«Արայ» ընկերության սպանված սեփականատեր Արմեն Պետրոսյանի մորից` Կարինե Սուքիասյանից երեկ՝ նոյեմբերի 20-ին, ժամը 23.10-ին, Արմեն Պետրոսյանի այրին` Տատյանա Չադենկովան, 6-ամյա դստերը վերցրել է սկեսրոջից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կարինե Սուքիասյանի փաստաբան Սամվել Դավթյանը: Նրա խոսքով, գործընթացին հոգեբան է մասնակցել եւ կարծիք է հայտնել, որ երեխան ի վիճակի չէ այդ գործողությունների կատարմանը:
«Հոգեբանը առանձնազրույց ունեցավ երեխայի հետ եւ հայտնեց, որ երեխան ունի լարվածություն, հարցերին պատասխանում է հստակ տրամաբանորեն: Երեխայի տարիքը համապատասխանում է հոգեբանական տարիքին, մայր անվանում է հորաքրոջը` Արմինեին, ջերմ հարաբերությունների մեջ է հորաքրոջ երեխաների հետ, գիտի, որ ունի մայր: Հայտնել է, որ դեմ չէ նրա հետ ծանոթանալուն, ուստի հոգեբանը նպատակահարմար է գտել երեխայի մոր հետ ծանոթացման գործընթացը, երեխայի տեղափոխումը կազմակերպել աստիճանաբար: Այսինքն` երեխային տարել են բացառապես նրա կամքին հակառակ»,- մանրամասնեց Կարինե Սուքիասյանի փաստաբանը:
Սամվել Դավթյանը նաեւ տեղեկացրեց, որ շարունակելու են պայքարը, որ երեխայի խնամակալությունը հանձնվի Կարինե Սուքիասյանին, սակայն հաջորդ քայլերը կորոշվի առաջիկայում: Ինչպես նաեւ տեղեկացրեց, որ դատական գործընթացներ կան, որոնց դատական ակտերը դեռ չեն կայացվել: Տատյանա Չադենկովայի փաստաբանը Նարինե Ռշտունին էլ NEWS.am-ի թղթակցին հետ զրույցում ասաց, որ եղել է վարչական դատարանի արգելանք, որով արգելվում էր անչափահաս երեխային Կարինե Սուքիասյանից բացի որեւիցե այլ անձի հանձնելը: Սակայն օգոստոսի 24-ին այդ արգելանքը վերացվել է: Կարինե Սուքիասյանի ներկայացուցիչը բողոքարկել է վերաքննիչ, եւ վերաքննիչը որոշումը թողել է ուժի մեջ, իսկ վճռաբեկը բողոքը չի ընդունել: «Այսպիսով, որեւէ արգելք երեխային Տատյանա Չադենկովային հանձնելու վերաբերյալ չկա, ուստի երեխան պետք է լինի իր մոր մոտ, քանի որ այլ դատական ակտ չկա: Բացի այդ՝ տիկին Սուքիասյանին մեղադրանք էին առաջադրել երեխային ապօրինի ծնողից զրկելու վերաբերյալ»,- ասաց Նարինե Ռշտունին: NEWS.am-ի տեղեկություններով երեխային վերցնելուն ներկա են եղել նաեւ ոստիկանները, հետեւաբար ոստիկանությունից հետաքրքրվեցինք, թե ինչով է պայմանավորված եղել նրանց ներկայությունը: «Ոստիկանության ներկայությունը պայմանավորված է եղել անցանկալի միջադեպերը կանխելու համար: Ինչ մնում է ոստիկանության գործողություններին, ապա դրանք օրինաչափ են եղել»,- NEWS.am-ի թղթակցի հարցմանն ի պատասխան ասացին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ոստիկանությունը հոկտեմբերի 16-ին Սեւան-Երեւան մայրուղուց դեպի Գետամեջ գյուղ տանող հողածածկ ճանապարհին կայանված է «BMW X-5» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել էր «Արայ»-ի սեփականատեր 31-ամյա Արմեն Պետրոսյանի դիակը` քունքի մասում հրազենային վնասվածքի հետքով: Նրա աջ ձեռքին` մատը ձգանին եղել է «ՏՏ» տիպի ատրճանակ` պահունակում 6 փամփուշտով: Փաստի առթիվ Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ 110 հոդվածի 1-ին մասի (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը) եւ 235 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Իսկ վերջերս հայտնվեց մի տեսանյութ, որով կասկածի տակ դրվեց ինքնասպանության վարկածը, եւ գործը փետրվարի 27-ին Կոտայքի քննչական բաժանմունքից տեղափոխվեց ոստիկանության գլխավոր քննչական վարչություն:
Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը