Լինում է, չի լինում, մի աղջիկ է լինում, անունն Անի:
Անիի հայրը գեներալ է: Դե արդեն պատկերացրիք՝ ինչպիսի հզոր աղջկա մասին է խոսքը:
Իհարկե, Անին երկար ժամանակ չգիտեր այդ մասին, բայց նրա ոչ իսկական մայրը մի օր վերջապես որոշեց խոստովանել այդ մասին:
Թվում էր՝ հեքիաթը պիտի ավելի բուռն դեպքերով շարունակվեր, հատկապես որ գեներալը ծառայել է Ղարաբաղում պատերազմի տարիներին: Բայց այդպես չեղավ: Անին, ավելի ճիշտ՝ գեներալի աղջիկը, որոշեց շարունակել իր առօրյա կյանքը մի քաղաքում, որի սաղ տղաները՝ խուժանից ու անբանից սկսած մինչեւ ուսանող ու բիզնեսմեն, սիրահարված են նրան, իսկ վերջինս, երկար ժամանակ թքած ունենալով բոլորի վրա ու քայֆավատ լինելով նրանց վրա, որոշեց ամուսնանալ քաղաքի ջիպավորներից ու խաղամոլներից մեկի հետ:
Ընթացքում, իհարկե, Անիի սիրահարներից մեկը գժվում է, մյուսն ամուսանալուծվում, մեկը մեռնում է, հաջորդը հիասթափությունից բոմժի կարգավիճակ ստանում, մեկն էլ հաշմանդամ է դառնում:
Ինչեւէ, Անին ամուսնանալուց հետո իր սեփական տունը կառուցելու փոխարեն նախընտրում է ապրել իր դաժան սկեսրոջ հարմարավետ տանը, որը հեքիաթի մեջ պարտավոր է ասել միայն մի խոսք.«Ախչի ջան, հորդ կասե՞ս, թե՞ չէ»:
Այս սկեսուրն ունի մի ծառայող, որը հիմարիկի պես անընդահատ կրկնում է երեք բառ. «Երեխաս ջերմություն ունի»:
Անին այս տանը միայն մտածում է չորս բառով .«Չէ, հորս չեմ ասելու», եւ միակ բանը, որ նրան չի հետաքրքրում, ծառայողի ջերմող երեխան է:
Անին օժտված է մի քանի առանձնահատկություններով հետեւյալ կարգով.
Նրան դուք երբեք չեք տեսնի դաս սովորելիս կամ գիրք ու թերթ կարդալիս:
Նա ո՛չ մոր տանը եւ ո՛չ էլ ամուսնու տանը մատը մատին չի տալիս ու ոչ մի գործ չի անում:
Անին ոչ մի հասարակական, բարեգործական, բնապահպանական, մշակութային կամ քաղաքական աշխատանքով չի հետաքրքրվում:
Նա չունի ընկերական շրջապատ, որովհետեւ ինքնասիրահարված լինելով ընդամենը մի «դեբիլ» ընկերուհի ունի, որը միշտ բողոքում է նույն բանից. «Անի, զանգում եմ, անհասանելի ես»:
Ավելացնեմ նաեւ, որ Անին ոչ միայն մեծ նպատակներ, այլեւ հասարակ նախասիրություններ անգամ չունի: Դուք երբեք նրան չեք տեսնի որոշակի աշխատանք կատարելիս՝ ինքն իր հետ խոսելուց կամ նախկին սիրահարների գլխին խրատական ճառեր կարդալուց բացի: Անին, ըստ երեւույթին, սովորում է, բայց պարզ չէ, թե ինչ:
Գեներալն էլ իր աղջկա պես ոչ բարեկամական շրջապատ ունի եւ ոչ էլ ընկերական: Նրա ամենամոտ ընկերը վարորդն է, որը տառապում է ստրկամտությամբ ու Անիի սիրուց: Վարորդի մասին, իհարկե, ուրիշ ոչ մի բան չգիտենք՝ բացի նրանից, որ միշտ կանգնած է գեներալի կամ էլ գեներալի աղջկա դռան դեմ:
Հեքիաթի մեջ գեներալի ամենակարեւոր ծառայություններից է անընդհատ ծխելով գովազդել ծխելը: Նա ծխում է տանը, աշխատանքի վայրում ու ավտոյի մեջ՝ այդպիսով օրինակ դառնալով իր վարորդի ու մնացած զիվորների համար:
Անիի մայրը, լինելով ձեւական կին, տանը միշտ հյուրի հագ ու կապով ու կարգավիճակով է եւ կարող է օրինակ ծառայել հայ մայրերին Անիի ու մյուս աղջկա նման էգոիստ ու քաղքենի երեխաներ դաստիարակելու հարցում: Անիի մայրը ո՛չ ճաշ է եփում, ո՛չ տնային աշխատանքով զբաղվում եւ ոչ էլ արդուկ է անում: Նա գործից գալիս է տուն, նստում դիվանին ու գժի պես ինքն իր հետ խոսում:
Իսկ հեքիաթի մնացած «հերոսները» թերեւս երկար քննարկման կարիք չունեն: Այս հերոսներից են Անիի քույրը, որին չի հետաքրքրում ոչ մի բան իր ֆենած մազերից բացի, մանկամիտ հորաքույրը, որը ծաղրածուի տպավորություն է թողնում, հեքիաթի անբան տղաները, որոնք ո՛չ աշխատում են, ո՛չ էլ երկրի համար բարի գործ անում ու նմանատիպ դժբախտ հերոսներ, որոնք կա՛մ բաժանվում են, կա՛մ ծեծվում, կա՛մ լացում...
Ահա տպավորություններ «Գեներալի աղջիկը» հեքիաթի մասին մի երկու անգամ հպանցիկ դիտելուց հետո:
Փոխում ես ալիքը մի ուրիշ հիմար՝ այս անգամ եռաչափ հեքիաթի աշխարհ՝ «Արմենիա» հեռուստաալիքով հայտնվում են զիզիբիզի, անդարդ աղջիկ ու տղա ուսանողներ, որոնք ոչ դաս են սովորում, ոչ էլ գիրք կարդում:
Նրանք ամբողջ օրը զբաղված են բամբասելով ու իրար վրա սիրահարվելով: Երեկոյան հագնում են թուրքական շորեր ու գնում բար՝ շարունակելու բամբասանքները: Նրանց երկրում ո՛չ աղքատ մարդիկ կան, ո՛չ անգործ, անհույս ու անհեռանկար երիտասարդներ եւ ո՛չ էլ երկիրը լքող մարդիկ: Այս «ժամանակակից» ուսանողների համար կա մի խնդիր, որը ուղղակիորեն վերաբերում է պորտից ներքեւի մասերին: Բարում տղաները աղջիկ են ծեծում, որովհետեւ նա այդ «փչացած» մթնոլոտի աղջիկներին «փչացած» է անվանել: Հետո նույն աղջկան շարունակում են ծեծել ուրիշ տղամարդիկ եւ այս ամենը «հումորի» տեսքով:
Իսկ նրանց, ովքեր նման հիմար հեքիաթներ են գրում, պարտավոր եմ ասել, որ այն քաղաքում, ուր ապրում եք դուք եւ մենք, ապրում են նաեւ այնպիսի երիտասարդ աղջիկներ ու տղաներ, որոնցից յուրաքանչյուրը կարող է ազգի հպարտություն համարվել, երիտասարդներ, որոնք հանուն մի կանաչ ծառի գոյության պատրաստ են իրենց կյանքը նվիրել , երիտասարդներ, որ պայքարում են մեր ու ձեր երկրի կանանց ու երեխաների իրավունքների համար, երիտասարդներ, որոնց խնդիրն է երկրում ձեւավորել քաղաքացիական հասարակություն՝ հարգելով բոլոր քաղաքացիների իրավունքները, երիտասարդներ, որոնք պայքարում են մեր ու ձեր երկրում ժողովրդավարության հաստատման ուղղությամբ:
Իսկ մենք բոլորս գիտենք՝ ինչպիսի հրաշալի հայրեր ու մայրեր կան նույն այս երկրում, որոնք, թեեւ գեներալ չեն, բայց դաստիարակում են վերը նշված երիտասարդների պես երեխաներ, որոնցից մի քանիսը հաստատ վաղը կպատմեն իրենց ինքնատիպ հեքիաթները: