Սահմանադրությունը սահմանում է պետության ղեկավարի գործառույթները, հիմնական (օրենսդիր, գործադիր, դատական) մարմինների ստեղծման եղանակը, նրանց փոխհարաբերությունները, լիազորությունների շրջանակը, անհատի իրավունքներն ու պարտականությունները, ընտրական համակարգի սկզբունքները և այլն, ինչպես նաև սահմանադրության փոփոխման ու հաստատման կարգը:
Ի տարբերություն այլ օրենսդրական ակտերի՝ սահմանադրությունն ունի հիմնարար բնույթ, որով պայմանավորված՝ սովորաբար ընդունվում կամ փոփոխվում է ժողովրդի կողմից հանրաքվեի միջոցով կամ ժողովրդի անունից խորհրդարանի միջոցով: Ուստի սահմանադրությունը ժողովրդի բարձրագույն կամքն արտահայտող հասարակական պայմանագիր է, դաշինք:
Սահմանադրությունը, արդի իմաստով՝ որպես պետության հիմնական օրենք, առաջին անգամ ընդունվել է XVIII դարում: ԱՄՆ-ում առաջին սահմանադրությունն ընդունվել է 1787 թ-ին Ֆրանսիայում, Լեհաստանում՝ 1791 թ-ին:
Հայ իրականության մեջ առաջին կանոնական սահմանադրությունն ընդունվել է 365 թ-ի Աշտիշատի ազգային-եկեղեցական ժողովում: Սահմանադրության՝ որպես պետության հիմնական օրենքի, առաջին նախագիծը «Որոգայթ փառաց» աշխատությունն է. գրել է հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ Շահամիր Շահամիրյանը 1773–88 թթ-ին Հնդկաստանի Մադրաս քաղաքում: 521 հոդվածից բաղկացած նախագծում ներկայացվել է ապագա անկախ Հայաստանի հասարակական, պետական կառուցվածքը, կառավարման մարմինների ստեղծման կարգը, իրավասությունները, քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները, տնտեսության, լուսավորության, զինված ուժերի կազմակերպման հարցերը և այլն, առաջարկվել է վերացնել դասային աստիճանակարգումները, քաղաքացիներին տալ խոսքի, դավանանքի, անձի ու գործունեության ազատություն:
Մյուս փաստաթուղթը Կոստանդնուպոլսի Հայոց ազգային ժողովի ընդունած «Ազգային սահմանադրությունն» է, որը վավերացրել է (150 հոդվածից 99-ը) սուլթանը 1863 թ-ի մարտի 17-ին՝ «Հայոց ազգի կանոնադրություն» վերտառությամբ: Այն սովորական օրենք էր և ընդունվել էր՝ կարգավորելու Օսմանյան կայսրության հայերի ներհամայնքային կյանքը:
Խորհրդային տարիներին ընդունվել է ՀԽՍՀ 3 սահմանադրություն՝ 1922, 1937 և 1978 թթ-ին, որոնց հիմքում ԽՍՀՄ սահմանադրությունն էր:
ՀՀ գործող սահմանադրությունն ընդունվել է 1995 թ-ի հուլիսի 5-ին հանրաքվեի միջոցով, իսկ 2005 թ-ի նոյեմբերի 27-ի հանրաքվեով բարեփոխվել է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/853193324771864?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել