Արջուկը

Մինչև մթնշաղ պետք է հասնեինք լեռնանցքի մուտքի ժայռերին ու ամբողջ գիշեր հսկեինք այդ նեղ անցումը, որով, ըստ տվյալների, նրանց դիվերսիան պետք է անցներ մեր թիկունք:
Մեծ քարաբեկորները դեռ պլստիկ էին առավոտյան անձրևից ու մառախլապատ եղանակից: Մենք առաջ էինք շարժվում զգուշորեն, դանդաղ քայլերով: Մառախուղը մեկ խտանում, մեկ նոսրանում էր, և այդ պահերին կարողանում էինք կողմնորոշվել դեպի լեռնանցքի մուտքը տանող հին ճանապարհին:
Մենք դեռ չէինք ստացել առաջադրանքն ու երկրորդ գծի մեր հենակետում էինք, երբ Միքայելը բերեց արջուկին` փոքր, մեծ սև աչքերով սև քոթոթ էր: Մի քանի օրում մենք նրան ընտելացանք, նա էլ` մեզ: Մեր հետ նախաճաշում, ընթրում ու քնում էր:
Հենակետից տեղափոխվելու խառնաշփոթի մեջ ոչ ոք չէր նկատել Արջուկին, և նա զգացնել տվեց իրեն միայն լեռնանցքի կես ճանապարհին: Շան անհանգիստ վնգստոցը բոլորիս հանկարծակիի բերեց: Միքայելը նրան դրեց իր ուսապարկի վրա և այդպես տարավ այնքան, մինչև նստեցինք կարճատև հանգստի: Միքայելն Արջուկին իր ափսեից էր կերակրում: Երբ վերջացրինք, շարժվեցինք` թողնելով Արջուկին ուտելիքի մնացորդների մոտ:
Մեկ ժամից մթնելու է: Քարերն ավելի մեծ են ու սուր,այստեղ անգամ փշեր չկան, որ սովորաբար դուրս են ցցվում քարերի արանքներից: Լսվում է Արջուկի ձայնը, քարերի վրայով վնգստալով ու սայթաքելով մոտենում է մեզ` փոքր է, չի կարողանում քարերը մագլցել: Ժամանակ չկա, շարժվում ենք առաջ: Արդեն տեղում ենք: Լեռնանցքը միշտ էլ հակառակորդին հմայել է իր դիրքով, այնտեղից ամենից հարմարն է մեր թիկունք անցնելը: Մենք բաժանվում ենք երկու խմբի ու դիրքավորվում լեռնանցքի մուտքի երկու կողմերում` հանդիպակաց ծերպերին: Քամի է: Հեռվից շների հաչոց է լսվում, մեկ մոտենում է, մեկ հեռանում, երևի նրանց շներն են, որ չեն ուզում տերերից պոկ գալ: Արջուկը սկսում է վնգստալ ու կլանչել, հասել է մեր խմբի մոտ: Միքայելին ասում եմ, որ հեռացնի նրան: Անում է: Քամին նոր ձայներ է հասցնում, նրանք արդեն մոտ են: Քիչ անց Արջուկը նորից կլանչում է, նայում եմ` կողքիս է, չի ուզում հեռանալ: Նայում եմ նրա մեծ, մարդակերպ աչքերին, նայում եմ տղերքի աչքերին, բոլորը լուռ փորձում են քամուց ձայներ որսալ ու հայացքներն ուղղել են ինձ: Ես դանդաղ արձակում եմ կոշկակապերս, հանում ու տալիս Միքայելին: Նա վարանում է, ապա օղակ է կապում, շոյում Արջուկի գլուխը, որն աչքերը փակ հենվում է տիրոջ ոտքին:
Օղակը սեղմվում է, ու լուսնյակ գիշերում լսվում է միայն քամու սուլոցը...
Դ.Գ.Շահվերդյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել