Հետո միասին կքայլենք Մաշտոցի պողոտայով, ապա կհատենք Թումանյանը, կհասնենք Հյուսիսային, սակայն առաջին կանգառում մնացած դառը հիշողությունները դեռ դրոշմված կլինեն քո մեջ, քո աչքերում դեռ սավառնում է այն ծիծեռնակը, որին հանդիպեցինք Պրոսպեկտում՝ ծառի տակ, մոռացված ու լքված, մահացած, անկենդան, սառած հայացքով երազկոտ ժպիտով... Հավանաբար նա էլ ինչ որ մեկին սիրում էր այնպես, ինչպես ես հիմա, հավանաբար նա էլ ինչ-որ մեկին նվիրել էր իր սիրտը, ու նրա հոգում ինչ-որ մեկն իր բացակայությամբ դատարկություն էր բացել, երևի նա ընկել էր թռիչքի պահին, ընկել էր այնտեղ, որտեղ պիտի դնեիր քո ոտքը, այնտեղ, որտեղ պիտի կաթեր քո արցունքը: Ինչքան գեղեցիկ էր նա, բայց «էր», որովհետև նա այլևս չկար, իրոք ո՞ւմ էր պետք նա... Ոչ մեկին, նա ընկած էր փողոցի եզրին ու երևի սպասում էր արժանավայել թաղման, բայց ո՞վ պիտի նրան այդպիսի պատիվ ընծայեր, սակայն հայտնվեցիր ահա դու, ով ավելին տվեց նրան, այժմ այդ թռչունը թաղված է քո ծանր արցունքի շերտի տակ, միգուցե երեկոյան այդտեղ անցել են մի քանի տղաներ, կոխրճել նրա մարմինը, թքել նրա վրա: Իսկ այդ ծիծեռնակի  կտուցում թաքնված էին քո հիշողությունները, դու ևս մի օր առաջ կորցրել էիր քո թռչնին, իսկ այս մեկին ով էր կորցրել... Այս մեկին կորցրել էր «ՈՉ ՈՔԸ». նա բոլորինն էր, ուստի նաև ոչ մեկինը: Գիտե՞ս, ես մի բան հասկացա. մենք հավերժ չենք, այսօր կանք, իսկ վաղը միգուցե թռիչքի պահին ընկնենք սրտի կաթվածից, ու մեզանից հետո եկողները կկոխրճեն մեր շիրիմները, կթքեն մեզ վրա, կհայհոյեն մեզ այստեղ նետողին, նրա մորը, ապա հորը ու կանցնեն, կանցնեն, իսկ մեկ ուրիշը՝ հավանաբար քեզ նման ցածրահասակ, քեզ նման գեղեցիկ ու քեզ պես բարի, կմոտենա, կվերցնի մեզ, կդնի տոպրակում ու կթաղի մեզ արժանավայել կերպով ու հողի հաստ շերտի տակ, երբ միմյանցից արդեն հեռու կլինենք, երբ երևի դու դեռ կճախրես՝ կարծելով, թե քո կողքին եմ, ես կհասկանամ, որ հոգիս դատարկվել է. քո բացակայությունը իմ մեջ բանաց մեծ մի դատարկություն: Բայց ես զարմանալիորեն երջանիկ եմ, որովհետև այսօր քեզ հետ տեսա այդ թռչունին ու այսօր միասին հասկացանք, որ վաղը մենք ենք այստեղ պառկելու ավելի հանգիստ ու սառը հայացքով, կապտած շուրթերով, արցունքոտ ու դեռ իր նպատակին չհասած ժպիտով:
Քիչ առաջ անցնում էի այդ նույն վայրով, իսկ ծիծեռնակն այլևս չկար...
Ու ես երջանիկ եմ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել