Այս արվեստն արտահայտվում է մարմնի շարժումների միջոցով՝ երաժշտության ուղեկցությամբ։ Այն ինքնաարտահայտման լավագույն միջոցներից մեկն է, շփման յուրահատուկ լեզու ամբողջ աշխարհում։

BlogNews.am-ի այս նոր նախագիծը պարի մասին է. մենք հավաքել ենք տարբեր ոճում պարող երիտասարդների և ներկայացրել նրանց պարերի առանձնահատությունները: Օրինակ՝ հայկական ազգային պարն ունի հազարամյակների պատմություն և սկիզբ է առել դեռևս նախաքրիստոնեական շրջանում, հիփ-հոփը կամ բրեյք դանսը ծնունդ է առել ԱՄՆ-ում 1970-ական թվականներին, բաչատան ծագել է Դոմինիկյան Հանրապետությունում, այն պարում են ամբողջ աշխարհով մեկ, բայց տարբեր ձևերով: 20-րդ դարի վերջին արգենտինական Բուենոս Այրես քաղաքը դարձավ հայտնի տարբեր երկրներից ժամանած գաղթականների շրջանում, ովքեր իրենց հետ բերել էին տարբեր երաժշտական գործիքներ, և տարբեր կուլտուրաների համադրումից էլ ստեղծվեց նոր պար՝ տանգո: Բալետն առաջացել է Իտալիայում, Վերածննդի դարաշրջանում։  

Անուշիկ Մանուկյան, 22 տարեկան, պարով զբաղվում է արդեն 17 տարի

Չորս տարեկան հասակից պարել եմ իմ ծնողների ղեկավարած «Փոքրիկ Երևանցիներ» պարային համույթում, որը հիմա ղեկավարում եմ ես: Ութերորդ դասարանից տեղափոխվեցի պարարվեստի ուսումնարան, չորս տարի ուսում ստացա, պարեցի Վանուշ Խանամիրյանի անվան «Բարդիներ» պարային անսամբլում՝ որպես մենակատար: Հիմա պարում եմ Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային անսամբլում, որի գլխավոր բալետմեյստերն է՝ պրոֆեսոր Կարեն Գևորգյանը: Մայրս բալետի պարուհի է եղել, բայց ես իմ խառնվածքով մի քիչ այլ եմ, և բալետն այդքան էլ իմը չէր: Հիմա սկսել եմ ուսումնասիրել ֆլամենկոն, իմ ամբողջ էմոցիան ներդնում եմ իսպանականի մեջ, իսկ հայկական պարը լրիվ այլ և անհասանելի աշխարհ է, երբ կարողանում ես հասկանալ քո արմատները: Ինձ համար շատ հուզիչ էր պարել «Ադանա» պարը, վերջում այն աղոթքի պես է ավարտվում: Հիշում եմ՝ ինչպես էի փշաքաղվել բեմում կանգնած, երբ մարդիկ ոտքի կանգնեցին, հիմա էլ պատմելիս հուզվում եմ: Պարը նաև մոդելինգին է օգնում, քանի որ կարողանում ես այնպիսի միմիկաներ փոխանցել, որոնք հեշտացնում են աշխատանքը: Հենց պարի միջոցով եմ հաջողության հասել նաև մոդելինգի ասպարեզում:

Ռիմա Պիպոյան, 27 տարեկան, պարով զբաղվում է արդեն 18 տարի

Ես ավարտել եմ Պարարվեստի ուսումնարանը։ Երբ երեք տարեկան էի, Կարապի լիճը բալետն էի տեսել հեռուստատեսությամբ և սիրահարվել: Սիրում էի Մայա Պլիսեցկային և նրա նկարը բարձիս տակ դրած էի քնում, բայց հետաքրքիր էր, որ ծնողներս ինձ այլ ոճերի պարերի էին տանում, իսկ ես պնդեցի, որ բալետ եմ ուզում: Բալետում ամեն ինչ պետք է իդեալական լիներ, բարդությունն այն էր, որ ես մինչև վեցերորդ դասարան ամենաբարձրահասակն եմ եղել, հետո միանգամից բոյս կանգնեց: Քանի որ ես բեմադրելու ձիրք ունեմ, սկսեցի նաև բեմադրել, մինչև հիմա հարյուր բեմադրություն ունեմ: Ինձ ավելի շատ նմանեցնում են Ֆրիդա Կայոյին, բայց պատմության մեջ ինչքան հայտնի կին գիտեք, ես նրանց մարմնավորել եմ:

Սոնա Վարդանյան, 26 տարեկան, պարով զբաղվում է 17 տարի  

Փոքր ժամանակ շատ նիհար էի և տվյալներով համապատասխանում էի բալետին: Մայրիկս տարավ, երբ դեռ շատ փոքր էի և չգիտեի, թե ուր եմ հայտնվել, տարիների ընթացքում սիրեցի, իսկ հիմա կարծես անբաժան ենք իրարից: Բալետը շատ մեծ աշխատասիրություն պահանջող արվեստ է, մեծ ֆիզիկական ծանրաբեռնվածություն է պահանջում: Դուրս եմ եկել բեմ դեռ Պարարվեստի ուսումնարանից, փոքրիկ պար եմ պարել, իսկ Օպերայի և բալետի թատրոնի բեմում հանդես եմ եկել տարբեր ներկայացումներում: Ամենասիրելի ներկայացումը, որ պարել եմ, «Սպարտակն» է եղել:

Լաուրիտա Բաբաքյոխվյան, 21 տարեկան, պարով զբաղվում է 16 տարի

Ծնվել եմ Չեխիայում, ապրել եմ Հունաստանում 16 տարի: 5 տարեկանից գնացել եմ պրոֆեսիոնալ պարի դպրոց Հունաստանում, սկսել եմ բալետից, հետո համատեղ սկսել եմ հիփ-հոփ պարել, զգացի, որ դա իմն է: Շատ սիրում եմ հիփ-հոփի մասին բոլոր ֆիլմերը, պարտադիր նայում եմ: Հունաստանում պարել եմ մի քանի տեսահոլովակներում, ինչպես նաև Սակի Ռիվասի մենահամերգին, նաև հունական ֆիլմում եմ նկարահանվել, որտեղ պարում էինք: Ես պարելիս աշխատում եմ ոչինչ չմտածել, փորձում եմ միջիս բոլոր էմոցիաները դուրս հանել: Թիմ Նոբելը, ով հանդիսանում է Քայլի Մինոգի պարերի բեմադրողը, եկել էր Հունաստան, նա ինձ դիպլոմ հանձնեց իր սեմինարից:

Նինա, 29 տարեկան, պարով զբաղվում է 10 տարի

Փոքր տարիքում ես զբաղվում էի լողով, հետո շարունակեցի նույն աշխատանքն անել արդեն կրկեսում. ջրային համարներ էինք ցույց տալիս: Երբ հերթական շրջագայությունից վերադարձա տուն, կրտսեր քույրս խնդրեց ընկերակցել նրան և գնալ արաբական պարերի դասընթացների: Արդյունքում քույրս մի քանի դաս հետո թողեց պարը, իսկ ես շարունակեցի և այն դարձավ իմ հիմնական մասնագիտությունը: Այս պարն ազգություն չի ճանաչում, երբ մարդը տեսնում է գեղեցիկ պար, դրական էմոցիաներ է ապրում: Ես ուրախ եմ, որ իմ պարով ուրախացրել եմ շատ մարդկանց: Ամենաբարդը հանդիսատեսի հետ աշխատելն է, բայց տարիների և փորձի արդյունքում այն հեշտանում է:

Հարություն Թոփալիդիս, 26 տարեկան, պարով զբաղվում է 14 տարի

Քնարիկ Կարապետյան, 27 տարեկան, պարով զբաղվում է 18 տարի  

Քնարիկ. Սկսել եմ պարել 9 տարեկանից, ավարտել եմ Պարավեստի ուսումնարանի դասական բաժինը, միասին պարում ենք 2008 թվականից, բայց մեր ծանոթության առիթը պարը չի եղել:  

Հարություն. Սկսել եմ պարել 12 տարեկանից, սկսել եմ սպորտային պարերից, մինչ այժմ էլ շարունակում եմ պարել այդ ոճում, իսկ արգենտինական տանգոն սկսել ենք ուսումնասիրել միասին:  

Միասին պարում ենք «Ինտերդենս» համույթի հետ: Պարից առօրյայում խոսում ենք հիմնականում այն ժամանակ, երբ պետք է ինչ-որ բան պատրաստենք, բայց աշխատում ենք շատ չխոսել այդ թեմայով:

Անի Դավթյան, 24 տարեկան, պարով զբաղվում է արդեն 5 տարի

Ծնվել եմ Երևանում, բայց սովորում եմ Մոսկվայի համալսարաններից մեկում, իրավաբանական բաժնում: Պարել սովորել եմ կուբացիների պարի դպրոցում: Դասավանդում եմ անհատական լատինո պարեր, իսկ երբեմն էլ հաճախում եմ լատինո փարթիներին: Ինձ դուր է գալիս բաչատան, այն շատ կրքոտ պար է, կարծես կտրվում ես ամեն ինչից: Հետաքրքիր է, որ Հայաստանում բաչատան այլ կերպ են պարում, իսկ ես այն ուրիշ կերպ եմ սովորել: Բոլորի հետ չես կարող պարել բաչատա, կան զուգընկերներ, ում հետ պարելիս շատ հաճելի է: Ես հիմա սկսել եմ աֆրիկական պարեր սովորել, դրանք ինձ ևս դուր են գալիս:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել