,,Այս խոսքն ամենքին մտորումների գիրկը տարավ, ու հաստատված լռության մեջ լսելի էր Մյուրատի շշունջը, որ ասես աղոթք լիներ: Նա նստած էր լուսամուտի տակ, ուր մեկուսացել էր ծխելու համար:
Բոլորը դարձան դեպի հեծելազորի պետը:
Իսկ նա ափերը պարանոցի դեմ իրար միացրած, հայացքը դեպի երկինք հառած, շշնջում էր, բայց այնքան բարձրաձայն, որ լսելի լիներ մնացյալին.
- Աստված իմ, հեռու պահիր ինձ հեղափոխական կանանցից. նրանք ասես մի երրորդ սեռ են, և ես մոլորվում եմ՝ չիմանալով ինչ կերպ մոտենալ նրանց,,:
Այս հատվածը հարկ համարեցի դուրս թողնել հենց նոր տպարան ուղարկված ,,Դուք ինձ չեք ճանաչում.իմ անունն է Բոնապարտ,, գրքի ձեռագրից, քանի որ այնքան էլ համահունչ չէր գրքի ընթացքին:
Դուրս թողեցի գրքից, բայց կյանքից դուրս թողնելն իմ ուժերից վեր է:
Այդ երրորդ սեռը կա, որ արտաքինից կին է, շատ դեպքերում՝ գեղանի, բայց բավական է արտահայտվի որևէ երևույթի մասին, և փշաքաղվում ես պատկերից, քանի որ բերանից ոչ թե կանացի, այլ տղամարդկային արտահայտություններ են ելնում դուրս:
Նա կանանցից տարբերվում է նրանով, որ մտածողությունը բնածին կիսատղամարդկային է: Ու տառապելով այդ հատկանիշից՝ անհագուրդ մղում ունի խորանալ բարդ քաղաքագիտական հարցերի մեջ, որոնցից գլուխ հանելու համար մի այլ տեսակի մտածողություն է հարկավոր, որով Աստված օժտել է միայն տղամարդուն:
Եվ քանի որ այդ կիսատության պատճառով խորքերը տեսնել չի կարող, տեսնողներն անըմբռնելի են նրան ու կասկածելի:
Հետևելով բնության այդ անոմալ երևույթին՝ արձանագրում ես, որ չկա նրա մոտ կանացի զգացմունքայնությունը և էմոցիաները ռազմաշունչ են ու վանող: Ամենքի նման քնարական գործերից հուզվելու փոխարեն ծառս է լինում առաջին անգամ հեծյալ տեսած հովատակի նման:
Տղամարդկային հակումներով կնոջ այդ տեսակն առանձնանում է մեկ այլ հատկությունով ևս՝ նա անողոք կերպով պայքար է մղում կանացի հակումներով տղամարդ տեսակի դեմ: Թերևս կենսատարածք ապահովելու համար: