Ողջո՜ւյն միջին աշխատավարձ ստացող ու «խոպանից» ուղարկված գումարներով «յոլա» գնացող ՀՀ քաղաքացի: Չնայած մեր երկրում տնտեսական վայրիվերումներին ու ֆինանսական խնդիրներին` ունեմ մի հետաքրքիր զբաղմունք, այն կոչվում է բոնիստիկա կամ նումիզմատիկա, այսպիսի հոբբիով «տառապում» են շատ-շատերը: Իրականում սա տարբեր երկրների թղթադրամներ կամ մետաղադրամներ հավաքելու սովորությունն է:
Այսպիսով, որոշել եմ իմ նախասիրություններով երբեմն կիսվել նաև մեր ընթերցողների հետ:
Այս անգամ կանդրադառնամ աշխարհի ամենաթանկ արժույթներին ՀՀ դրամի համեմատությամբ: Ցավոք, այս տասնյակի ոչ բոլոր թղթադրամներն ունեմ իմ հավաքածուում, դեռևս ;)
ՀԳ. Արտարժութային հաշվարկներում հնարավոր են մի քանի լումայի շեղումներ, ներեցե՛ք անշնորհք «տնտեսագետիս» ;)
10. GEL
Մեր հարևան վրացիներն իրենց «ցխելի սիմիդիով» ու ազգային արժույթով հանգրվանել են այս հորիզոնականում:
1 վրացական լարի = 244,43 ՀՀ դրամ
9. USD
Թեկուզ և նրանց երբեմն հիմար են անվանում, բայց, միևնույն է, նրանց ազգային արժույթն ամենահայտնին է աշխարհում:
1 ԱՄՆ դոլար = 407.71 ՀՀ դրամ
8. AZN
Թեկուզև նրանք կորցրել են իրենց արժանապատվությունը, տանուլ են տվել պատերազմում, սակայն նավթային պաշարներն օգնում են պահպանել «ազգային» արժույթի դիրքերը:
1 ադրբեջանական մանաթ = 519,51 ՀՀ դրամ
7. JOD
Այս աստվածաշնչյան երկիրն ամենաթեժ տուրիստական ուղղություններից է, որը ձգում է նաև մեր հայրենակիցներին: Իսկ իր դրամական միավորը տեղակայվել է մեր 7-րդ հրիզոնականում:
1 հորդանանյան դինար = 575,051 ՀՀ դրամ
6. EUR
Հին աշխարհամասը միավորվել է մեկ կառույցի մեջ, սակայն ամեն ինչ այնքան էլ հարթ չէ այնտեղ, ինչպես թվում է: Բայց Եվրոպան կարող է պարծենալ իր ընդհանուր ձեռքբերումով... Երևի միակը, որն անփոփոխ է ու չի զիջում իր դիրքերը:
1 եվրո = 520,32 ՀՀ դրամ
5. GBP
Մինչ նրանք թեյ են խմում, խոսում եղանակի մասին ու կազմակերպում շքեղ թագավորական հարսանիքներ, իրենց ազգային արժույթը հարմարավետ տեղավորվում է մեր 5-րդ հորիզոնականում:
1 բրիտանական ֆունտ-ստերլինգ = 646,6 ՀՀ դրամ
4. LVL
Մերոնք Յուրմալայում բեմեր են գրավում, իսկ լատվիական լատը իր դիրքերն է ամրապնդում մեր «օլիգարխիկ» հիթ-շքերթում:
1 լատվիական լատ = 747,57 ՀՀ դրամ
3. OMR
Այս արաբական երկրում ապրում է գրեթե այնքան մարդ, որքան Հայաստանում, սակայն կենսապայմաններն այստեղ անհամեմատելի են, դե, հասկանում եք, գազ, նավթ... ու բնականաբար կայուն և բարձր ազգային արժույթ:
1 օմանական ռիալ = 1059,88 ՀՀ դրամ
2. BHD
Այս կղզի-դքսության տնտեսության հիմնական ճյուղը հնուց ի վեր մարգարտի արտահանումն էր, ինչն էլ, հետագայում խառնվելով սև ոսկուն, այս կղզին դարձրեց իսկական դրախտ բնակիչների համար:
1 բահրենյան դինար = 1081,75 ՀՀ դրամ
1. KWD
Նոյեմբերի 10-ին քուվեյթցիներն էնպես նշեցին իրենց սահմանադրության օրը, որ այն ոչ միայն լուսաբանվեց աշխարհի բոլոր ԶԼՄ-ների կողմից, այլև հայտնվեց Գինեսի ռեկորդների գրքում` որպես ամենալայնածավալն աշխարհում: Միգուցե արժեր նաև ազգային արժո՞ւյթը գրանցել` որպես ամենաթանկն աշխարհում:
1 Քուվեյթի դինար = 1443,445 ՀՀ դրամ
ՀՀԳ. Մինչ կսկսեք անիծել մեր սև օրն ու պատմաաշխարհաքաղաքական երկարաշունչ պատճառահետևանքային կապեր փնտրել, շտապեմ տեղեկացնել, որ պատրաստում եմ նյութ, որտեղ ներառված են աշխարհի ամենաէժան արժույթները ՀՀ դրամի համեմատությամբ: