Իմ կարծիքով, Սահմանադրական բարեփոխումների այս փաթեթը՝ իր հում լինելով հանդերձ, տալիս է առնվազն մեկ շատ լուրջ հնարավորություն մեր պետությանը, որը կայանում է քաղաքական մրցակցության խրախուսման և միևնույն ժամանակ կառուցողական ընդդիմություն ունենալու մեջ։
Մենք արդեն 20 տարի է՝ մաքառում ենք մի համակարգում, որտեղ խորհրդարանը կրում է ավելի շուտ սիմվոլիկ գործառույթներ, ու փաստացի գործ ունենք առնվազն սահմանադրական միապետության հետ, որն օժտված է բացարձակ միապետության բազմաթիվ հատկանիշներով, ու դա հնարավոր է այդ թվում նաև շնորհիվ գործող սահմանադրության։
Մյուս կողմից, արդեն առնվազն 4-5 անգամ համոզվել ենք, որ արմատական ընդդիմությունը Հայաստանում չի կարողանում արմատներ գցել ու բավականին արագ մարգինալիզացվում է, քանի որ մի կողմից ժողովրդի մեծամասնությունը չի հավատում մեսիաների գոյությանը, լինի այդ մեսիան Ստեփան Դեմիրճյանը, թե Լևոն Տեր-Պետրոսյանը, թե Րաֆֆին, թե առավել ևս Գագիկ Ծառուկյանը, իսկ մյուս կողմից, արմատական ընդդիմությունն, այնուամենայնիվ, այդքան էլ արմատական չէ, որովհետև իրենց բոլոր տարբերություններով հանդերձ՝ մեր ընդդիիմադիր ուժերը հանդիսանում են առկա համակարգի լիարժեք մասերն ու առկա համակարգի արժեհամակարգի կրողները։ Այլ կերպ ասած, մարդիկ գիտեն, որ եթե հաղթի ՀՀՇ-ն, թերևս միակ բանը լինելու է այն, որ ժամանակի ընթացքում ՀՀՇ-ն դառնալու է նույն այն, ինչ ՀՀԿ-ն է, ինչպես դա ժամանակին եղավ հակառակ շարադասությամբ։
Հիմա բարեփոխումների ընձեռած հնարավորության մասին։ Որքան էլ կուսակցապետի իշխանությունը պահպանվի, այն, անուամենայնիվ, նվազելու է ու լինելու է ավելի շուտ կոլեգիալ լիդերության ձևաչափում, իսկ դա, ի թիվս այլ բաների, կարող է բերել ներկուսակցական մրցակցության, երբ, ասենք, նույն ՀՀԿ-ի մեջ մտնող տարբեր խմբավորումներ մրցակցեն իրար հետ՝ ավելի լայն աջակցություն ունենալու համար, իսկ պառլամենտական համակարգում այդ մրցակցությունն, առավել քան նախագահականում, գալիս է ժողովրդական մասսաներում ստեղծվող պոպուլյարությունից։ Ստեղծվելիք իրավիճակը նպաստավոր միջավայր է լինելու բնականոն ինքնազտման, քանի որ ես լավատես եմ ու կարծում եմ, որ նոր համակարգում տարբեր շմայսերն ու գեներալները, թոխմախներն ու այլ մականունավորներն ավելի շատ վնաս են բերելու կուսակցությանը, քան օգուտ, և այնպես է արվելու, որ դրանք աստիճանաբար լյուստրացվեն ակտիվ քաղաքական դաշտից։
Ամեն դեպքում, չեմ կիսում այն գաղջը, որը փորձում են սերմանել հենց սկզբից, որովհետև առայժմ չեմ տեսնում հստակ փաստարկված ու էմոցիաներից կտրված այնպիսի քննադատություն առկա փաթեթի նկատմամբ, որը հիմք կարող էր հանդիսանալ զանգվածային դժգոհության համար։