժեքը մեկ բարելի դիմաց կիջնի ևս 10 դոլարով, եթե մինչև այդ Իրանի վրայից ամբողջությամբ հանեն պատժամիջոցները: Նույն ՀԲ-ի կանխատեսմամբ` Իրանը 2016թ-ին ՀՆԱ-ի 5 տոկոս աճ կունենա: Չնայած նրան, որ ՕՊԵԿ-ի ղեկավար Աբդալլա ալ-Բադրին հայտարարել է, որ նավթի գներն էլ չեն ընկնի, քանի որ գնալով նավթի պահանջարկը մեծանում է, իսկ Իրանին 5-6 տարի պետք է, որ օրական 1,1 մլն բարելից հասնի 2.5մլն բարելի, այնուհանդերձ ՕՊԵԿ-ը չի պատրաստվում ոչ մի միջամտություն ցուցաբերել նավթի շուկայում տիրող քաոսին: Այս իրավիճակում «նավթային երկրները» լուրջ խնդիրների առջև են կանգնելու, իսկ այն երկրները, որոնց տնտեսությունը դիվերսիֆիկացված է, ավելի սահուն և համեմատաբար քիչ վնասներով դուրս կգան այս ճգնաժամից: Ընդհանրապես, բոլոր կանխատեսումները բացասական են, և միայն ՕՊԵԿ-ն է դրական կանխատեսումներ անում: Եթե ՕՊԵԿ-ի երկրները չկարգավորեն արտադրության քանակը և նման ձևով շարունակեն, նավթի շուկայում դրական շարժ չի լինի, քանի որ արդեն իսկ օրական 3մլն բարելով առաջարկը գերազանցում է պահանջարկին, իսկ եթե Իրանն էլ սկսի արտահանել, ապա օրական 1.1 մլն բարել կշատանա, ինչը կբերի նավթի գնի հերթական անկմանը, և եթե սրան էլ գումարենք հերթական խուճապը, ապա բավականին մեծ կորուստներ կլինեն նավթային շուկայում:
Այս ամենը բացասական ազդեցություն կունենա ՌԴ-ի տնտեսության վրա, որտեղ անմասն չենք մնա նաև մենք: Արտահանումը, տրանսֆերտները, ներդրումները կկրճատվեն մի քանի անգամ, և մեր տնտեսությունը կկանգնի լուրջ խնդրի արջև, իսկ այս ամենում ոչ թե պետք է մեղադրել ՌԴ-ին կամ Միությանը, այլ մենք պետք է մեղադրենք ինքներս մեզ, որ մինչ այսօր մենք մեր տնտեսությունը չենք դիվերսիֆիկացնում և ոչ մի քայլ չենք անում այդ ուղղությամբ: 90-ականներից հետո ոչ մի վարչապետ չկարողացավ նման ռազամավարություն մշակի և իրականացնի, ուստի այսօր ունենք այն, ինչ ունենք: Այսօրվա քաղաքականությունը նույնպես չի տարբերվում նախորդներից, քանի որ դեռ չեն երևում քայլեր, որոնք ուղղված են տնտեսության դիվերսիֆիկացմանը: Եվ նման քաղաքականություն շարունակելու դեպքում մենք միշտ կախված ենք լինելու արտաքին գործոններից, և դրանք շատ հեշտ ու շատ մեծ բացասական ազդեցություն են թողնելու մեր տնտեսության վրա: Այսինքն՝ նման տնտեսություն ունենալով՝ մենք աճ ենք ունենալու միայն այն ժամանակ, երբ ՌԴ-ի տնտեսությունն աճ է արձանագրելու և հակառակը: Այժմ շատ կարևոր է, որ կենտրոնանանք նաև Իրանի վրա, քանի որ նույն ՀԲ-ն կանխատեսում է արել, որ 2016թ-ին Իրանի ՀՆԱ-ն 5 տոկոս աճ կարձանագրի, և քանի որ մենք հանդիսանում ենք Իրանի համար վստահելի բարեկամ երկիր, ապա կարող ենք օգտվել դրանից և օգտագործել 70 միլիոնանոց շուկան մեր արտադրանքների արտահանման համար: Շատ կարևոր է նաև, որ Իրանից ներդրումներ ներգրավվելու ուղղությամբ լուրջ աշխատանքներ տարվեն, քանի որ մոտակա տարիներին ահռելի գումարներ են մտնելու Իրան, իսկ Իրանը շահագրգռված է լինելու ներդրումներ անել նոր հետաքրքիր ծրագրերում: Պատժամիջոցները հանելուց հետո Իրանը մոտակա 5-6 տարիների ընթացքում աճ է արձանագրելու տնտեսության մեջ, իսկ այդ զարգացումից ՀՀ-ն նույնպես կարող է օգտվել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=966415330045594&id=100000314094875
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել