
Վերջերս մի գիրք ինձ նվիրեցին՝ «Վլ. Վիսոցկի – բանաստեղծություններ», որը հավաքածուն էր Վիսոցկու ողջ պոեզիայի, ընդ որում՝ բնագրին զուգահեռ հաջորդ էջում առկա էր հայերեն թարգմանությունը: Կարծում եմ՝ էս էն դեպքն ա, որ լեզուն ու լեզվամտածողությունը պոեզիան չմարսեց: Որովհետև մեծ հաշվով թարգմանությունները վատը չեն, իմաստը տեղ հասնում ա, խոսքի խավերն ու շերտերը հիմնականում հավատարիմ են բանաստեղծության մայր լեզվին, բայց դե էն որ ասում ա «что то не то» էլի… Վիսոցկին ա անհետանում մեջը…
Բայց օրինակ ես կարդացել եմ Վիսոցկուն՝ գերմաներեն, ֆրանսերեն ու լեհերեն ու պիտի ասեմ, որ էնտեղ Վիսոցկու երակն ու ձայնը առկա էր: Ինչևիցե… Հիմա ձեզ կներկայացնեմ (կարծում եմ ամենաստացված) թարգմանություններից երկուսը, ինքներդ դատեք…
Հ.Գ. Թարգմանիչը Հովհաննես Սարոյանն է, գիրքը լույս է տեսել 1999 թվականին…
* * *
Կյանքում սիրել եմ կին ու խենթություն
Ու միշտ էլ հասել իմ ցանկացածին,
Եվ ինչեր ասես, որ չեն քչփչում
Սիրային կյանք ու գործերիս մասին:
Ու մի անգամ էլ իմ ճանապարհին
Հենց ծովի ափին, կատակ չեմ անում,
Ես հանդիպեցի նրանցից մեկին,
Որ այնքան շատ են եղել իմ կյանքում:
Նա ուներ կարգին լայն աշխարհայացք,
Նա ուներ կարգին պարզ ու բաց հոգի,
Ուներ գերազանց մարմնակառուցվածք,
Իսկ ես՝ գրպաններ առանց կոպեկի:
Մատանիներ են ուզածը նվեր,
Գինետներ ու թանկ օծանելիք,
Իսկ փոխարենը մի քիչ հաճույքներ
Ծառայությունից իր կասկածելի:
«Ես քեզ, – ասում էր, – Վասյա, անգինս,
Ամենաթանկը կտամ, ինչ ունեմ…»:
«Դե ինչ հարյուրով համաձայն եմ ես,
Եթե ավելի, ընկերոջս հետ հալալ կկիսվեմ»:
Կանայք կատաղած ձիեր են կարծես,
Որ վրնջում ու կրծոտում են սանձ,
Գուցե ինչ-որ բան չհասկացա ես,
Որ նա նեղացավ ինձնից ու գնաց:
Մի ամիս հետո հուզումներն հանգան,
Մի ամիս հետո նա եկավ կրկին,
Ես այն համոզումն ունեմ այս անգամ,
Որ համաձայն է իմ ասած գնին:
* * *
Ինչո՞ւ ողջն այնպես չի, երբ կարծես նույնն է,
Նույն երկինքը դարձյալ կապտաջինջ,
Նույն անտառը, նույն օդը և նույն ջուրը,
Միայն նա չի դարձել գրոհից:
Ես հիմա չգիտեմ անդադար ու անքուն
Վեճերում ով էր ճիշտ մեզանից,
Կարիքն իր ես միայն այս պահին եմ զգում,
Երբ որ նա չի դարձել գրոհից:
Լռում էր անպատեհ ու անտակտ ձայնակցում
Եվ միշտ էլ խոսում այլ բաներից,
Ինձ քնել չէր թողնում, ծեգին էր արթնանում,
Իսկ երեկ չդարձավ գրոհից:
Հարցն այն չի, որ տեղը դատարկ է այս պահին,
Ես մենակ ինձ գտա երկուսից,
Ինձ թվաց խարույկը հանգցրեց բիրտ քամին,
Երբ նա չդարձավ գրոհից:
Կապանքից ազատված գարունն է թևածում,
Սոսկացի ակամա իմ խոսքից.
«Ընկեր տուր ծխելու», – ձայն չկա, լռություն…
Նա երեկ չի դարձել գրոհից:
Մեզ զոհված տղերքը չեն թողնի փորձանքում,
Ժամապահներ են ընկածները մեր…
Հանց չրում անտառում երկինքն է ցոլանում,
Եվ ծառերն են կանգնած կապտառեժ:
Մեզ և տեղն էր հերիք գետնափոր տնակում,
Եվ ժամը, որ սահում էր կողքից,
Ողջն հիմա մեկինն է, բայց այնպես է թվում,
Թե այդ ես չեմ դարձել գրոհից: