95 տարի առաջ այս օրը ստորագրվեց Սևրի պայմանագիրը, որով Թուրքիան՝ որպես պատերազմում պարտվող կողմ, ընդունում էր հաղթող պետությունների պայմանները, ճանաչում էր իր կատարած մեղքերը, ճանաչում էր մի շարք մինչ այդ իր կազմի մեջ մտնող պետությունների անկախությունը։ Այսօր Սևրի պայմանագրի մասին խոսելիս Թուրքիան պնդում է, թե պայմանագիրը չի վավերացվել Թուրքիայի խորհրդարանի կողմից, հետևաբար իրավական ուժ չունի։
Պատկերացրեք մի իրավիճակ, որում 1946 թվականին Գերմանիայում տեղի ունենար հեղաշրջում, իշխանության գար նոր կառավարություն, որը գալուց ի վեր պնդեր, թե չի ճանաչում Պոտսդամի կոնֆերանսի արդյունքները, չի ճանաչում Նյուրնբերգյան դատավճիռները, քանի որ դրանք ընդունվել են հաղթող պետությունների կողմից, և հրեաների ու այլ ազգերի վրդովմունքին պատասխաներ, թե գնացեք, ում ուզում եք՝ բողոքեք։
Սա է իրավիճակը, որում հայտնվել է Հայաստանն Աթաթուրքի՝ իշխանության գալուց ի վեր, երբ իրավական փաստաթուղթը դրվում է պատմության գրադարակին, իսկ հաղթող ու նաև ամենաշատը տուժած կողմը զրկվում է իր իրավունքները վերականգնելու հնարավորությունից։ Ֆաշիստական Գերմանիան պարտավոր էր ընդունել հաղթողների կամքը, իսկ Թուրքիան՝ ոչ։ Հրեաները՝ որպես Երկրորդ համաշխարհայինի տուժած կողմ, ճանաչվեցին այդպիսին, իսկ հայերը՝ ոչ։
Այսօր խնդիրը մեղավորներին գտնելու մեջ չէ, մեղավորը մենք ենք, թուրքերն են, անգլիացիներն են, որոնց նավերն Արարատ սարը բարձրանալ չեն կարող, ֆրանսիացիները, իտալացիները, ով ասես։ Բայց հարցն այսօր դրանում չէ, այլ նրանում, որ այսօր պետք է հիշենք ու չմոռանանք, որ ունենք ստանալիք Թուրքիայից ու ունենք դրա համար թե՛ բարոյական հիմքերը, թե՛ իրավական, որոնք կերտվեցին 95 տարի առաջ այս օրը։