Հայաստանում կարոտել են Փելեշյանին. այս ճշմարտությունը դրոշմված էր երեկ Մոսկվա կինոթատրոն եկած յուրաքանչյուր մարդու դեմքին, սրա վկան էին լեփ-լեցուն դահլիճը, որտեղ կանգնելու տեղ էլ չէր մնացել, անդադար ծափահարությունները, հոտնկայս ողջույններն Արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, սցենարիստ Արտավազդ Փելեշյանին։ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ «Օրդֆիլմ» ընկերությունն ու «Մոսկվա» կինոթատրոնը նախաձեռնել էին Փելեշյանի «Բնիկներ», «Տարվա եղանակներ», «Կյանք» և «Վերջ» ֆիլմերի ցուցադրությունը, որին հաջորդեց ներկաների շփումը վարպետի հետ։ Իրեն բնորոշ յուրահատկությամբ Փելեշյանը պատասխանեց հնչած ամենատարբեր հարցերին։ BlogNews.am-ը Ձեզ է ներկայացում հանդիպման հետաքրքիր դրվագները։

Երիտասարդ ռեժիսորներին վարպետը խորհուրդ տվեց մեծ ուշադրություն դարձնել իրենց առաջին ֆիլմին։

Որպես պարտադիր դիտման ֆիլմեր՝ Փելեշյանը նշեց Սերգեյ Գերասիմովի «Խաղաղ Դոնը», Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Կնքահայրը» և Չինգի «Չինաստանի ուրվականների պատմությունը»:

Իր մասին նկարահանված «Փելեշյանի լռությունը» ֆիլմի մասին նա անկեղծորեն ասաց. «Ինձ թվաց, որ դրանում կբացահայտվի Փելեշյանի լռության պատճառը, բայց ռեժիսորն ինձանից բան սովորեց և նույնպես լռեց...»:

Իր ֆիլմերի «լռության» մասին հարցին նա «փելեշյանական» պատասխան տվեց. «Ասում եք տիեզերական հասկացողություններ, բառեր, խոսքեր չկան իմ ֆիլմերում, բայց ինչքա՜ն հայկական մտքեր կան այս ֆիլմերում»։

«Կյանք» և «Վերջ» ֆիլմերի մասին խոսելիս Փելեշյանն ասաց, որ դրանք  նկարահանել է, երբ Հայաստանում շատ դժվար ժամանակներ էին.  «Իմ կարծիքով՝ ես արեցի ֆիլմ հույսի և լույսի, վերածնունդի և նոր կյանքի համար»։

Հարցին՝ «Բնիկները» ֆիլմում ներկայացված էր ցեղասպանությա՞ն թեման, Փելեշյանը պատասխանեց, որ ոչ. «Այս ֆիլմը ներկայացնում է մարդկանց վերաբերմունքը կենդանական աշխարհին: Մենք կտրում ենք այն ճյուղը, որի վրա նստած ենք»:

Արտակ Հերիքյանի հարցին, որ «Տարվա եղանակները» ֆիլմում կա երեք միտք՝ «Հոգնեցի», «Կարծում ես՝ ուրիշ տեղ լա՞վ է» ու «Սա քո հողն է», իր համար ինչ իմաստ ունեին այդ մտքերն այն ժամանակ և հիմա, Փելեշյանն արձագանքեց, որ թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա նույն բառերը կօգտագործեր, դրանք փոփոխման ենթակա չեն. «Ինձ թվում է՝ այսօրվա և անցյալի ասելիքները համընկնում են»:

Հետադարձ հայացքով նայելով ֆիլմերին՝ ռեժիսորը հասկանում է՝ ոչինչ չէր փոխի ֆիլմերում. «Ես այն ժամանակ այդպես եմ տեսել: Գիտե՞ք՝ ես հիմա ալբոմներում նայում եմ` երիտասարդ տարիներին բեղեր էի թողնում, ի՞նչ պետք ունի, որ ես հիմա այդ նկարները ոչնչացնեմ»:

Ասելիքը վերաձևակերպելու կարիք Փելեշյանը չունի, քանի որ ունի ուրիշ ասելիքներ։ Այդուհանդերձ, նա նոր ասելիքը լսարանին հասցնելու ծրագրեր այժմ, կարծես թե, չունի. «Ես գրել էի սցենար՝ «Հայոց աշխարհ», բայց ֆիլմը տարբեր՝ հիմնականում ֆինանսական պատճառներով չարվեց: Դե հիմա մեծացել եմ, ես չգիտեմ, թե ինչ պիտի լինի»։

Ժամանակին Փելեշյանն ասել էր, որ եթե նկարահաներ «Homo Sapiens» ֆիլմը, դա կլիներ լավագույնը, սակայն այսօր նա անհավանական է համարում այդ ֆիլմը նկարահանելը. «Ասեմ կարճ` մենք հնարավորություն և այդքան միլիոններ, ընդ որում՝ դոլարով, չունենք: Դրանք շատ բարդ նկարահանվող ֆիլմեր են»:

Ֆիլմ նկարահանելիս Փելեշյանն առաջին հերթին սցենարն է գրում. «Եթե թղթի վրա ամբողջական չեմ տեսնում ֆիլմը, չեմ նկարում»:

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել