Լուրջ առաջընթաց ռուս-վրացական հարաբերությունների վերականգնման գործընթացում
Այսօր Պրագայում կայացել է Կարասին-Աբաշիձե հերթական հանդիպումը, որը տևել է ավելի քան 4 ժամ: Երկու երկրների ներկայացուցիչներն այս անգամ ևս անդրադարձել են կողմերի միջև առկա առավել ակտուալ խնդիրներին: Մասնավորապես Վրաստանի ներկայացուցիչը խիստ դիրքորոշում է արտահայտել՝ իր խոսքով՝ «ռուսների կողմից սահմանի՝ դեպի Վրաստան խորացնելու գործողությունների» կապակցությամբ: Ռուսաստանի փոխարտգործնախարարը, սակայն, կոչ է արել էմոցիոնալ հարթություն չտեղափոխել հարցերը և սառը դատողության կոչ արել: Վերջինիս խոսքով՝ առկա է երկուստեք պատրաստակամություն հարաբերությունները բարելավելու ուղղությամբ, և այդ գործընթացը պետք է զերծ պահել հուզական դրսևորումներից:
Բացի նշվածից, կողմերը հայտարարել են, որ քննարկվել են տարբեր ոլորտներում իրականացվող երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Բայց նշված հանդիպումը կարելի է նախորդներից զատել շատ կարևոր առանձնահատկությամբ: Կողմերը լուրջ համաձայնության են եկել մաքսային մոնիտորինգ իրականացնելու հետ կապված: Աբաշիձեն մասնավորապես նշել է, որ հաջորդ հանդիպմանը, որն, ամենայն հավանականությամբ, կկայանա ս.թ. օգոստոս ամսին Շվեյցարիայում, կողմերը պատրաստվում են ընդհանուր պայմանագրեր ստորագրել շվեյցարական ընկերությունների հետ, ինչն, իրոք, մեծ ձեռքբերում կլինի ինչպես ռուսների, այնպես էլ վրացիների համար:
Ավելին, Կարասինի խոսքով՝ իրենք արդեն իսկ առաջընթաց են գրանցել առկա գործընթացի շրջանակներում, քանի որ Պրագայի այսօրվա հանդիպմանը մասնակցել են նաև տրանսպորտի և հեռահաղորդակցության ոլորտի ներկայացուցիչներ, ինչն անուղղակի հուշում է, որ կողմերը պատրաստվում են իրենց ուշադրությունն ավելի կենտրոնացնել նաև նշված ոլորտի վրա: Այս տեսանկյունից չի բացառվում, որ շուտով հայտարարություններ հնչեն նաև Աբխազական երկաթուղու վերականգնման հնարավորության առնչությամբ:
Դա, իհարկե, հեռանկարային և բավականին բարդ իրականանալի գործընթաց է: Այդուհանդերձ հասկանալի է՝ հիշյալ երկաթուղու գործարկումը լիովին կարող է փոխել իրավիճակը տարածաշրջանում՝ թե՛ տնտեսական և թե՛ քաղաքական տեսանկյունից: Վերոնշյալն, անխոս, բխում է ոչ միայն Հայաստանի և Ռուսաստանի, այլ նաև Վրաստանի շահերից, ինչը, թերևս, չի կարելի ասել Ադրբեջանի և Թուրքիայի պարագայում:
Իրականում, մենք կարող ենք միայն կանխատեսել, իսկ ժամանակը կապացուցի կամ կհերքի դա:
Հ.Գ. Բոլոր դեպքում լինենք լավատես: Ինչպես ասում են՝ չլինող բան չկա... Ուղղակի սպասել է պետք: