Նա քայլ առ քայլ մոտեցավ իր հայկական երազանքին ու դարձավ հայկական եթերի ամենահաջողակ երիտասարդ հեռուստադեմքերից մեկը: 

Հիմա հերթն ամերիկյան երազանքինն է: Մենք որոշեցինք այս անգամ բլից զրույցի հրավիրել օվկիանոսի այն կողմում բնակվող լրագրող, հաղորդավար Մհեր Բաղդասարյանին:

Բ.-Լուսանկարներում միշտ լուրջ եք ու մի տեսակ ջղային, ինչո՞ւ:

Մ.-Իմ էներգետիկան է այդպիսին: Հենց դա էլ դուր է գալիս այն մարդկանց, ում դուր եմ գալիս: Անկախ ինձնից` ես գրեթե ժպտացող նկար չունեմ: Դա հատուկ չէ:

Բ.-Դո՞ւք էլ եք գնում մարզասրահ, որ հետագայում «shirtless» ֆոտոներ անեք:

Մ.-Այո՛, հիմա ես սիրում եմ իմ մարմինը, առաջ չէի սիրում:

Բ.-Բարբիքյո՞ւ, թե՞ հարիսա:

Մ.-Հարիսա:

Բ.-Թույն ա, չէ՞ Լոսում:

Մ.-Գիշերները` հա, ցերեկներն էդքան խմած չես լինում:

Բ.-Ձանձրացե՞լ էիք «Pop հանրագիտարան»-ից:

Մ.-Պրոցեսի մեջ չէ, հենց կանգ առա, հասկացա, որ ձանձրացել եմ ու դժվար էր շարունակել: Մարդիկ մեծանում են, իրենց գաղափարներն էլ իրենց հետ:

Բ.-Իսկ ինչո՞ւ գնացիք ԱՄՆ:

Մ.-Առաջ ինձ թվում էր`գիտեմ: Հիմա հասկանում եմ, որ չունեմ այդ հարցի պատասխանը: Որպեսզի հարցազրույցը սիրուն ստացվի, ասենք, որ եկել եմ իմ երազանքների հետևից: Մարդկանց դուր է գալիս ստեր կարդալ:

Բ.-Ի՞նչն էր խանգարում Ձեզ գտնել Ձեր երազանքը հենց Հայաստանում:

Մ.-Հայաստանում ունեի արդեն ամեն ինչ, ինչի մասին կարող էր երազել քսանհինգ տարեկան ամբիցիոզ ու ռոմանտիկ տղան: Դա էր խանգարում:

Բ.-Հիմա ինչո՞վ եք զբաղված ԱՄՆ-ում:

Մ.-Աշխատում եմ «USArmenia» հեռուստաալիքում: Ամեն օր երկու ժամ ուղիղ եթերով առավոտյան ծրագիր եմ վարում, գնում եմ մարզասրահ, սովորում եմ ուտելիք պատրաստել (ամեն անգամ ապարդյուն), վայելում եմ կյանքը:

Բ.-Երևի էլ հետ չեք գա, չէ՞:

Մ.-Հենց դա է փոխվել իմ կյանքում Լոս Անջելես գալուց հետո: Առաջ ամեն ինչ կտրուկ ու վերջնական կասեի: Հիմա կասեմ` կյանքը ցույց կտա: Խանգարող հանգամանքներ չկան, բայց իմաստ էլ չկա:

Բ.-Օվկիանոսից այդ կողմ լա՞վ է եկամուտը:

Մ.-Կարողանում եմ ապրել` առանց մտածելու մանրուքների մասին: Չգիտեմ` դա լա՞վ է, թե՞ սովորական:

Բ.-Դժգո՞հ էիք հայկական հեռուստատեսությունից:

Մ.-Ո՛չ, երբեք: Հատկապես, «Atv»-ն ու այդ մեդիաընկերությունը պրոֆեսիոնալիզմով ու մարդկային հարաբերություններով շատ բարձր մակարդակի են: Ես շատ փոքր մասնագետ եմ, որ գնահատական տամ մի ամբողջ մեդիադաշտի, որի համար մարդիկ տասնյակ տարիներ են ծախսել: Ես հենց նման անհիմն գնահատականների դեմ էի պայքարում:

Բ.-Կցանկանայի՞ք վերադառնալ Հայաստան` հայկական հեռուստատեսություն:

Մ.-Ես էլի աշխատում եմ առաջատար հայկական հեռուստաալիքում, բայց LA-ում: Այստեղ ինձ ավելի հարմար է ապրել: Հայաստանյան հեռուստատեսությունն էլ շատ կարոտում եմ:

Բ.-Ի՞նչը կարող է Ձեզ նորից բերել Հայաստան:

Մ.- Մտքերս, ցանկություններս: Հիմա անում եմ միայն այն, ինչ՝ ուզում եմ: Դա է իմ կյանքի շքեղությունը: Եթե ուզեմ հետ գալ, անպայման կգամ: Եթե պարտվեմ այս խաղում, հետ գալը միշտ էլ կա:

Բլիցը՝ Համլետ Սիմոնյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել