Ես կարդացել եմ մի քանի անստույգ պատմություն այն մասին, թե ինչ տեղի ունեցավ ադրբեջանական լքված Մարզիլի գյուղում 1993 թվականի հունիսի 12-ի կեսօրին: Անհիմն լուրեր էին պտտվում այն մասին, թե Մոնթեի մարմինը խոշտանգվել է, և խոսակցություններ ` թե նրան սպանել են ոչ թե ադրբեջանցի զինվորները, այլ հայկական մաֆիան: Սեդան և ես խոսել ենք այն փրկվածների հետ, որոնք Մոնթեի հետ նրա Jeep-ում էին, նաև`  մի երիտասարդ ադրբեջանցի զինվորի, որ գերի էր ընկել Մոնթեի մահվան օրը: 

Մենք պատմությունը վերականգնեցինք հետևյալ կերպ:

Հունիսի 12-ին Մոնթեն ու իր մարտիկներն արթնացան լուսաբացից շատ առաջ, որպեսզի ռազմական գործողություն  իրականացնեն` Աղդամի շրջանում տեղակայված ադրբեջանական հրետանու դեմ: Կեսօրի մոտ նրանք այդ գործողությունը հաջողությամբ ավարտեցին:  Ճակատամարտից հետո Մոնթեն ռադիոյով տեղեկացվեց, թե իր զինվորները Մարզիլիում գրավել են մի  T-72 տանկ. Ճիշտ այն բարձունքի տակ գտնվող դաշտում, որտեղից նրանք առավոտյան սկսել էին իրենց հարձակումը: Քանի որ Մոնթեի սովորությունն էր ` միշտ անձամբ ստուգել գրավված զրահատեխնիկան, ուստի նա, իր հավատարիմ վարորդ Կոմիտասի և չորս ուրիշ մարտիկների հետ, լեռներից Jeep-ով շարժվեց դեպի Մարզիլի, որն, ինչպես կարծում էին թշնամու զինյալները լքել էին այդ օրն ավելի վաղ:

Մոնթեի և Կոմիտասի հետ էին Հովիկ ու Սարո անուններով երկու երիտասարդ սպա, տանկային ավագ հրամանատար Սարիբեկը և Գևորգ անունով մեկ այլ մարտիկ: Կեսօրից հետո մոտավորապես ժամը 13:20 նրանք  հասան երկու ճանապարհների հատման մի կետի`  տրակտորի հին կայանի մոտ, գյուղի ծայրամասում: Այնտեղ նրանք տեսան մի զրահամեքենա(զինվորներ տեղափոխող զրահապատ մեքենա` զրահաշտարակի վրա գտնվող թեթև հրանոթով), որ կանգնած էր մոտ երեսուն մետր հեռավորության վրա, իրենց գնացած ճանապարհին ուղղահայաց: Կարծելով, թե զրահամեքենայում իրենց զինվորներն են, Մոնթեի վարորդը կանգ առավ ճանապարհների հատման տեղում և մոտեցավ ոտքով: Կոմիտասը, որ կրում էր ադրբեջանական համազգեստ, զրահամեքենայի ներսում գտնվողներին հարցրեց, թե հայե՞ր են արդյոք: Թեպետ Կոմիտասն ազատ խոսում է ադրբեջանական թուրքերեն, նա հարցը տվեց հայերեն, որով խոսում են այդ շրջանի շատ ադրբեջանցիներ:      Երբ հետևեց բացասական պատասխան, հայերն իրենց մեքենայից դուրս ցատկեցին ու վազեցին` զրահամեքենայից արձակված ավտոմատ կրակոցների տարափից խուսափելու համար: Նրանք իրենց թեթև զենքերով պատասխան կրակ բացեցին: (Մոնթեի մահվան պահին նրա ինքնաձիգի ` 30 փամփուշտանոց պահեստատուփում մնացել էր 20 կամ 21 փամփուշտ: Քանի որ նա սովորաբար ամեն առիթով լիցքավորում էր իր զենքը, պետք է կարծել, որ այդ ժամանակ կրակել էր 9 կամ 10 փամփուշտ): Կոմիտասը, Հովիկն ու Սարոն վիրավորվեցին ոտքերից, իսկ Սարիբեկը մահացու վերք ստացավ: Զրահամեքենան արձակեց առաջին արկը, բայց վրիպեց:

Մոնթեն, որ վազում էր ճանապարհի երկայնքով, մի պահ կանգ առավ ու նետվեց դեպի ճամփեզրին գտնվող քարե պատը` նրա հետևում պատսպարվելու համար: Երբ  նա մոտենում էր պատին, զրահամեքենան արձակեց 2-րդ արկը, որը դիպավ պատին ու պայթեց` դարձյալ վիրավորելով Սարոյին. իսկ պարկուճի մի մեծ կտոր խրվեց Մոնթեի ճակատը, ճիշտ աջ աչքի վերևում: Նա ընկավ իր կողքը գտնվող ճանաարհին ու մահացավ կամ անմիջապես, կամ մի քանի վայրկյաններիի ընթացքում` աչքերը կիսափակ և դեմքին` խաղաղ արտահայտություն:

   Հովիկը Մոնթեին առավ իր թևերի մեջ ու ռադիոյով օգնության կանչեց: Համաձայն մեկից ավելի մարդկանց պատմածի, օգնական ուժերը հանդիպեցին  ադրբեջանցիների զինյալ խմբին, սպանեցին թշնամու մի քանի զինվորի և գերի վերցրին առնվազն մեկին: Սակայն զրահամեքենան, իր զինվորներով, խույս տվեց:

Այդ ընթացքում Մոնթեի մարմինն ու նրա վիրավոր ընկերները տեղափոխվեցին Մարտունի գյուղ: Այնտեղ Սարիբեկը մահացավ.նրա 5 երեխաները զրկվեցին հորից, իսկ աղքատացած ընտանիքը` կերակրողից:

Մոնթեի ու Սարիբեկի  մահվանից հետո մոտ մեկ ամսի անց Մարտունի քաղաքն ու շրջանը պաշտոնապես վերանվանվեցին «Մոնթեաբերդ»: Եվ նրանց հուղարկավորությունից քիչ ժամանակ հետո հայկական ուժերն զգալիորեն առաջացան Աղդամի շրջանում:

 

 

                                     Նյութը վերցված է  Մարգար Մելքոնյանի Մոնթեին 

                                                                նվիրված «Պայքարելու իրավունքը» գրքից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել