Սոցիալական դժվարին իրավիճակում գտնվող բնակչության համար էլեկտրաէներգիայի թանկացումը հիմնական խնդիրներից մեկն է: Պատճառները շատ են. սկսած նրանից, որ համաձայն ուսումնասիրությունների` աղքատ ընտանիքների եկամուտների 10-15 %-ը ծախսվում է միայն էլեկտրաէներգիայի վրա, վերջացրած, որ այն ունենում է շղթայական ազդեցություն առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացման հարցում: Եվ այս պայմաններում ամենևին պատահական չէ, որ հասարակությունն ընդվզում է ոչ թե խայտառակ էներգետիկ համակարգ և կառավարիչներ ունենալու, այլ գնաճի դեմ: Ստեղծվում է զավեշտալի իրավիճակ. հանրային ծառայությունները հարամող հանձնաժողովը հայտարարում է հերթական գնաճի մասին, հասարակությունն սկսում է ընդվզել, իսկ հիմնական պատասխանատուն` էներգետիկայի նախարարությունը, հյուրի կարգավիիճակով կողքից հետևում իրադարձություններին, կարծես ինքը չէ այս ամենի մեղավորը: Դեռևս 2014 թվականին, երբ գրանցվեց էլեկտրաէներգիայի սակագնի հերթական թանկացումը, պատկան կառույցներն ստիպված էին ընդունել, որ համակարգում կան լուրջ ճեղքվածքներ, ընդունել, որ համակարգը կառավարվել է վատ, բայց քանի որ էներգետիկայի նախարարությունն իսպառ բացակայում էր, խնդիրն իբրև թե փոխվեց գնաճով, ի դեպ առանց կառավարիչների փոփոխության: Բոլորն ստիպված էին ընդունել, որ համակարգում կան լուրջ խնդիրներ, որ պետությունը չունի էներգետիկ սուվերենություն, չի կարողանում որոշել էներգետիկ սեկտորի զարգացման ուղղությունները, առավել ևս, համահունչ դարձնել տնտեսական զարգացման հեռանկարների հետ: Բոլորը գիտակցում էին, որ թանկացումն ընդամենը համակարգի աշխատանքը պահելու և ոչ զարգացնելու համար է, անգամ եթե իրականացվի որևէ ներդրում, վերջինս չի իրականացվելու նոր հզորությունների ստեղծման համար: Բոլորն էին գիտակցում, որ համակարգն իրեն սպառել է թե’ ֆիզիկապես և թե’ բարոյապես: Հասկացան, որ համակարգն ուղղակի քայքայվում է, ակտիվներն ամորտիզացվում են, ևս մեկ քայլով մոտենում ենք փլուզմանը, բայց… 
Էներգետիկայի նախարարությունն անգամ հարկ չհամարեց խոսել խնդիրների մասին, և նույնը շարունակվում է այսօր: Եվ սա այն դեպքում, երբ փոխվել էր համակարգի ողջ փիլիսոփայությունը, քանզի, ըստ էության, ժամանակին ռուսական կողմի հիմնական նպատակն էր օգտագործել Հայաստանի դրվածքային հզորությունները, արտադրել էլեկտրաէներգիա, ավելցուկը վաճառել հարևան երկրներին` Վրաստան, Իրան, Թուրքիա: Ներկայումս այդ երկրներն ունեն սեփական հզորություններ, ավելին` անգամ Ադրբեջանը կարող էր Թուրքիային ավելի էժան էլեկտրաէներգիա վաճառել, քան Հայաստանը, և հետևաբար էներգետիկ համակարգում այլևս չկար քաղաքականություն, և համակարգը գործում էր իրավիճակային, իսկ էներգետիկայի նախարարությունը շարունակում է լռել: 
Հայաստանում այսօր արտադրվում և սպառվում է ավելի քիչ, քան 6 մլրդ կվ/ժ էլեկտրաէներգիա: Համեմատության համար` Խորհրդային Հայաստանում` 14-14.5 մլրդ կվ/ժ: Մեկ շնչին բաժին է ընկնում ավելի քիչ, քան 1500 կվ/ժ, մինչդեռ, օրինակ, Շվեյցարիայում կազմում է 8000 կվ/ժ, էներգետիկ աղքատությունն օր օրի խորանում է, իսկ էներգետիկայի նախարարությունը՝ լռում:
Հ.Գ.
Այսքանից հետո, կարծում եմ, պետք է միայն ավելացնել. «Արի տուն» ծրագրի փոխարեն սփյուռքի նախարարությունն իսկապես ազգանվեր գործ կանի, եթե իրականացնի «Գնա՛ թոշակի» ծրագիրը: Առավել ևս, որ էներգետիկայի նախարար, նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը վաղուց արդեն Հայաստանում հատել է թոշակի տարիքը: Երվանդ Զախարյանի քանդած Երևանը հիշում ենք բոլորս և դեռ երկար կհիշենք, քանզի դժվար թե հնարավոր լինի արագ վերականգնել, առավել ևս այս տեմպերով, և ամենևին կարիք չկա, որ հիմա էլ փլուզվի էներգետիկ համակարգը, եթե, իհարկե, արդեն իսկ փլուզված չէ: Փրկենք գոնե այն, ինչ մնացել է:
Հ.Գ.Գ.
Հարգելի՛ տիկին Հրանուշ Հակոբյան, պատրաստ եմ ողջունել Ձեր նախարարության նախաձեռնությունը, ավելին` դառնալ վերջինիս հիմնական քարոզողը: Սկսե՛ք, ի վերջո, «Գնա՛ թոշակի» ծրագիրը, ավելին՝ պատրաստ եմ միջամտել, որպեսզի ծրագրի մասնակիցներին տրամադրվի ավելի բարձր կենսաթոշակ: Այդ պարագայում համաձայն եմ անգամ, որ սփյուռքից ուղարկված հազար դոլարները տրամադրվեն ծրագրով հեռացածներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել