Միխեիլ Սաակաշվիլիին գահընկեց անելու և Վրաստանն իր տիրապետության տակ առնելու համար Մոսկվան դիմեց ուշագրավ մարտավարության՝ ստեղծելով «Վրացական երազանքը», որի գլուխ կանգնեց ռուսական պաշտոնական շրջանակների հետ ստվերային բարեկամություն անող միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին: Սա ամերիկյան կողմի նախագծած «Վարդերի հեղափոխության» հակաքայլն էր, որը սկզբում մեծ արձագանք գտավ Վրաստանում, Սաակաշվիլիի իշխանությունից դժգոհներին միավորեց: Ի վերջո, «Վրացական երազանքը» եկավ իշխանություն՝ այժմ էլ անզոր լինելով թաքցնել ներքին հակասությունները: Ոչ ոք չմեկնաբանեց Իվանիշվիլու հեռանալն իշխանությունից, ոչ ոք չուզեց գնահատականներ հնչեցնել: Սա վկայությունն էր այն բանի, որ ընդունելով Մոսկվայի «հուշումները», Սաակաշվիլուն հեռացնելով իշխանությունից, այնուհանդերձ, վրացական ազգային ուժերը կարողացան նաև իրենց ձերբազատել Կրեմլի ազդեցություններից և զերծ մնալ Պուտինի «կրնկի տակ» մնալու հեռանկարից…
Այսօր Հայաստանում ստեղծվել է «Հայկական վերածնունդ» միավորումը, որը գլխավորում է Արթուր Բաղդասարյանը, և որի միջուկը կազմում է «Օրինաց երկիրը»: Իսկ միավորման «ստնտուն» Արա Աբրահամյանն է: Արդեն իսկ անունների որոշակի նմանությունը՝ «Վրացական երազանք» և «Հայկական վերածնունդ», հուշում է, որ երկու նախագծի ակունքներում էլ միևնույն մարդիկ են կանգնած, միևնույն «հուշարարներն» են գործում: Իսկ սա ապացուցելու համար դիմենք մի քանի փաստարկումների և վերլուծության: Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը տևական ժամանակ կատարում էր «կրեմլյան կուրատորի» դերը և ուղղորդում էր Սերժ Սարգսյանին: Սակայն եկավ պահ, որ նկատելի դարձան Սարգսյան-Աբրահամյան անհամաձայնությունները, որոնք մերթ պայմանավորվեցին Աբրահամյանի եղբայրներից մեկին նախարար նշանակելու ցանկության մերժմամբ, մեկ այլ դեպքում՝ Արա Աբրահամյանին Հայաստանում բիզնես արտոնությունների տրամադրմամբ, մանավանդ որ ՌՀՄ նախագահը վերջին շրջանում ֆինանսական մեծ կորուստներ է արձանագրում համաշխարհային և չինական տնտեսություններում տեղի ունեցող վայրիվերումների հետևանքով: Իհարկե, 2014-ի նոյեմբեր-դեկտեմբերին, երբ Հայաստանում տեղի ունեցավ «դոլարային բում», Արա Աբրահամյանի անունն էլ շրջանառվեց այն մարդկանց ցանկում, որոնք մեկ օրվա ընթացքում մոտ 250 մլն դոլար էին դուրս բերել Հայաստանից և տարել Ռուսաստան: Բայց դա չնչին գումար էր՝ լուծելու այն բոլոր ֆինանսական խնդիրները, որոնց առջև կանգնել էր Արա Աբրահամյանը: Ժամանակ առաջ մեկ օրվա ընթացքում երկու անգամ նախագահականում տեղի ունեցավ հանդիպում Սերժ Սարգսյանի և Արա Աբրահամյանի միջև, որոնք չլուսաբանվեցին, սակայն հայտնի դարձավ, որ ՌՀՄ նախագահը Բաղրամյան 26-ից հեռացել է ոչ բարձր տրամադրությամբ:
Եվ ահա այս ամենին գրեթե զուգահեռ Արթուր Բաղդասարյանը ստեղծում է «Հայկական վերածնունդը», ապա քավորություն է հաստատվում նրա և Արա Աբրահամյանի միջև… Մեծ խաղերում ոչինչ պատահական չի լինում: Քավորության հաստատումից և «Հայկական վերածննդի» ստեղծումից կարճ ժամանակ անց Արթուր Բաղդասարյանը դառնում է ռուսական խոշորագույն ընկերություններից մեկի տնօրենների խորհրդի անդամ… Չմոռանանք նաև մի կարևորագույն հանգամանքի մասին՝ Արթուր Բաղդասարյանի մտերմագույն ընկեր Մհեր Շահգելդյանն Արա Աբրահամյանի գլխավորած Հայերի համաշխարհային կոնգրեսի փոխնախագահն է… Այս բոլոր փաստերի համադրմամբ կարող ենք վստահաբար ասել, որ «Հայկական վերածնունդը» կրեմլյան նախագիծ է: Ասվածի հիմնավորումներից մեկն էլ Արթուր Բաղդասարյանի «գաղափարական մետամորֆոզն» է: Ընդգծված արևմտամետ Արթուր Բաղդասարյանը հանկարծ դարձավ մոլի ռուսամետ, Մոսկվայի կողմից մեծ վստահության արժանացած մարդ: Նշանակում է, Կրեմլը Հայաստանում փնտրում էր հենց այն անձնավորությանը, որի հետ հետագայում կապելու է իր բոլոր ծրագրերը: Եվ այս ծրագրերը չեն լինելու Սերժ Սարգսյանի դեմ, այլ ձևավորվելու են այսպես կոչված այլընտրանքային մոտեցումներ, որոնք անհրաժեշտ պահին կուղղվեն հենց Սերժ Սարգսյանի դեմ: Ուշադրություն դարձնենք, որ ընտրվել է մի մարդ, ով «պորտալարով» կապված է Սերժ Սարգսյանին և հանդիսանում է նրա ստեղծած «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդը: 2008-ի նախագահական ընտրությունների ողջ ինտրիգն ամփոփված էր Սերժ Սարգսյան-Արթուր Բաղդասարյան ալյանսի պայմանավորվածություններում: Այսինքն՝ Մոսկվան խաղադրույքը դնում է Արթուր Բաղդասարյանի վրա՝ մի կողմից երաշխիքներ տալով Սերժ Սարգսյանին, որ կանգնած է նրա կողքին, և անհրաժեշտ պահին «Հայկական վերածննդին» կուղղորդի դեպի Սարգսյանը, մյուս կողմից Արթուր Բաղդասարյանին դիտարկում է որպես հարազատ անձնավորություն՝ իրավիճակից դրդված՝ նրա հետ լուծելու ներհայաստանյան հետագա զարգացումների հարցը…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.mutafyan/posts/677371389033989?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել