Ի՞նչ զբաղմունք կարելի է գտնել այս շոգ-կրակին՝ քաղաքական ու մերձքաղաքական ձանձրույթն ու բնակլիմայական հեղձուկը հաղթահարելու համար:
«Ոտքի՛, Հայաստան» հավակնոտ անվանումով քաղաքացիական շարժման կազմակերպիչները կարծում են, որ գտել են լավագույն տարբերակը. մի քանի տասնյակ ակտիվիստներով նստացույց կազմակերպել Հանրապետության հրապարակի հենց կենտրոնում: Երևի իրենք էլ նկատել են, որ «Ոտքի՛, Հայաստան» կարգախոսով մարդկանց նստելու հրավիրելը մի տեսակ բառախաղային դիսկոմֆորտ է ստեղծում, ուստի իրենք մի փոքր այլ ձևակերպում են տալիս՝ «անհնազանդության միջոցառումներ»:
Եվ ահա արդեն երկու օր է, ինչ «Ոտքի՛, Հայաստան» շարժումը ոստիկանության հետ, պատկերավոր ասած՝ «բռնոցի-պպզոցի» է խաղում Հանրապպետության հրապարակում: Եվ այնպիսի տպավորություն է, որ ամբողջ հարցը հենց ոստիկանությունն է, ավելի ստույգ՝ ոստիկանների ներկայությունը:
Այսինքն՝ եթե ոստիկանները բոլորովին բանի տեղ չդնեին այդ 20-30 ակտիվիստներին, ովքեր ցանկանում են Հանրապետության հրապարակի «գորգին» նստել, ապա այս ամբողջ, կներեք, ակցիան կարող էր ընդամենը երկու զարգացում ունենալ:
Առաջին՝ ակտիվիստները նստում են արևի ուղիղ նշանառության ճառագայթների տակ և մեկ-երկու ժամ անց վերածվում «պասիվիստի»՝ համապատասխան արևայրուքով: Այս տարբերակը, ճիշտն ասած, կարող է և որոշակի առողջական հետևանքներ ունենալ: Ի վերջո, +40 և ավելի ջերմաստիճանի հետ չեն կատակում:
Ճիշտ է՝ Դավիթ Սանասարյանի և Անդրիաս Ղուկասյանի առաջնորդած փոքրաթիվ ակտիվիստները կարող էին նաև որոշակի «տեղական ֆոլկլոր» ընկալվել զբոսաշրջիկների համար՝ լուսանկարելու, լուսանկարվելու և նման այլ մղումներով:
Երկրորդ՝ հավանական տարբերակն այն է, որ բազմապատիկ ավելի թվով զայրացած վարորդներ կսկսեն «կարգի հրավիրել» խցանում առաջացնողներին, ու չի բացառվում, որ վերջիններս արդեն իրենք դիմեն ոստիկանության օգնությանը:
Չմոռանանք հիշեցնել, որ այս շարժումը, որ հոսանքի թանկացման դեմ բողոքի ցույցերի ժամանակահատվածում ձևավորվեց, հիմնականում ներառում է այն ակտիվիստների մի մասին, ովքեր իշխանությունների առաջարկած քայլերն անբավարար համարեցին ու որոշեցին, որ պետք է շարունակել Բաղրամյան պողոտայի սկզբնամասում հունիսի 22-23-ից սկսված նստացույցը: Ու շարունակեցին: Այնքան, որ այն վերածվեց սակավամարդ, նաև բովանդակազուրկ մի դրսևորման:
Վերջերս շարժման ներկայացուցիչները հայտարարել էին, որ հուլիսի 27-ից ակցիաներ են սկսելու՝ նպատակ ունենալով փակել այս կամ այն փողոցը: Հենց այդ ծրագիրն էլ փորձ է արվում իրականացնել: Ակնհայտ է, որ մի քանի տասնյակ ակտիվիստներով նստացույցի անվան տակ փորձ է արվում Հանրապետության հրապարակի ու մերձակա փողոցների երթևեկությունը կաթվածահար անել:
