Սյունիքի մարզպետի և նրա հարազատների, ազգականների հետ կապված մամուլում հայտնվող աղմկահարույց արծարծումներն այնքան շատ են, որ մի ամբողջ սերիալ կարելի է նկարահանել: Սեզոններով: Այո, բայց խնդիրն այն է, որ սերիալն, այնուամենայնիվ, կինո է, իսկ տվյալ պարագայում խոսքն իրականության մասին է:
Լրահոսային «սերիալի» ընթացիկ սեզոնում երկու զուգահեռ հիմնական իրադարձություն կա. Սյունիքի մարզպետի ու նրա հետ գտնվող անձանց դեմ մահափորձը, որի ժամանակ ոչ ոք չէր տուժել, և մայիսի 2-ին Գորիսի մոտակայքում՝ «Սդղի գյոլ» կոչվող տեղանքում, մի խումբ անձանց կողմից Հարություն և Մուշեղ Զաքարյանների նկատմամբ բռնության գործադրման պատմությունը:
Այս վերջին դեպքի հետ կապված շաբաթ օրը՝ հուլիսի 25-ին, տեղի ունեցավ մի բան, որը կարելի է և՛ սպասելի համարել, և՛ թե անսպասելի։ Ձերբակալվել է Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, ավելին՝ նրան մեղադրանք է առաջադրվել:
Քննչական կոմիտեի տարածած տեղեկատվության համաձայն՝ նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Տ.Խաչատրյանը Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ բռնություն է գործադրել Հարություն Զաքարյանի նկատմամբ` վերջինիս առողջությանը պատճառելով ծանր մարմնական վնաս: Հիշեցնենք, որ երիտասարդը զրկվել է մեկ աչքի տեսողությունից։
Նույն աղբյուրի համաձայն՝ ապացույցների համակցությամբ` Տ.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան` նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ: Նախաքննությունը, ինչպես ասվում է, շարունակվում է:
Այդ գազանությանը մասնակից լինելու կասկածանքով մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց, այդ թվում՝ Սյունիքի մարզպետի եղբորը (խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին), Սյունիքի մարզպետի վարորդի տղային, էլի երեք հոգու, ևս մեկի նկատմամբ հետախուզում է հայտարարված: Նախօրեին էլ, փաստորեն, հերթը հասավ հենց Տիգրան Խաչատրյանին: Քննչական կոմիտեն նրան մեղադրանք առաջադրեց և կալանավորման միջնորդություն ներկայացվեց:
Հավելենք, որ հոդվածը՝ 112-րդի 1-ին մաս, որով մեղադրանք է առաջադրվել Սյունիքի մարզպետի որդուն, վերաբերում է անձի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելուն, մասնավորապես՝ «դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով...», ինչի համար օրենքով սահմանված է ազատազրկում՝ երեքից յոթ տարի ժամկետով:
Ի դեպ, զարմանալի է, որ չեն նշվում նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 9-րդ կետերը, այն է՝ նույն արարքը, որ կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից և խուլիգանական դրդումներով:
Համենայն դեպս այդ հատկանիշներն առկա են. հարձակումն իսկապես կատարվել է մի խումբ անձանց կողմից, ինչը հուշում է այս գործով որպես մեղադրյալ ներգրավվածների քանակությունը, հարձակման ու բռնության թիրախ են եղել Հարություն և Մուշեղ Զաքարյանները, և տեղի ունեցածը պարզորոշ տեղավորվում է «խուլիգանական դրդումներ» ասվածի շրջանակում: Նկատենք, որ հիշյալ հանգամանքների և դրանց ապացուցման դեպքում սահմանված պատիժն ավելի խիստ է՝ 5-10 տարի ազատազրկում:
Ամեն դեպքում արժե նկատել, որ մայիսի 2-ին տեղի ունեցած ու թերևս ամբողջ Գորիսին հայտնի եղելության հետ կապված քրեաիրավական քայլերի ու զարգացումների համար այդքան երկար ժամանակ պահանջվեց ու դեռ կպահանջվի: Ի վերջո, գրեթե երեք ամիս է անցել: Բայց հայրենի իրողությունները նկատի ունենալով և իրատեսության զգացողությունը չկորցնելով՝ նկատենք նաև, որ ինչ-որ առումով հաջողություն կարելի է համարել, որ Քննչական կոմիտեի իրականացրած նախաքննությունը «հասավ» այն անձնավորությանը ևս, որի անունն առաջինն ու ամենից շատ էր շոշափվում «Սդղի գյոլի» այս քրեական պատմության մեջ:
Առհասարակ վերջին շրջանում ու ոչ միայն Սյունիքի անցուդարձի հետ կապված՝ ավելի հաճախ է նման տպավորություն ստեղծվում, որ ոստիկանությունը մի կողմ քաշված է: Վերջին ամիսներին Երևանում ժամանակ առ ժամանակ գանգստերական ֆիլմեր հիշեցնող հարձակումներ ու սպանություններ են տեղի ունենում: Մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ սպանվեցին Լևոն Ղազարյանը («Երրորդմասցի Լյովիկ») ու նրա հետ եղած ևս երկու անձնավորություն, վերջերս՝ հուլիսի 14-ին, կարելի է ասել՝ իր տան դռանը սպանվեց 35-ամյա Արթուր Հովհաննիսյանը, որ որոշակի շրջանակներում հայտնի էր «Չուգուն» մականունով:
Այս ընթացքում էլի զարգացումներ տեղի ունեցան: Ըստ որում, դատելով այն բանից, թե հուլիսի 10-ին իրավապահներն ինչպես ձերբակալեցին Արթուր Ղազարյանին («Տույ») և նրա հետ եղած անձանց՝ ոստիկանությունը կարծես այնքան էլ մի կողմ քաշված չէ:
Ողջ խնդիրը, ի վերջո, այն է, որ օրենքը պայմանական վերաբերմունք չի ընդունում: Հատկապես՝ քրեական եղելությունների դեպքում: Պայմանական վերաբերմունքն օրենքի մահն է: Իսկ երբ օրենքը չի գործում, սկսում են գործել բոլորովին այլ օրենքներ՝ հաշվեհարդարի, վենդետայի, բռի ուժի: Իսկ դա ոչ մի հասարակության դեռ որևէ լավ տեղ չի տարել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hakobyan.31521/posts/880523682022053?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել