Գրառման առաջին մասը կարող եք կարդալ այստեղ: Մատեշիցին այս ըմպելիքի ներկայացման հարցում մեծ աջակցություն ցուցաբերեց թայլանդցի գործարար Չալեո Յովիդյայը, ով հետագայում դարձավ նրա գործընկերը: Հյութը փորձելուց հետո ավստրիացու պլանը հետևյալն էր՝ այն բերել Եվրոպա, քանի դեռ ոչ ոք չի արել: Սակայն նրա ընկերներից ոչ մեկ չհավատաց՝ ասելով, որ շատ մեծ սխալ է անում` իր խնայողությունները ծախսելով մի անիմաստ ըմպելիքի վրա, որի մասին ոչ ոք չգիտի: Ավստրիական շուկա մտնելու համար Red Bull-ն օգտագործեց նույն քիմիական բաղադրությունը, ինչ Kratingdaeng-ը: Հյութը պատրաստ էր, բայց այստեղ էլ Ավստրիայի կառավարությունն է արգելում, քանի որ պետք է թեստ անցներ և ստանար վաճառքի լիցենզիա:

Մինչ Ավստրիայի կառավարությունն այդ հարցերն էր լուծում, Մատեշիցն իր դասընկերոջը՝ Յոհաննես Կաստներին, խնդրում է, որ լոգոտիպը, կարգախոսն ու շշի դիզայնը մշակի: Մատեշիցը նրան  այնքան զզվեցրեց, մինչև որ Կաստները որոշեց մտածել ընկերության լոգոյի, փաթեթավորման, ինչպես նաև գործունեության ոլորտի մասին, քանի որ Ավստրիայում նման գործունեություն գոյություն չուներ: Հետագայում նա մեկ անգամ չէ, որ կշեշտի, թե քանի գիշեր է փոշմանել՝ առաջարկն ընդունելու համար: Կես տարի պահանջվեց, մինչև շիշը, լոգոտիպը և կարգախոսը ընտրվեցին, բայց ամենադժվարը կարգախոսի հարցն էր, քանի որ միշտ էներգիա բառն այնտեղ առկա էր, իսկ Մատեշիցը մերժում էր:

Ամեն անգամ մի որևէ օրինակ ցույց տալուց հետո Կաստները լսում էր հետևյալ պատասխանը՝ «Ոչ, դա այն չէ, ինչ ես ուզում էի, լավ, արի սպասենք վաղվան, միգուցե որևէ նոր բան կրկին մտածենք»: Եվ մի այդպիսի երջանիկ առավոտ Կաստները զանգում է և ասում.

-Դիտրիխ, ես գտել եմ իսկական կարգախոսը՝ «Red Bull gives you wings»՝ «Red Bull-ը քեզ թևեր է տալիս», որն էլ գործում է մինչև օրս:

Բայց կարգախոսը գործի մի փոքր մասն էր, քանի որ ոչ մի գործարան չէր համաձայնվում հյութ թողարկել. բոլորն ասում էին՝ դա ձախողված բիզնես է լինելու: Բայց Մատեշիցը կարողանում է վերջապես համոզել ոչ ալկոհոլային խմիչք արտադրող «Roman Rauch» ընկերության ղեկավարությանը, որպեսզի նրանց գործարանում Red Bull թողարկվի: 1984 թվականին ստեղծվում է Red Bull ընկերությունը, որի 48%-ը Մատեշիցինն էր, մյուս 48%-ը` Յովիդյայինը, իսկ 2%-ը` Չալեոյի որդունը: Ընկերության նախնական կապիտալը կազմում էր 1 մլն դոլար, որի կեսը հավաքել էր Մատեշիցը: Երկար քաշքշուկներից հետո, վերջապես 1987 թվականին սկսվում է այս հյութերի վաճառքը հետևյալ կարգախոսով՝ «Red Bull gives you wings»:

