21-րդ դարի սկզբին Եվրոպան հանդես է գալիս որպես ազատ և ժողովրդավարական պետությունների դաշինք, իսկ նրա կողմից ստեղծվող նոր արժեքները և գաղափարները միտված են փոխել քաղաքակրթության դեմքը:

Ահա եվրոպական արժեքների վերաբերյալ միտքը, որի մասին վերջերս շատ է խոսվում: Բայց կարծում եմ՝ մինչ  փոփոխվող քաղաքակրթության մաս կազմելը պատկան մարմինները լավ կլինի նախ փոխեն մեր հայրենի գյուղերի ու ավանների փտած խողովակները, որից բխող կոհակները բոլորովին կապ չունեն Աշուղ Ջիվանու  խոսքերի հետ, որի համաձայն.

«Կոհակներու մէջ հոգի կա,
Դրախտի միջից դուրս կու գա,
Ա՜խ, իմ հայրենիքիս ջուրը»:

Որովհետեւ այդ կոհակների մեջ ահագին հայրենական բակտերիաներ կան, որոնք  ջրի հետ մտնում են հայրենի երեխաների օրգանիզմ  ու  առաջացնում վարակիչ հիվանդություններ՝ լուծ, տիֆ ու դիզենտերիա:

Ամեն դեպքում հայրենի գյուղերի երեխաները ո՛չ «քաղցր քան նռան գինի, հայրենի ջրի» մասին գաղափար ունեն եւ ո՛չ էլ եվրոպական արժեքների: 

Աշուղ Ջիվանին եթե կենդանի լիներ ու տեսներ այս ժանգոտած խողովակներն ու ջրափոսերը, հաստատ այդքան սրտառուչ երգ չէր գրի հայրենիքի ջրի մասին:

Նա  թերեւս կզգուշացներ պատկան մարմիններին, որ եվրոպական արժեքները հնարավոր չէ ներմուծել փտած խողովակներով, ուրեմն ավելի լավ է խոսել մարդկային ամենանախնական արժեքների մասին:

Իսկ եթե այս արժեքների մասին խոսելու տրամադրություն կա, հրավիրում եմ ձեզ ներկա գտնվել  լուսանկարի միջի տանը, որտեղ մի երկու բաժակ կխմենք ամենանախնական հնարավորություններից  զրկված հայրենի օջախի կենացն ու կշարունակենք թեման:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել