Սահմանադրական բարեփոխումներն առաջարկում են փոխել ողջ պետական համակարգը: Այդ տեսանկյունից բավականին հետաքրքրական կլինի, եթե փորձենք հարցը դիտարկել պատմության համատեքստում:
Եվ այսպես.
Բագրատունյաց թագավորությունն ունեցել է բավականին թույլ պետական կառավարման համակարգ: Թերևս դա պետության անկման առաջնային պատճառներից մեկն էր: Եվ պատահական չէ, որ առաջին ճաքերը նկատվել էին դեռևս Անիի անկումից ավելի քան 120 տարի առաջ:
Ի տարբերություն Բագրատունյաց թագավորության՝ Կիլիկիան Հայաստանն ուներ թերևս Հայկական մյուս պետականությունների հետ համեմատած ամենակատարյալ կառավարման համակարգը: Այդ իսկ պատճառով թագավորության անկման գլխավոր պատճառներից էր թերևս թույլ և անկարող առաջնորդների առկայությունը, որոնք ամեն ինչ արեցին կամ չարեցին, որ պետությունը կործանվի: Այդ շրջանը կարելի է բնորոշել որպես «Ծույլ թագավորների» դարաշրջան (Այդպես էին անվանում Մերովինգյան արքայատոհմի վերջին թագավորներին):
Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը, ապա այն վստահաբար չունի պետական համակարգի խորքային խնդիրներ (գոնե տեսական առումով, քանզի չի բացառվում, որ որոշակի խնդիրներ, այնուամենայնիվ, կան): Խնդիրն ավելի շատ պետությունը կառավարող անհատների մեջ է: Առանց սխալվելու չնչին հավանականության կարող ենք փաստել, որ ներկայումս մենք ապրում ենք այդ նույն «ծույլ թագավորների» ժամանակաշրջանում, քանզի Նախագահը, Ազգային ժողովը, կառավարությունը, դատական համակարգն ամփոփված են տոտալ անգործության և անշարժության մեջ: Այսինքն՝ ոչ թե պետք է փոխել պետական համակարգը, այլև անհատներին՝ մեծից մինչև փոքր:
Եթե ես սխալվում եմ, ապա թող Սերժ Սարգսյանը պատասխանի հետևյալ հարցին.
Հարգելի պարոն, ներկայիս Սահմանադրության հատկապես ո՞ր դրույթն է Ձեզ խանգարում աշխատել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել