Newsline.am-ը գրում է.
Յուրաքանչյուրս էլ ունենք ինչ-ինչ հիշողություններ։ Մենք հիշում ենք մեզ հետ կատարված և լավը, և՛ վատը։ Բայց, իհարկե, կան այնպիսի հուշեր, որոնց մասին չենք ուզում խոսել ու պատմել։ Որո՞նք են դրանք։ Դրանք «աններելի» սխալներն են, որոնք մենք թույլ ենք տվել՝ մեծ կամ փոքր, աննշան կամ նշանակալի, նկատված կամ չնկատված։ Եկեք մի փոքր մտածենք և հասկանանք՝ արդյո՞ք ներել ենք այդ սխալները։ Եվ ի՞նչ ենք դրանից ստացել։ Բացի բացասական ապրումներից՝ ոչինչ։ Հնարավոր է` այդ «չներված» սխալները ստիպում են համարել մեզ անհաջողակ, ձախորդ, ստիպում են մեզ չարանալ, ատել մեզ և շրջապատին, կամ ձեռք բերել ցածր ինքնագնահատական։ Այդ ծանր բեռով, պատկերացնո՞ւմ եք, որքան դժվար է ապրել։ Իսկ ի՞նչն է ավելի հեշտ։ Ես առաջարկում եմ «ներել»։ Ահա այդքան հեշտ՝ վերցնել և ներել։ Գիշերվա կամ ցերեկվա ցանկացած պահին կանգնել հայելու առջև, երես առ երես նայել ինքդ քեզ ու քո բարձունքից ներել քո «ես»-ին՝ անուղղելի սխալներ գործելու համար։
Ասել՝ «Ես ներում եմ ինձ»։ Ընդունել, որ սխալը կատարվել է, բայց՝ ներել։ Ներել այնպես, ինչպես ներում ես երեխային, կամ այնպես, ինչպես ներում ես սիրելի մարդուն։ Մենք գիտենք, որ կատարյալ մարդ չկա։ Ահա և վերաբերվիր ինքդ քեզ այդպես։ Ներիր քեզ։ Միևնույն է, այն, ինչ կատարվել է անցյալում, արդեն անցյալում է։ Պետք չէ անցյալի սխալները բերել ներկա։ Պետք չէ անցյալը խառնել ներկային։ Հավանաբար նկատել եք, որ հաճախ կրկնում եք նույն սխալները։ Իսկ ինչի՞ց է դա։ Նրանից, որ ինքներդ ձեզ չեք ներել։ Իսկ երբ սխալները ներված կլինեն, այդ ժամանակ կսկսի արդեն դասեր քաղելու, փորձի կուտակման և այլնի գործընթացը։
Ներենք ինքներս մեզ՝ գործածի և չգործածի համար, ազատվենք խոչընդոտող անցյալից և վերջապես ապրենք այսօրվա օրով։