Մի քիչ վիճակագրություն
Բազմաթիվ էմպիրիկ հետազոտությունները հիմնականում հաստատում են նախագահական համակարգի նկատմամբ պառլամենտականի առավելության թեզը:
Ըստ Արենդ Լիյպհարթի , 1999 թ. աշխարհի 36 դեմոկրատիաներից 31 - ը պառլամենտական են, 4 - ը՝ նախագահական (ԱՄՆ, Կոլումբիա, Կոստա Ռիկա, Վենեսուելա), իսկ մեկը՝ Շվեյցարիան, ունի հիբրիդ կառավարման ձև:
Քանի որ Լիյպհարթը չի ընդունում կիսանախագական կառավարման ձևի կատեգորիան, նա պառլամենտական երկրների թվին է դասում նաև Ֆրանսիան, Ֆինլանդիան, Պորտուգալիան, Ավստրիան, Իսլանդիան և Իռլանդիան: Ընդ որում, Ֆրանսիան Լիյպհարթը դասում է նախագահական երկրների թվին այն ժամանակահատվածում, երբ նախագահը փաստացի գործադիր իշխանության ղեկավարն է: Իսրայելը, որը մինչև 2001 թ. կիսապառլամենտական էր, Լիյպհարթը նույնպես դասում է նախագահական երկրների թվին:
Ալֆրեդ Ստեփանը և Սինդի Սկաչը իրենց 1993 թ. հրատարակած հայտնի հոդվածում փորձեցին էմպիրիկ փաստերի օգնությամբ ապացուցել, որ պառլամենտական համակարգերն ավելի նպաստավոր են դեմոկրատական կոնսոլիդացիայի համար, քան նախագահականները: Ըստ նրանց՝ 1979 - 1989 թվականներին 43 կոնսոլիդացված դեմոկրատիաներից միայն հինգն էին նախագահական:
Ըստ Մեյնվորինգի , 1945 - 1992 թթ. ժամանակահատվածում 31 նախագահական երկրներից միայն յոթն են կայուն եղել (առնվազն 25 տարվա ընթացքում), այն դեպքում, երբ 44 պառլամենտական երկրներից կայուն են եղել 25 - ը:
Ստեփանի և Սկաչի բերած ամենատպավորիչ տվյալն այն է, որ 1945 - 1979 թթ. ընթացքում անկախություն ձեռք բերած 93 երկրների թվին պատկանող 36 նախագահական և 3 կիսանխագահական երկրներից և ոչ մեկը չի դարձել կայուն ժողովրդավարական երկիր, մինչդեռ 1980 - 1989 թթ. ժամանակահատվածում կայուն ժողովրդավարական է եղել 15 պառլամենտական երկիր:
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ չհանդիսացող 53 երկրների թվում, որոնք 1973 - 1989 թթ. ժամանակահատվածում առնվազն մեկ տարի դեմոկրատական են եղել, գոյություն է ունեցել 28 պառլամենտական և 25 նախագահական երկիր:
Եթե նախագահական երկրներից միայն հինգն են (20 տոկոս) առնվազն տաս տարվա ընթացքում եղել դեմոկրատիաներ, ապա պառլամենտական երկրների թիվը 17 է եղել (61 տոկոս): Այդ նույն ժամանակահատվածում 10 նախագահական երկրում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում (40 տոկոս), այն դեպքում, երբ պառլամենտական երկրներից ռազմական հեղաշրջում է կատարվել միայն 5 - ում (18 տոկոս):