Ընդհանուր առմամբ, «Մադրիդյան սկզբունքները» նախատեսում են խաղաղ կարգավորման մի այնպիսի բանաձև, որի համապարփակ կիրառման դեպքում հայկական զինուժը դուրս է բերվելու ԼՂՀ նախկինում առավելապես ադրբեջանաբնակ տարածքների մեծ մասից, ուր պետք է վերադառնան նախկին բնակիչները, որից հետո հանրաքվեի միջոցով Արցախի բնակչությունը պետք է որոշում կայացնի երկրամասի հետագա ճակատագրի վերաբերյալ, իսկ պաշտոնական Բաքուն էլ կանխավ կճանաչի այդ որոշման իրավաչափությունը: Վերը նշված մոտեցումներն ութ տարի առաջ բաց շրջանառության մեջ դրվելուց և համակողմանիորեն քննարկվելուց հետո էլ գերազանցապես բացասաբար են ընկալվում Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի հասարակությունների ու քաղաքական վերնախավերի կողմից: Բանն այն է, որ տվյալ բանաձևի կիրառումն ինքնին չի ապահովում հակամարտության մեջ ներգրավված երեք պետական կազմավորումների և հայերի ու ադրբեջանցիների միջև փոխվստահության հաստատումը, քանի որ չի համապատասխանում նրանց մոտ առկա՝ արդարացի լուծման վերաբերյալ եղած պատկերացումներին: Այդ կարգի անհամապատասխանության առավել ծանրակշիռ օրինակն է փախստականների ու ներքին տեղաշարժի ենթարկված անձանց հիմնախնդրի համատեքստում հայերի ու ադրբեջանցիների հետագա ճակատագրի հանդեպ դրսևորած ասիմետրիկ վերաբերմունքը, թեև «Մադրիդյան սկզբունքները» ճանաչում են բոլոր փախստականների ու ներքին տեղաշարժի ենթարկված անձանց իրենց նախկին բնակարանները վերադառնալու իրավունքը, այդուհանդերձ, հակամարտության գոտում ապրած ադրբեջանցիների մասով նախատեսված է այդ վերադարձն ապահովելու համար անհրաժեշտ մեխանիզմը, իսկ 1988թ. փետրվարի 26-ից հետո Ադրբեջանից վտարված ավելի քան կես միլիոն հայերի ու 1988թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հայաստանից վտարված հազարավոր ադրբեջանցիների խնդիրը բաց է մնում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/MelikyanArman/posts/1026897177321194?ref=notif¬if_t=notify_me_page
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել