Վերջին տարիներին շատ է խոսվում մեր ազգային եկեղեցու մասին, ընդ որում այդ խոսակցությունները հիմնականում բացասական շեշտադրումներ են պարունակում: Եկեղեցու սպասավորների ներկայիս կենցաղավարության սուր քննադատությունն աստիճանաբար կերպափոխվում է Հայաստանի կողմից քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու փաստը որպես հայակործանման, ազգային ավանդական դիմագծի կորստին միտված գործողություն: Գուցե, եթե Վազգեն Ա կաթողիկոսը դեռ կենդանի լիներ և շարունակեր հայության հովվապետի իր առաքելությունը, մեր եկեղեցու վարկն այսքան իրապես ու առարկայորեն խոցելի չլիներ: Շատ է խոսվում այն մասին, որ հսկայական գումարներ են ծախսվում եկեղեցաշինության վրա այն դեպքում, երբ եկեղեցին դադարել է մարդկանց համար հոգևոր սննդի աղբյուր լինելուց և վեր է ածվել ծիսական վճարովի ծառայություններ մատուցող ձեռնարկության: Կարելի է ասել, որ եկեղեցին այսօր դարձել է ծիսական ավանդույթի պահապան, սակայն մարդիկ նույն այդ ավանդույթի խորհրդին անհաղորդ են մնում և, մեծամասամբ, չեն էլ ցանկանում խորանալ դավանաբանական նրբությունների մեջ՝ գուցե դրա արդիականությունը, հետևաբար նաև նպատակահարմարությունը չեն տեսնում: Բայց սա ժամանակակից կյանքի համաքրիստոնեական մարտահրավերներից ամենամեծն է, իսկ գուցե անգամ հոգևորի կորստի վտանգը ցուցանող համամարդկային մի երևույթ: 301թ. քրիստոնեության ընդունումը քաղաքական առումով Հայաստանի պարթև Արշակունյաց արքայատոհմի տեղի կառավարիչների հայանալու, տեղայնանալու նպատակ հետապնդող գործողություն էր, որն, ըստ էության, ազդարարեց Հայաստանի բնիկ ժողովրդի և եկվոր պարթև կառավարիչների նույնականացման մի գործընթաց, որը նախաձեռնվեց շատ կոնկրետ պատմա-քաղաքական իրադարձությունների համատեքստում: Բանն այն է, որ Սասանյանների կողմից Իրանում գահընկեց արված Արշակունիների ավագ ճյուղի, հետևաբար նաև Իրանի գահի օրինական ժառանգորդները հենց Հայոց Արշակունիներն էին, որոնք Սասանյանների դեմ տևական պատերազմներ վարելուց հետո նախընտրեցին հենց այս կերպ հրաժարվել իրենց օրինական իրավահաջորդությունից և պահպանել դիրքերը գոնե Հայաստանում: Հայաստանի պարթև արքաների ու բնիկ հայ ժողովրդի համատեղ կրոնափոխությունը ժամանակի ընթացքում առաջին գիծ դուրս բերեց նոր՝ յուրովի հայացած ազգային վերնախավի ներկայացուցիչներին: Համենայնդեպս, կատարվածի քաղաքական ենթատեքստը, թերևս, այս էր:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/MelikyanArman/posts/1041069985903913
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել