Փաստորեն, պարզվում է, որ ինչ-որ հայ զինվոր կարող է լինել նաև հանցագործ, սադիստ, իսլամիստից ոչնչով չտարբերվող և իհարկե ապացուցել, որ կարող է և գազանից էլ գազան լինել… Երեք գառ կերած գայլին (գայլը պետք է գառ ուտի. բնական բնազդ է դա և նորմալ երևույթ) դասական իսլամիստի պես տանջամահ անելով և պրոցեսը վայելելով՝ սահմանամերձ այս գյուղի բնակիչներն ու իրենց դիրքապահ զինվորը ցույց են տալիս, որ տականքը մեզանում ամենուր է, որ ավելի լավ կլիներ թշնամու գնդակը նրանց հերոսի մահ պարգևեր, քան մեզ՝ նման հիասթափություն և ցավ:
Ո՞Ւր է նայում պետությունը: Որտե՞ղ է հասարակությունը, իրավապահ մարմինները, մարդկանց կրթական և բարոյական մակարդակը: Ի՞նչ է սրա մասին մտածում բանակի ղեկավարությունը: Չէ՞ որ այս նողկալի հաշվեհարդարը բնության նկատմամբ նախևառաջ սարսափելիորեն վարկաբեկում է հենց բանակին:
Իմ ԱԺ պատգամավոր ընկերներ. ի՞նչ եք վերջապես մտածում կենդանիների պաշտպանությունն ապահովող նորմալ օրենքի ներդրման մասին: Չե՞ք ուզում արդյոք քաղաքական որևէ երանգ չունեցող, մարդկային ու խիստ անհրաժեշտ օրենք ունենալ:
Ո՞Ւր են բոլոր ակտիվիստները: Որտե՞ղ են ամեն առիթով հանդես եկող քաղաքական գործիչներն ու իրենց տխմար բարոյախրատականությամբ հռչակ ձեռք բերած ոստիկանները:
Որտե՞ղ է եկեղեցին: Թե՞ եկեղեցին գայլին «գառից» պաշտպանելու գործում ասելիք չունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել