Ռոբերտ Ամիրխանյանը ծնվել է 1939թ. նոյեմբերի 16-ին Երևանում: Ռոբերտ Ամիրխանյանը հայ երաժշտական մշակույթի ամենասիրված ու հեղինակավոր անուններից է: Բացառիկ երեւույթ հայ կոմպոզիտորական արվեստում` որպես մեծատաղանդ երգահան, քնարական երգի անմրցելի վարպետ ու նորարար: Ռ. Ամիրխանյանի բազմաբովանդակ գործունեությունը գնահատվել է նաեւ ՀՀ «Մերոպ Մաշտոց» շքանշանի շնորհմամբ, ինչպես նաեւ` պետական ու հասարակական վստահության այլ նշանակալից դրսեւորումներով:
Ռ. Ամիրխանյանը Հայաստանի կոմպոզիտորների ու երաժշտագետների միության նախագահն է, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, երաժշտության տեսության ամբիոնի վարիչ: Եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ներկայումս Հանրային խորհրդի անդամ է:
Ռ. Ամիրխանյանը իր շուրջ 100 երգերով բարձրացրեց հայ քնարական երգը ժամանակակից պոեզիայի գեղարվեստական ներգործության մակարդակին, ընդլայնեց երգի բովանդակային խորքը եւ այն դրեց դասական կամերային երաժշտության մյուս ժանրերի կողքին: Բանաստեղծական ձիրքով ու նուրբ զգացողությամբ օժտված կոմպոզիտորը, կարեւորելով բառի երգեցողությունը, ընտրում էր բարձր բանաստեղծական տողեր հայ եւ ռուս բանաստեղծների արվեստում: Շատ բանաստեղծական տողեր նոր կյանք առան Ռ. Ամիրխանյանի երգերում: «Աշնան մեղեդի», «Կարոտ», «Քեզ հետ, իմ սեր», «Դու՝ ինչպես մի աստղ», «Կապույտ թռչուն», «Ժպտա», «Արեւոտ անձրեւ», «Տաղ անանձնական», «Կարմիր ծաղիկ մը գարունքի» եւ բազմաթիվ այլ երգեր բացում են քնարական ու դրամատիկ հույզերի մի խորունկ աշխարհ:
Հայրենի երկրի ու ժողովրդի նկատմամբ իր նվիրական զգացմունքները կոմպոզիտորն արտահայտեց «Երկիր հայրենի», «Հայի աչեր» եւ այլ երգերում, որոնք ջերմացնում են հայի սիրտը աշխարհի տարբեր ծայրերում:
Առանձնահատուկ քնքշանքով ու չարաճճի խաղացկոտությամբ հյուսեց մանկական երգերը, որոնք մեծ հաճույք են պատճառում ե՛ւ փոքրերին, ե՛ւ մեծերին («Նոր տարվա հանդես», «Օրորոցային», «Դինգ-դոնգ», «Պույ-պույ մուկիկը» եւ այլն):
Այսօր 73 տարեկան Ռոբերտ Ամիրխանյանը էլի «ջահել է ու սիրուն» (ինչպես երգում):
Եվ այդ ջահելության գաղտնիքը նրա մեջ ապրող պատանեկան ոգին է, դեռեւս բաց` կյանքի անակնկալների առջեւ, արտաքուստ ակտիվ ու հնարամիտ, ներքուստ` երազկոտ ու ռոմանտիկ, նաեւ` չարաճճի ու կատակախոս, տարիքի՝ երբեմն զգացնել տվող նեղություններով հանդերձ:
Ուրեմն մաղթենք հոբելյար-կոմպոզիտորին Ժպիտ, Սեր, Հույս, Հավատ եւ Առողջություն:
Աղբյուրը` azg.am