Առաջին երկու տարիներին Red Bull-ը պատճառեց 1 մլն դոլարի վնաս: Քանի՞ գործարար հետ կկանգներ իր մտքից, երբ երկու տարի անընդմեջ կորուստներ կրեր և այն էլ 1 մլն դոլարի: Դա շատերի համար էր, բայց ոչ Դիտրիխ Մատեշիցի, քանի որ այս խենթ գործարարն իրականում գիտեր, թե ի՞նչ է ուզում: Նման անհաջողությունն առաջին հերթին պայմանավորված էր շուկայի բացակայության հետ, որովհետև Եվրոպայում նման ըմպելիքի մասին ոչ ոք չգիտեր: Նա հասկանում էր, որ նոր շուկա է ստեղծելու և պատրաստ էր դրան, քանի որ հենց սկզբից ավստրիացիներին դուր չեկան և բրենդի լոգոտիպը, և անունը, և առավել ես համը: Այս ծանր իրավիճակում Մատեշիցը մի խոսք է ասում, որից հետո շատերը պարզապես ցնցվել էին: Նրանք կարծում էին, որ վերջ, այս համառ մարդը պարտվեց, որովհետև դրսից ոչ մեկից գումար չխնդրելով՝ կարծես թե սնանկանում էր: Յուրաքանչյուր պարտություն նրա մոտ ավելի էր մեծացնում հաջողության հասնելու ցանկությունը: Հենց այստեղ էլ հնչում է նրա հայտնի խոսքն ու այդ պահից սկսած շատ բան թեքվում է դեպի հրաշքը՝

_ Եթե իմ վզին գլուխ կա, ուրեմն այս իրավիճակից մի ելք կգտնեմ:

Բայց Մատեշիցն արեց՝ գիտակցելով, որ նոր ապրանքը շուկա մտցնելու միակ ելքը վիրուսային մարքեթինգն է: Մինչ բոլորը քննադատում էին, նա իր գրասենյակում նստած մտածում էր մարքեթինգային ռազմավարության մասին: Նա հիշում էր, որ Ասիայում էներգետիկ հյութի հիմնական սպառողները վարորդներն էին, իսկ Եվրոպայում ավելի մեծ կլիներ թիրախային աուդիտորիան: Դիտրիխը հավատում էր գովազդի հզորությանը և չտեսնված չափերի հասնող պարտքեր էր վերցնում՝ հավատալով, որ իր ռազմավարությունն աշխատելու է: Հետագայում Մատեշիցը պատմում է, որ վերջնական նպատակը սպառողին դեպի ապրանքը բերելն էր: Բայց ինչպե՞ս:

Այսպիսով Red Bull-ի մարքեթինգային ռազմավարությունը հետևյալն էր՝ ընտրել թիրախային աուդիտորիան և նրա ականջին հասցնել բրենդի մասին տեղեկությունը, այնուհետև հետաքրքիր տակտիկաների միջոցով այդ տեղեկությունը վերածել իրական փորձության: Որտե՞ղ հարվածել, եթե ոչ ուսանողական հանրակացարաններին: Հենց այստեղից էլ սկսվում է ըմպելիքի տարածումը: Սկզբում Red Bull-ի աշխատակիցները ուսանողներին անվճար բաժանում էին հյութեր, կազմակերպում դեգուստացիաներ, մի պայմանով, որ նրանք մասնակցեն երեկույթներին: 1990 թվականին Red Bull-ը գրավեց Ավստրիան, որին հաջորդեց Հունգարիան ու Գերմանիան: Մրցակիցները միանգամից անցան գործի, քանի որ տեսնում էին, թե ինչ մեծ հաջողություն է ունենում Red Bull-ը: Մինչ մրցակիցներն ակտիվանում էին Red Bull-ը տարածվում էր:

Մատեշիցը հիշում էր, որ երեկույթներին շատ հաճախ էին ըմպելիքներ օգտագործում և էներգիայի կարիք էր լինում: Այդ փաստի վրա հիմնվելով՝ հաջորդ վայրն ընտրվեց գիշերային ակումբներն ու բարերը, որտեղ նույնպես երիտասարդներին անվճար բաժանվում էր Red Bull: Red Bull-ի մարքեթինգային հմտությունը կայանում էր նրանում, որ բոլորը շեշտը դնում էին համի վրա, իսկ Մատեշիցը որոշել էր տարբերվել և շեշտը դրեց էներգիայի վրա, այսինքն՝ այս հյութը մարդկանց էներգիայի աղբյուրն է:

Շարունակելի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել