Երեկ հայտնի դարձավ, որ Եվա Ռիվասը վերադառնում է Ռուսաստան շուրջ 2 տարի Հայաստանում մնալուց հետո։ Իհարկե, սա չի նշանակում, որ մենք մեկընդմիշտ կորցրեցինք Եվային, բայց, այնուամենայնիվ, հրաժեշտ տալիս ձեռքով անելու փոխարեն որոշեցի ներկայացնել 5 պատճառ, որոնք ինձ ստիպում են համարել, որ Եվա Ռիվասը նոր որակ հաղորդեց մեր շոու բիզնեսին։
1. Թարմ շունչ
Եվա Ռիվասն առաջին իսկ օրվանից դարձավ նորություն մեր շոու բիզնեսի համար ու առ այսօր շարունակում է հանդիսանալ այդպիսին։ Շնորհիվ իր ծագման, շնորհիվ իր անցած ուղու ինքնատիպության, ինչպես նաև ինդիվիդուալ առանձնահատկությունների՝ Եվան ոչ միայն կարողացավ որպես նորարարություն հանդես գալ մեր էստրադայում, այլև ձևավորեց բացարձակ ինքնատիպ ու չկրկնվող բեմական կերպար ու կարողացավ անել այնպես, որ ինքն իրենով դառնա բրենդ ու առանձին ուղղություն մեր շոու բիզնեսում։
2. Գրագետ էպատաժ
Կան աստղեր, ովքեր փորձում են իրենց անունը տեսանելիության դաշտում պահել տարբեր էժանագին հնարքներով և կեղծ սկանդալներով։ Կան աստղեր, ովքեր ոչինչ չեն անում ու շուտ մոռացվում են։ Կան աստղեր, ովքեր քիչ թե շատ կարողանում են էպատաժ անել։ Ու այս ամենից զատ՝ կա Եվա Ռիվաս, ում կարելի է համարել հայկական շոու բիզնեսի էպատաժի թագուհին, որովհետև ինչ էլ նա անի, դա խոսակցությունների ու քննարկումների ալիք է բարձրացնում. լինի դա կոճակը ոտքով սեղմել, թե հերթական ֆոտոշարք, թե սահմանապահ զորամասի այցելություն, և որ ամենակարևորն է՝ Եվայի պարագայում ամեն ինչ շատ ներդաշնակ է ստացվում ու աշխատում է հենց այնպես, ինչպես պետք է աշխատի։ Ուստի պետք էլ չի զարմանալ, որ Եվան, առանձնապես ոչ մի նոր երգ ու հոլովակ չթողարկելով այս ընթացքում, երկու տարի շարունակ մնաց քննարկումների կիզակետում ու ուշադրության կենտրոնում։
3. Համարձակություն
Շարունակելով նախորդ երկու կետերի տրամաբանությունը՝ ուզում եմ որպես առանձին կետ նշել Եվա Ռիվասի համարձակությունը՝ թե՛ որպես անհատ, թե՛ իր բեմական կերպար։ Եվան չվախեցավ մուտք գործել մի միջավայր, որտեղ նա ընկալվելու էր որպես արտասահմանցի, ու նրա շփման լեզուն այլ էր լինելու։ Եվան չվախեցավ հայտնվել բամբասանքների, ասեկոսեների ու քննադատությունների թիրախում։ Եվան չվախեցավ ու չի վախենում անել այն, ինչ ուրիշ աստղերն իրենց անգամ թույլ չեն տա մտածել, և այս ամենը բերում է այն պոպուլյարությանն ու կայացվածությանը, որով Եվան կարող է պարծենալ։
4. Սեքսուալություն
Եվա Ռիվասն ունի ոչ ստանդարտ արտաքին տվյալներ բոլոր առումներով։ Նա բարձրահասակ է նույնիսկ Ռուսաստանի չափանիշներով, նա ունի հրաշալի մարմին, որն, ըստ ամենայնի, պլաստիկ միջամտությունների էլ է ենթարկվել, նա ունի դաջվածքներ և ամեն ինչ՝ ցանկալի կին լինելու համար։ Ու Եվան ոչ միայն չի ամաչում դրանից ու չի փորձում թաքցնել իր սեքսուալությունը, այլև պարբերաբար ի ցույց է դնում այն՝ իսկական փոթորիկ առաջացնելով մեդիա դաշտում։ Անկասկած, Եվային քննադատողներից շատերը դա անում են պարզապես քննադատելու համար, իսկ իրականում իրենք էլ մեծ հաճույքով ուսումնասիրում են Եվային ու բոլորից թաքուն տենչում նրան։
5. Պրոֆեսիոնալիզմ
Ու վերջապես իմ կարծիքով ամենակարևոր կետը. Եվա Ռիվասը պրոֆեսիոնալ է բառի ամենաիսկական իմաստով։ Նա մանկուց սերտել է երգարվեստը, պատանեկության տարիներից «եփվել» է շոու բիզնեսում, աշխատել է բարձրակարգ պրոֆեսիոնալների հետ ու հարուստ մասնագիտական փորձ է կուտակել, ինչը թույլ է տալիս նրան ոչ միայն հանդես գալ զուտ որպես կատարող, այլև ինքնին հանդիսանալ ուսուցիչ նորաթուխ տաղանդների համար։ Կարծում եմ, որ ոչ ոք չի առարկի, որ «Հայաստանի ձայնը» հաղորդման վերջին եթերաշրջանում մենք մեզ համար բացահայտեցինք նոր Եվա Ռիվասի, ով, բացի սկանդալային բարձրահասակ ու սեքսուալ երգչուհի լինելուց, նաև պահանջկոտ, գրագետ ու լավ մասնագետ է և հրաշալիորեն տիրապետում է ոլորտում անհրաժեշտ մասնագիտական հմտություններին։