Մեր օրաթերթերից մեկը, կիսատ- պռատ լսելով, որ կառավարությունը ս.թ. հուլիսի 30- ին ընդունել է զբոսաշրջային ավտոբուսները որակավորելու որոշում, զանգահարել է մի- երկու տուրիստական ընկերության տնօրենի և հարցրել նրանց կարծիքը: Բանից անտեղյակ տնօրենների առաջին իսկ արձագանքը բացասական է եղել, քանի որ թղթակցի պատմածով զբոսաշրջիկներին սպասարկող ավտոբուսը պարտադիր պետք է ունենա բավարար արտաքին տեսք, լվացարան, քիմիական զուգարանակոնք և հիգիենիկ պարագաներ, նստատեղերի թիկնակների վերին մասում մեկանգամյա օգտագործման հիգիենիկ ծածկոցներ և այլ հարմարություններ:
Վախեցած տնօրենները միաբերան վստահեցրել են, որ այժմ զբոսաշրջիկ սպասարկող ավտոբուսների 90- տոկոսը չի համապատասխանում կառավարության սահմանած չափանիշներին, հետևաբար դուրս կմնա դաշտից: Տուրընկերությունների տնօրենները, թղթակցի օգնությամբ զոռ տալով իրենց երևակայությանը, կառավարության որոշմամբ սահմանված չափանիշներն համարել են փոքր և միջին բիզնեսի դեմ ուղղված քայլ և պահանջել, ինչպես մեզանում է ընդունված, անհապաղ վերացնել դրանք, այլապես… տուրիստները կմնան օդանավակայանում:
Նկատենք, որ շանտաժը նույնպես վաղուց և հաստատուն տեղ է գտել տարատեսակ բողոքավորների գործելակերպում. եթե մեր պահանջը չկատարեք` կարտագաղթենք, կինքնահրկիզվենք, կամրջից ցած կնետվենք և այլն: Այնպես որ տուրընկերությունների ղեկավարներն այս իմաստով նույնիսկ զգալիորեն համեստ են: Իսկ ի՞նչ է եղել իրականում. թղթակցի աչքից վրիպել է որոշման ամենակարևոր դրույթը` «Զբոսաշրջային ավտոբուս» որակավորումն անցկացվում է ԿԱՄԱՎՈՐ հիմունքով:
Ոչ ոք տուրընկերություններին զոռով չի պարտադրելու նորմալ, մարդկային փոխադրամիջոց տրամադրել զբոսաջրջիկներին: Երկու բացառություն կարող է լինել` առաջին, երբ զբոսաշրջիկներն իրենց նախընտրությամբ տուրընկերություններին կստիպեն բարելավել սպասարկումը, և երկրորդ`երբ տուրընկերությունը կհամապատասխանի սահմանված պահանջներին և ինքը սեփական ձեռքով դիմում կգրի էկոնոմիկայի նախարարություն և կխնդրի «Զբոսաշրջային ավտոբուսի» կարգ շնորհել տվյալ փոխադրամիջոցին: Այնպես որ, թերթի և տուրընկերությունների ղեկավարների շատախոսությունը լիակատար անտեղյակության հետևանք է: