Համալսարանի առաջին կուրսն ավարտելուց հետո զորակոչվեցի սովետական բանակ: Ութսունականների սկիզբներն էր:
Զորամասս Վլադիվոստոկի կողմերն էր:
Հայաստանից 25 հոգի էինք, տարբեր բուհերի ուսանողներ:
Մեզ բոլորիս մի ջոկատում ./վզվոդ/ տեղակայեցին:
Առաջին օրերը ծախսեցինք իրար հետ ծանոթանալու վրա: Հետո մի չգրված, չարտասանված հրամանով որոշեցինք իրար սատարել, հասնել: Մեր մեջ կային ֆիզիկապես թույլ տղաներ, որոնց պատճառով ջոկատին տույժեր էին տալիս, ու մենք անտրտունջ , առանց թույլերին մեղադրելու, ավելին, նրանց քաջարելով՝ հաղթահարում էինք դժվարությունները:
Մեզանից մեկնումեկը եթե խնդիր էր ունենւմ այլ ջոկատի այլազգիների հետ, ապա 25 հոգով կանգնում էինք նրա մեջքին: Եթե լրացուցիչ ուտելիք էր հասնում ջոկատ, ապա այն բաժանվում էր հավասարապես:
Ռուս սպաներին գիտեք՝ առանց մայր հայհոյելու խոսել չեն կարող: Մենք մեր ջոկատով մի թիմ կազմելով՝ հասանք այն բանին, որ մեզ հետ խոսալուց չէին հայհոյում: Ճիշտ է, մի քանի անգամ ընկանք պատմությունների մեջ, բայց մեր համառության շնորհիվ հասանք մեր նպատակին: Պատկերացրեք՝ զորամասի հրամանատարը զորքը շարում է հրապարակում, հերթով մոտենում է ջոկատներին, խոսքը սկսում մայր հայհոյելով, բայց հենց հասնում է հայերի ջոկատին, բերանն ակամա բացում է, որ հայհոյի, սակայն շտկում է իրեն ու ասում ՝
- Չէ,իրենց հետ այլ կերպ է պետք խոսել...
Մյուս ջոկատներում, որտեղ տարբեր ազգերից զինվորներ էին, ամբողջ օրը տուրուդմփոց էր, կռիվ: Իսկ մեր մոտ իդեալական խաղաղություն էր:
Սպաները մեր ջոկատին անուն էին դրել, ու երբ տեսնում էին մեզանից մեկնումեկին՝ կատակով ասում էին՝
- Ո՞նց են գործերը, Մալայա Արմենիա:
Այսպես խաղաղ ու երջանիկ ապրեցինք մի քանի ամիս, ու մեր ջոկատը միշտ առաջին տեղում էր ու պարգևատրվում էր: Մի օր էլ տխուր լուր առանք, թե մեր ջոկատը ցրում են: Մտահոգված գնացինք ղեկավարության մոտ՝ պարզաբանման:
- Մենք ձեզ վատություն ենք արե՞լ, որ ցրում եք,- հարցրինք:
- Չէ,- պատասխանեցին,- միայն լավություն եք արել:
- Բա ինչու՞ եք ցրում:
- Որ մեզ ավելի մեծ լավություն անեք:
- Այդ ինչպե՞ս:
- Մենք տեսնում ենք, որ դուք ի տարբերություն մյուս ազգերի, կազմակերպված եք, օրենքներ ու կարգ ու կանոն ունեք, մինչդեռ զորամասը անկարգության է մատնված: Մենք ձեր ջոկատը ցրել ենք ու ձեզանից հինգական հոգի տեղաբաշխելու ենք մյուս ջոկատներում, մտածելով, որ ձեր այդ հինգ հոգիները կվերցնեն բոլոր ջոկակների կառավարումը, բոլոր տեղերում կարգ ու կանոն կհաստատվի ու զորամասի պրոբլեմները կլուծվեն...
Այդպես էլ եղավ՝ միմյանց սատարելով, մենք հասանք այն բանին, որ տղաները գերիշխող դարձան բոլոր ջոկատներում, ու մեր ջոկատի վարքականոնը սկսեց գործել նաև այնտեղ: Ու քանի որ բոլոր ջոկատների գլխավորներն արդեն հայեր էին, ապա միջջոկատային ընդհարումները վերացան, քանի որ առաջացած խնդիրները մենք լուծում էին մեր մեջ՝ հայերով:
Զորամասը արմատապես փոխվեց, ամբողջությամբ դարձավ Մալայա Արմենիա, մեր հրամանատարն էլ շնորհակալագիր ու նոր աստղ ստացավ....................