Եվ երեկ, «բռնոցի-պպզոցի» խաղից բացի, որ երբեմն ուղեկցվում էր ակտիվիստներից մի քանիսի՝ հրապարակի «գորգի» հատվածում հայտնվելու մարզական հաջողությամբ, կարելի է ասել՝ հաջողվեց վեր ու վար անելով մի պահ խցանում առաջացնել Վ.Սարգսյան և Նալբանդյան փողոցներում:
Դժվար չէ նկատել նաև, որ հասարակական կարգը պահպանելու գործում ներգրավված ոստիկանները բազմապատիկ ավելի են ակցիայի մի քանի տասնյակ մասնակիցներից: Դա մի տեսակ գրոտեսկային տպավորություն էր թողնում: Ոչ պակաս գրոտեսկային են թվում «Ոտքի՛, Հայաստան»-ի հայտարարությունները:
Երեկ տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշված է, թե ոստիկանությունն ի վիճակի չէ իր բոլոր ուժերն ուղղել հրապարակի շրջափակմանը, ուստի ստիպված է լինելու զիջել «քաղաքացիների օրինական պահանջներին»:
Նրանց խոսքով՝ բողոքի ակցիայի 30 մասնակցի դեմ ներգրավված է եղել մոտ 1000 ոստիկան, որոնցից առնվազն 500-ը հրապարակի կենտրոնում էին, իսկ մյուսները՝ հարակից տարածքներում:
Թեպետ այս ամենն արդեն սոսկ պայքարի իմիտացիա է ստեղծում: Ու այնպիսի տպավորություն է, որ նստացույցը, ասենք, հենց հրապարակի «գորգի» վրա նստելը կամ մյուս օրը, ասենք, շատրվանների ջրավազանում զովանալը՝ ի նշան բողոքի, ինքնանպատակ մղումներ են: Այսինքն՝ խնդիր կա ամեն գնով ուշադրություն գրավել, ինչ-որ շարժ ցույց տալ:
Հակառակ դեպքում իրենք էլ երևի կհասկանային, որ 30 կամ թեկուզ 40 հոգով նման ակցիաներն ու մայրաքաղաքի կարևոր տրանսպորտային հանգույցները կաթվածահար անելն անիրագործելի են: Համենայն դեպս, բազմապատիկ ավելի ոստիկանական ուժերին ոչինչ չի խանգարի միանգամայն զուսպ ու կոռեկտ, ինչպես Բաղրամյանի «ապաշրջափակման» ժամանակ «ձեռքերի վրա» հեռացնել փոքրաթիվ ակտիվիստներին:
Հետաքրքիր է նաև այն, որ այս շարժումն արդեն մոտ մեկ ամիս է, ինչ իրենց միանալու կոչեր է անում, բայց ամեն նման կոչից հետո նրանց շուրջը կանգնած մարդկանց թիվն ավելի է նվազում: Իսկ գուցե նրանք տեսնո՞ւմ են, որ սա ամենևին էլ «քաղաքացիական շարժում» չէ արդեն, այլ կոնկրետ ծառայեցվում է ինչ-ինչ քաղաքական ուժերի կամ բավական մեծ ախորժակ ու հավակնություններ ունեցող առանձին քաղաքական, մերձքաղաքական դեմքերի հատվածական շահերին:
Կարելի է կարծել, որ մարդկանց մի խումբ հատուկ ամեն ինչ անում է, որ հոսանքի թանկացման դեմ բողոքի ալիքից քամի հնարավոր առավելագույնը, մինչև վերջին կաթիլը, ինչպես ասվում է՝ իսպառ, այս դեպքում մինչև վերջ և աննպատակ սպառելով ընդամենը մեկ ամիս առաջ եղած ռեսուրսը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել