Արիստոտելին հարցրին, թե ինչո՞ւ նախանձոտ մարդիկ միշտ տխուր են ու անհանգիստ: Փիլիսոփան պատասխանեց.
- Որովհետեւ բացի իրենց ձախորդություններից նրանց տանջում են նաեւ ուրիշների հաջողությունները...
*  *  *
Ալեքսանդր Մակեդոնացին պատանեկության տարիներին կրքով էր տարվել հետերա (անտիկ հունական հասարակության մեջ կիրթ եւ ազատ բարքերով ապրող կանայք էին) Ֆելլիդայի հանդեպ: Գահաժառանգին վտանգից ազատելու համար նրա ուսուցիչը՝ Արիստոտելը, խնդրում է Ֆելլիդային հեռու մնալ Ալեքսանդրից: Ֆելլիդան համաձայնում է, սակայն մի պայմանով, որ զառամյալ Արիստոտելը իր մեջքի վրա պտտեցնի իրեն պալատով մեկ: Արիստոտելը գնում է այդ զոհաբերությանը: Այդ պահին պալատ է մտնում Ալեքսանդրը, եւ Արիստոտելը ամոթից կարմրատակած ասում է.
- Տեսնո՞ւմ ես, թե այս կինն ինչ է անում ինձ պես իմաստուն եւ տարեց մարդու հետ: Պատկերացրու, թե քեզ ինչի կվերածի...
Այս դասը բավական եղավ Ալեքսանդրին...

 

*  *  *
Ոչինչ այնպես չի քայքայում մարդուն, ինչպես երկարատեւ ֆիզիկական անգործությունը. այսպես է ներկայացնում հիպոդինամիայի վնասները Արիստոտելը: Ֆիզիկական շարժունության նվազեցումը անխուսափելիորեն հանգեցնում է նաեւ հոգեկան ներաշխարհում հարմոնիայի խախտման...
*  *  *
   Արիստոտելին աշակերտելու խնդրանքով դիմեց շատախոս մի պատանի... Երկար զրույցից հետո նա հարցրեց ուսուցչին, թե որքա՞ն պետք է վճարի ուսման դիմաց: Արիստոտելը պատասխանում է.
- Իմ մյուս աշակերտների վճարի կրկնակին...
- Ինչո՞ւ,- զարմացավ երիտասարդը:
- Քեզ հետ կրկնակի աշխատանք պետք է տարվի. նախքան քեզ խոսել սովորեցնելը հարկ կլինի լռելու արվեստն էլ ուսուցանել...
*  *  *
   Արիստոտելն ասաց իր աշակերտներին.
- Ինչպես հարբածը չի գիտակցում, թե ինչ հիմար տեսք ունի սթափ մարդկանց շրջանում, այնպես էլ հիմարը բնավ անհարմար չի զգում իրեն իր հիմարության պատճառով...
*  *  *
   Արիստոտելին պատահել էր անտանելի մի զրուցակից, ով երկար ու ձանձրալի դեպք էր պատմում: Բավական մենախոսելուց հետո զրուցակիցը հարցնում է Արիստոտելին.
- Ես քեզ չհոգնեցրի՞ իմ խոսքով...
- Ո՛չ բարեկամ, ես քեզ չէի լսում,- պատասխանեց Արիստոտելը...
*  *  *
   Արիստոտելը հետեւյալ խրատն է տվել Ալեքսանդր Մակեդոնացուն.
- Միեւնույն գաղտնիքը երբեք մի հաղորդիր երկու մարդու, որովհետեւ եթե այն բացահայտվի, չես կարող հստակ պարզել, թե ո՞ւմն է զանցանքը: Եթե պատժես երկուսին էլ՝ կվիրավորես նաեւ գաղտնապահ մարդուն, իսկ եթե ներում շնորհես նրանց՝ կրկին կվիրավորես անմեղին, որովհետեւ քո ներումը նրան պետք չէր...
*  *  *
   Աշակերտները հարցրին Արիստոտելին.
- Ուսուցի´չ, ինչպե՞ս զանազանել հիմարին իմաստունից:
- Զրուցե´ք մարդու հետ... Իմաստուն մարդը գրեթե միշտ համաձայնում է այլ իմաստունի խոսքերի հետ, իսկ հիմարը երբեք չի համաձայնում ո´չ իմաստունի, ո´չ էլ հիմարի հետ,- պատասխանեց փիլիսոփան...
*  *  *
   Առաջին հավաքածուն, որ նկարագրվել է գիտական երկում, պատկանել է Արիստոտելին: Փիլիսոփան մոլի կոլեկցիոներ էր, ով տարբեր երկրներից հսկայական քանակությամբ բույսեր էր հավաքում եւ նկարագրում: Նրա հավաքածուի հիմնական մատակարարը եղել է աշխարհը նվաճած Ալեքսանդր Մակեդոնացին...
Երջանկությունը կախված է մեզանից... Արիստոտել

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել