Վիճակագրական ծառայությունը հրապարակել է հունվար-հունիս ժամանակահատվածի նախնական մակրոտնտեսական ցուցանիշները, որտեղ տնտեսական ակտիվության աճը նախորդ տարվա 1-ին կիսամյակի նկատմամբ կազմել է 3,8%: Եվ այսպես, տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել են գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի աճը՝ 14,5 %, արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը՝ 5,1% և ծառայությունների ծավալի աճը՝ 3,3%: Արդեն տևական ժամանակ է՝ շինարարության ոլորտը չի նպաստում տնտեսական աճի, այն կազմել է ընդամենը 0,6%:
6 ամիսներին տնտեսական ակտիվության աճի վրա զսպող ազդեցություն է կրկին ունեցել առևտրի շրջանառության ծավալների կրճատումը, որը կազմել է 8,2%: Այն դրսևորվել է թե՛ մեծածախ, թե՛ մանրածախ առևտրի ծավալների կրճատման արդյունքում: Դեռևս մտահոգիչ է է նաև արտաքին առևտրաշրջանառության ծավալների կրճատումը (դոլարով) մոտ 30%-ով, որտեղ իր հերթին արտահանումը կրճատվել է 11,2%-ով, իսկ ներմուծումը՝ 36,2%-ով:
Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի աճը, ենթադրվում է, որ ապահովել է հիմնականում բուսաբուծության աճի հաշվին, որ պայմանավորված է իր հերթին բարենպաստ բնակլիմայական պայմաններով: Շինարարության ոլորտում դեռևս չի հաջողվում բեկում մտցնել, և այստեղ ծավալները պահպանվում են հիմնականում Հյուսիս-հարավ ավտոմայրուղու աշխատանքների հաշվին:
Արդյունաբերության 5,1% աճին հիմնականում նպաստել է հանքագործական արդյունաբերության ծավալների աճը, որը գերազանցում է 30-35%-ը: Մշակող արդյունաբերության ճյուղերից զգալի աճ են գրանցել ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը և դեղագործական արտադրանքի արտադրությունը: Կարևոր ճյուղերից՝ անկում է գրանցել խմիչքների արտադրությունը: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները ֆիզիկական արժեքով նույնպես աճ են գրանցել, որը կազմել է 1,5%: Գրանցվել է նաև միջին անվանական աշխատավարձի աճ՝ 10.8%-ով: