Վերջերս բրիտանական «Գուարդիանը» Հայաստանը դասել է պարտքային ճգնաժամ ունեցող երկրների շարքում: Պարզվում է, սակայն, հեղինակավոր այդ պարբերականի հետազոտողները կոպիտ սխալ են թույլ տվել՝ հենվելով 2013 թվականի տվյալների վրա, երբ Հայաստանը վաղաժամկետ մարեց Ռուսաստանի Դաշնությունից ստացված 500 մլն դոլարի վարկը:

Ընդհանրապես, ճգնաժամային է համարվում, երբ արտաքին պարտքի գծով վճարումները գերազանցում են պետբյուջեի եկամուտների 15 տոկոսը: Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում այդ ցուցանիշը մոտ 3 տոկոս է: Հայաստանը ոչ միայն կարողանում է սպասարկել իր պետական պարտքը, այլև այն դիվերսիֆիկացված է. վարկային բեռի մի մասը ստացվել է ԱՄՀ-ից և ԵՄ-ից, մյուս մասը՝ Ռուսաստանից:

Ավելին, քանի որ մեր պետական պարտքը գտնվում է կառավարելիության տիրույթում, Հայաստանի վարկատուները, գնահատելով նաև իրականացվող բարեփոխումների ընթացքը, դեմ չեն նոր վարկեր տրամադրել: Հայրենի որոշ վերլուծաբաններ, սակայն, հենվելով բրիտանական «Գուարդիանի» վերլուծության վրա, փորձեցին ընդհանրություններ գտնել Հայաստանի և իսկապես տնտեսական խորը ճգնաժամի մեջ հայտնված Հունաստանի միջև:

Հունաստանի և Հայաստանի միջև ընդհանրություն, իհարկե, կա. երկուսն էլ աշխարհի հնագույն քաղաքակրթության օրրաններ են, և ընդամենը այսքանը: Հունական ճգնաժամը, սակայն, տնտեսականից վերաճել էր Եվրամիության լինելիության սպառնալիքի, և ԵՄ-ն ամեն ինչ արեց, որ Հունաստանը մնա եվրոգոտում: 320 միլիարդանոց պարտքային բեռ ունենալով՝ հույները վարկատուների հետ խոսում էին կոշտ շեշտադրումներով՝ սպառնալով դուրս գալ եվրոգոտուց և անգամ ԵՄ-ից: Այսուհանդերձ, Հունաստանի իշխանություններն ընդունեցին վարկատուների պահանջները, ինչի արդյունքում Հունաստանը տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար կստանա ևս 86 մլրդ եվրո վարկ: Ընդհանրապես ընդունված է ասել, երբ պարտքն անցնում է մեկ միլիոնից, պետք է անհանգստանա պարտք տվողը:

Սա՝ անհատների դեպքում: Պետությունների դեպքում, բնականաբար, միլիոնի փոխարեն «խաղադաշտ» են մտնում միլիարդները: Եվ, եթե նկատել եք, որպես կանոն, վերլուծաբաններն ու տնտեսագետները խոսում են վարկային բեռի մասին, արտաքին ու ներքին պարտքի հետ կապված բազմաթիվ ռիսկերի մասին, անարդարացիորեն անտեսելով վարկատուներին, ովքեր ևս մեծ ռիսկերի են դիմում իրենց ֆինանսական միջոցները վստահելով վարկառուներին: 
Հունաստանի դեպքում վարկառուները կիրառեցին մտրակի և քաղցրաբլիթի քաղաքականությունը: Սակայն, միշտ չէ, որ վարկատու-վարկառու փոխհարաբերությունը նման լուծում է ունենում:

Հ.Գ. Հետաքրքիր և ուսանելի պատմություն կա այն մասին, թե ինչպես է ծեր բանկիրը որդուն սովորեցնում վարկ ստանալու արվեստը: Բարձրակարգ կրթություն ստացած որդին նկատում է, որ հայրը կասեցնում է պատկառելի տպավորություն թողած վարկառուների բիզնես-առաջարկը, երբ հետաքրքրվում է, թե հաճախորդը շաբաթվա մեջ քանի անգամ է լողանում:

Շաբաթը մեկ, երկու կամ երեք անգամ լողացողների վարկային գործը ծեր բանկիրը մի կողմ է դնում, իսկ ահա ամեն օր լողացող, բայց թույլիկ ծրագիր ներկայացրած հաճախորդին որոշում է վարկավորել: Տարակուսած որդուն ծերուկ բանկիրը բացատրում է. 
- Հիշիր, տղաս, երբ գալիս են վարկ ուզելու, բոլորն էլ կարգին մարդիկ են: Բայց երբ վարկի մարման ժամկետը ավարտվում է, դու պետք է նրանց հետույքը համբուրես, որ մեր փողերը հետ բերեն: Դրա համար էլ, որդիս, դու հիմիկվանից պետք է վստահ լինես, որ այդ հետույքը գոնե մաքուր է: 
Հիմա կասեք, թե սա կատակ է, բայց ընդունեք, որ խորիմաստ կատակ է:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել