Մի խումբ գլխավոր խմբագիրներ հանդես են եկել հայտարարությամբ` փորձելով տպավորություն ստեղծել, որ Հայաստանում ազատ մամուլի նկատմամբ ճնշումներ կան: Սա անհեթեթ և ոչ օբյեկտիվ հայտարարություն է, որով այս մարդիկ ուղղակի փորձել են կարևորել սեփական դերն ու նշանակությունը մեր հասարակության ներսում և սեփական բիզնես պրոյեկտների տեսանկյունից գնահատականներ են հնչեցրել: Վերջին տարիներին Հայաստանում խոսքի ազատության մակարդակն անհամեմատ բարձրացել է. յուրաքանչյուրը ներկայացնում է իր տեսակետները, շատ հաճախ նաև վիրավորում դիմացինին ու մնում անպատիժ: Ավելին, նույնիսկ ապաքրեականացվել է անձնական վիրավորանք հասցնելը:
Այո՛, եթե վիրավորում և սուտ տեղեկատվություն ես տպագրում քո թերթում, ապա պետք է պատրաստ լինես պարտվել դատարանում և ֆինանսական փոխհատուցում հասցնել: Ի՞նչ կապ ունի այստեղ ազատ մամուլն ու խոսքի ազատությունը:
Եթե հայտնվել ես ցուցարարների ու ոստիկանների արանքում ու ոչ թե հավասարապես լուսաբանում ես երկու կողմերի գործողությունները, այլ սադրում ես ոստիկաններին ու պաշտպանում ցուցարաների շահերը, ի՞նչ լրագրության մասին է խոսքը, և ինչպե՞ս կարելի է նման մարդուն համարել լրագրող:
Լրագրողը պետք է լուսաբանի, այլ ոչ թե կանգնի պայքարող կողմերից որևէ մեկի ճամբարում:
Հայաստանում կա խոսքի ազատություն, Հայաստանում ճնշումներ չկան խոսքի ազատության նկատմամբ, և սա գործող նախագահի մեծագույն ձեռքբերումներից մեկն է: Ցավում եմ, որ լրագրության ասպարեզում հայտնվել են մարդիկ, ովքեր իրենց գործունեությամբ վնասում և վարկաբեկում են լրագրությունը, ոչնչացնում հասարակության և իշխանության միջև կամուրջի դեր կատարող լրագրության փիլիսոփայությունը: Առաջին հերթին հենց նման լրագրողներն են հարվածում ազատ մամուլի և խոսքի ազատության գաղափարին:
Ի դեպ, ազատ մամուլը չէր կարող չնկատել, որ Հայաստանի ոստիկանությունը շատ ավելի ադեկվատ և հանդուրժող է, մարդասեր և հասկացող, քան աշխարհի շատ ու շատ զարգացած և ժողովրդավարական պետությունների ոստիկանություններ: