Ասում են, թե սահմանադրական փոփոխություններով իշխանությունը ցանկանում է «վերարտադրվել»: Սա իրականում սխալ ձևակերպում է, որովհետև անկախ ամենից «իշխանությունը», որպես իշխող խումբ, որպես համակարգ, Հայաստանում միշտ էլ այս կամ այն կերպ «վերարտադրվել է», այսինքն՝ երբեք էլ ընդդիմությունն իշխանություն չի դարձել Հայաստանում՝ կամ ներքին հեղաշրջմամբ, կամ էլ «ժառանգորդ» գործողությամբ «վերարտադրվել է» իշխող խմբի այս կամ այն հատվածը։
Խնդրի ճիշտ ձևակերպումն, ուրեմն, ոչ թե «վերարտադրումն է», այլ փաստացի պետական հեղաշրջումը: Մանրամասն էս պահին չեմ կարող փաստարկել, բայց 1. առանց որևէ լուրջ հիմնավորման վերաձևակերպվում է ՀՀ սահմանադրական կարգը, 2. Է՛լ ավելի ուշագրավ է այն, որ վերաձևակերպվում է նաև տարիներով կայացած փաստացի պետակական կարգը: Մենք դրան տարբեր անվանումներ ենք տվել, բայց դրա էությունը եղել է որոշակի բազմակենտրոնությունը, ուժերի հավասարակշռությունը՝ Հայաստանում ի տարբերություն, ասենք, ալիևյան կամ այլ հետսովետական համակարգերի չի եղել միայն մե՛կ անձի, մե՛կ քաղաքական խմբավորման, մե՛կ կլանի բացարձակ մենաշնորհ: Թեկուզ նեղ շրջանակներում, բայց գործել է որոշակի կոմպրոմիսային համակարգ: Այս համեմատական բազմակենտրոնությունն ավելի ճկուն է դարձել համակարգը, և հասարակությունը կարողացել է սրա շնորհիվ մի փոքր ավելի ազատ լինել: Հեղաշրջման իմաստն այս համեմատական բազմակենտրոնությունից դեպի բացարձակ մենաշնորհային համակարգ անցնելն է: 3. Այս համակարգը միակուսակացական անվանելն էլ է սխալ: Ձևականորեն այն կարող է այդպիսին լինել: Իրականում անխուսափելի են հեղաշրջմանը հետևած լուրջ վերնախավային զտումները, և նույնիսկ ՀՀԿ-ից զգալի հավանականությամբ կարող է մնալ միայն անունը: Հին, քյարթ «հանրապետականը» պետք է ջարդվի, որովհետև դա մի կողմից դեռ ինչ-որ հուշեր ունի Հանրապետականի քաղաքական անցյալի մասին, մյուս կողմից էլ կապված է «օլիգարխիայի», այսինքն՝ տնտեսական և քաղաքական համեմատական բազմակենտրոնության, որոշակի կոմպրոմիսի, բալանսի հետ: Պետք է ստեղծվի էությամբ նոր իշխող կուսակցություն, որը չի ունենա քաղաքական անցյալ և տնտեսաապես համեմատաբար անկախ անհատներ՝ Ենի Էրմենիստան՝ թեկուզ և պահելով ՀՀԿ անունը: 4. Հայաստանում տեղի է ունենում տիպաբանորեն նույնը, ինչ ԽՍՀՄ-ում 1936-ին, երբ անցում կատարվեց սովետական «օլիգարխիայից» դեպի սովետական «միապետություն» կամ նույնը, ինչ Հռոմում մեր թվարկության սկզբում, երբ նույնպես անցում կատարվեց Հռոմեական հանրապետության «օլիգարխիայից» դեպի կայսրության «միապետություն»: Երկու անցումներն էլ կատարվեցին «նոր՝ ավելի ժողովրդավար սահմանադրության» կամ «վերադարձ հանրապետական կարգերին» կարգախոսների տակ: 5. Ավելի սեղմ ասած. եթե ցայսօր Սերժ Սարգսյանն իշխում էր, որովհետև նա՛ էր համակարգի թեկնածուն, ապա այսօր «խորամանակ պլանի» էությունն այն է, որ Սերժ Սարգսյանը համակարգից վեր դառնա և իշխի ինքն իրենով: Կներեք, որ էսքան երկար գրեցի, բայց ոնց որ թե որոշ ճշտումներ անհրաժեշտ էին: