Երբ առաջին ձյունը գա, ես կրկին քո կարիքը կունենամ, թեև միշտ էլ զգում եմ կարիքդ…
Շուտով կգա առաջին ձյունը, հոգիս տաք ու ապահով կլինի, որովհետև այն քեզ հետ է միշտ, իսկ ձեռքերս կսառեն, կկարոտեն քեզ… Կկարոտեն տաք շունչդ, իսկ ես կերազեմ նորից հագնել քո վերարկուն ու տաքանալ միայն այն մտքից, որ դա քոնն է…
Երբ առաջին ձյունը գա, դուրս կգամ փողոց, կբռնեմ առաջին ձյան առաջին փաթիլներն ու իմ սառը շնչով նրանց կհիշեցնեմ քո մասին… Դատարկ փողոցում՝ լուսնի աղոտ լույսի տակ կփնտրեմ ոտնահետքերդ ու կհասնեմ հենց այնտեղ, որտեղ կանգնում էինք ու երկա՜ր նայում լուսնին…
Երբ առաջին ձյունը գա, դու էլ կմտածես ձյան նման սպիտակ ձեռքերս քո շնչով տաքացնելու մասին, կերազես ինձ ամուր գրկել ու ցրտից պաշտպանել…
Բայց ես արդեն սովորել եմ աշնանային քո բացակայությանը ու կատեմ առաջին ձյունը… Երանի երբեք չգա առաջին ձյունը…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել