Նախագծի 95-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է հետևյալը. «Պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ»: Այս հոդվածը կա նաև գործող Սահմանադրության մեջ, սակայն որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այս սահմանադրական դրույթը տարիներ շարունակ անհետևանք ոտնահարվել է: Մենք կարող ենք մատների վրա թվարկել այն պատգամավորներին, ովքեր ձեռնարկատիրությամբ չեն զբաղվում: 
Սույն դրույթը բացարձակապես նպատակ չունի փնովելու ձեռնարկատիրությունը, այն շնորհակալ և ստեղծագործ գործունեություն է:
Իրականում պատգամավորների մեծ մասի բիզնեսներն իրենց կանանց կամ այլ հարազատների անունով է գրանցված: Խնդիրը նրանում է, որ պատգամավորը չպետք է զբաղվի ձեռնարկատիրությամբ ԻՐԱԿԱՆՈՒՄ: Այլ մարդու անունով ձեռնարկատիրական գործունեությունը չի փոխում խնդրի էությունը, որը ըստ էության կայանում է հետևյալում.
---Քվեարկությունների ժամանակ պատգամավորը պետք է առաջնորդվի ոչ թե անձնական (բիզնես) շահով, այլ ելնելով հանրային շահից---
Հետևաբար, որպեսզի այս դրույթը լինի կենսունակ, անհրաժեշտ է դրույթը սահմանել հետևյալ կերպ.
«Պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, վերջինս պարտավոր է յուրաքանչյուր նստաշրջանից առաջ հայտարարություն ներկայացնել շահերի բախման վերաբերյալ, և եթե այդպիսիք կան, զերծ մնալ կոնկրետ նախագծի քննարկումների մասնակցությունից և քվեարկությունից»: Շահերի բախման դրույթը պետք է սահմանի ԱԺ կանոնակարգ օրենքը, այն պետք է շահերի բախումը դիտարկի ոչ միայն պատգամավորի «անունով» գրանցված ձեռնարկությունների տիրույթում, այլև մոտակա հարազատների և ընկերների կամ կապակցված այլ անձանց:
Այս դրույթը պետք է մշտապես գտնվի հանրության, ԶԼՄ-ների և Ազգային Ժողովի խորհրդի հսկողության ներքո, իսկ խախտման դեպքում պետք է դառնա ՍԴ քննարկման նյութ՝ համապատասխան իրավական հետևանքներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել